Գևորգ Պապոյանը գործուղվում է Թուրքիա
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը փետրվարի 22-24-ը կգործուղվի Թուրքիա` մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի հատուկ նիստին։ Այս մասին այսօր կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Կարգադրությունը հրապարակված է խորհրդարանի կայքէջում։
«Ղեկավարվելով «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ ՍԾՏՀ ԽՎ մշտական կոմիտեի հատուկ նիստին և Կանոնակարգի հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու համար 2024 թ. փետրվարի 22-24–ը Ստամբուլ գործուղել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանին»,– նշված է Սիմոնյանի կարգադրության մեջ:
Նշվում է, որ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը և օրապահիկը պետք է կատարել ՀՀ 2024 թ. պետական բյուջեով ԱԺ–ին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հիմք ընդունելով ՀՀ ԱԺ նախագահի 2018 թ. մայիսի 1–ի «ՀՀ ԱԺ պատգամավորների և ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման և գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ–127–Ա կարգադրության պահանջները:
Կարգադրության մեջ ասվում է, որ նաև պետք է ի գիտություն ընդունել, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը: