
Վուչիչը մտադիր է պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու դիրքորոշումը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մտադիր է պահպանել հակառուսական պատժամիջոցներից հրաժարվելու իր քաղաքականությունը` չնայած Արևմուտքի ճնշմանը։
Այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում։
«Երբ Ուկրաինայում հակամարտությունը սկսվեց, ես ասացի, որ չգիտեմ` ինչպես կզարգանան իրադարձությունները։ Այդ ժամանակ մենք պետական մակարդակով որոշում ընդունեցինք դատապարտել հակամարտությունը, ինչպես մյուսները, սակայն ասացինք, որ մեր դիրքորոշումն է պատժամիջոցներ չսահմանել»,-ասել է Վուչիչը` անարդար համարելով ռուս ժողովրդի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը։
Վուչիչը հավելել է, որ Սերբիան Եվրոպայում միակ երկիրն է, որը ոչ մի պատժամիջոց չի սահմանել Ռուսաստանի դեմ։
Նրա խոսքով` միջազգային մակարդակի ցանկացած միջոցառման ժամանակ, որտեղ ինքը ներկա է, գլխավոր թեման ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն են։
«Մենք կփորձենք հնարավորինս երկար պաշտպանել մեր դիրքորոշումը։ Դա մեզ արդեն երկու տարի է` հաջողվում է։ Արդյոք կշարունակենք այդպես վարվել, չգիտեմ, բայց հույս ունեմ»,-նշել է Սերբիայի նախագահը։
Հակամարտությունը սկսվելուց հետո Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, և Ռուսաստանն ու Ուկրաինան համարում է եղբայրական պետություններ։