Կառավարությունը մտադիր է կատարողական ծախսերի նոր համակարգ ներդնել

Կառավարությունը մտադիր է կատարողական ծախսերի նոր համակարգ ներդնել։ Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագիծը և կից օրենքներում ու օրենսգրքերում փոփոխությունների նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն՝ ընդգծելով, որ նախագծերի փաթեթի նպատակն է սահմանել միասնական իրավաբանական հասկացություններ, ներդնել կատարողական վարույթի մասնակիցների և շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետ ու համապարփակ գործիքակազմ, ինչպես նաև ամրագրել հարկադիր կատարման համակարգի համար անհրաժեշտ իրավական հիմքեր:

«Շարունակելով կառավարության որդեգրած` քաղաքացիների բեռը թոթափելու քաղաքականություն, փաթեթով ներդնում ենք կատարողական ծախսերի հաշվարկման նոր համակարգ: Օրինակ` ներկայումս դրամական պարտավորություններով մշտապես հաշվարկվում է 5 տոկոս կատարողական ծախս` անկախ փաստացի կատարված գործողություններից: Նախաձեռնությամբ, եթե վարույթը հարուցելուց հետո երկու շաբաթվա ընթացքում քաղաքացին կամովին վճարի և կատարի պարտավորությունը, ապա կգանձվի ընդամենը 2 տոկոսի չափով կատարողական վճար»,-ընդգծեց Բալյանը։

Փոխնախարարի խոսքով՝ ներդրվում է նոր մեխանիզմ, ըստ որի երկու կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են տարաժամկետել, հետաձգել պարտավորության կատարումը, փոխել կատարման կարգը կամ եղանակը: Նախկինում դա հնարավոր է եղել միայն դատարանի առանձին որոշմամբ, ինչը քաղաքացուց պահանջում էր լրացուցիչ ծախս ու ժամանակ:

«Այսուհետ վարույթ ունեցող քաղաքացին որոշ դեպքերում կկարողանա կառավարել արգելադրված գույքը, հանձնել վարձակալության կամ աճուրդից դուրս ինքնուրույն վաճառել` վարձավճարը և վաճառքի գինը վճարելով հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեպոզիտային հաշվին»,-ասաց Բալյանը:

Նախագծերի փաթեթով ամբողջությամբ ներդրվում է նորարական և հավակնոտ գաղափար` հրաժարվելով կատարողական թերթի հնացած ինստիտուտից` դրանով քաղաքացուն և դատարանին ազատելով բովանդակային բեռ չունեցող կատարողական թերթի տրամադրման փուլից:

Դատական ակտերի կատարման հետաձգման, տարաժամկետման, կատարման կարգ կամ եղանակ սահմանելու, դրանք փոխարինելու, ընդհանուր գույքում պարտապանի բաժնեմասի վրա իրավաբանական անձի կանոնադրական բաժնեհավաք կապիտալում պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու գործընթացները դատարանից տեղափոխվում են դեպի կատարողական վարույթ: Ըստ զեկուցողի` արդյունքում էականորեն կնվազի դատարանների ծանրաբեռնվածությունը:

Կառավարության հեղինակած նախաձեռնությամբ ներդրվում է նաև կատարողական վարույթի շրջանակում ֆիզիկական և իրավաբանական անձանց էլեկտրոնային ծանուցման համակարգ, որով կատարողական վարույթների անձնական գրասենյակում գրանցված քաղաքացիներն՝ իրենց համաձայնությամբ, վարույթի մասին կծանուցվեն գրասենյակի և դրան կից էլեկտրոնային փոստի միջոցով:

«Նոր գործարկված էլեկտրոնային համակարգի հետ մեկտեղ նախաձեռնության կարգավորումները կապահովեն կատարողական վարույթի ամբողջական թվայնացումը»,-նշեց Բալյանը:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով արգելադրված և ապօրինի ծագում ունեցող գույքի կառավարմանը, ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրմանը, ԴԱՀԿ-ի կազմակերպած աճուրդների թափանցիկությանը, կատարողական վարույթի հետևանքով անձի բանկային հաշիվների վրա դրված արգելանքին: Փոխնախարարը նշեց, որ արգելանք կիրառելու չափի վերաբերյալ որոշումը կայացվում է տվյալ պարտավորությունը կատարելու նաև կատարողական ծախսերի գումարի չափով:

«Այս տարի գործարկել ենք նոր էլեկտրոնային ծրագիր, որը լուծում է այդ հարցը: Կարծում ենք` այսուհետ նման դժգոհություններ չեն լինի»,-ավելացրեց փոխնախարարը։

Նախաձեռնությունը քննարկվեց պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, ստացավ դրական եզրակացություն:

Տեսանյութեր

Լրահոս