Նիկոլը նպաստում է, որ Ադրբեջանում գահը ժառանգի Ալիևի որդին. «ժառանգ» օպերացիայի համար նրանց պետք է ևս մեկ պատերազմ ու հաղթանակ, այս անգամ՝ Հայաստանի հանդեպ. Կարեն Վրթանեսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ռազմական վերլուծաբան Կարեն Վրթանեսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- ՀՀ ՊՆ կոչվող կառույցը թշնամուն տվեց շատ լեգիտիմ հիմք՝ հետագա գործողությունների համար: Սա չտեսնված բան է, որ առանց հետաքննության հայկական կողմը ցուցադրաբար ընդունի իր մեղքը: Շատ զզվելի ու ստոր էր այն, ինչ արեց ՊՆ-ն հետո, երբ իրենց մերձ շրջանակների միջոցով սկսեցին վարկաբեկել մեր զինծառայողներին: Ըստ էության Պաշտպանության նախարարությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը վարկաբեկում են մեր զինված ուժերը թե՛ ներսում, թե՛ դրսում: Ինձ համար սա պասերով խաղ է Բաքվի հետ:
- Նիկոլ Փաշինյանի թիմը կրիզիսների վերահսկման հարցում շատ ուժեղ է: Վստահ եմ՝ դրսից շատ ուժեղ խորհրդատուներ ունեն, ու շատ արագ գործում են:
- Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացը սկսեց քանդել 2018թ. մայիսի 9-ից, երբ գնաց Արցախ ու հայտարարեց, որ ցանկանում է փոխել բանակցային գործընթացի ֆորմատը՝ ասելով, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ: Մի տարի դա տևեց. 2019թ. մարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ կոշտ ձևով մատ թափ տվեցին Փաշինյանի վրա: Առաջին անգամ էր, որ համանախագահները կոշտ արձագանքեցին՝ բանակցությունների ֆորմատը համանախագահության հետ չհամաձայնեցնելու համար:
- Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ստեղծած ու ընդհանրապես հայկական բանակին հաղթել է ոչ թե Իլհամ Ալիևը, այլ Նիկոլ Փաշինյանը: Այդ թվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ստեղծած բանակին: Հաղթել է կադրային ջարդերով, անիմաստ, հախուռն գնումներով: ԱՄՆ, Իսրայելի բանակներն էլ եթե տային Փաշինյանին, գուցե ոչ 1.5 տարում, այլ 5 տարում, բայց էլի կավերեր: Հիշենք, որ 44-օրյա պատերազմին եկել ենք արդեն երրորդ Գլխավոր շտաբի պետով… Ընդամենը 2.5 տարում: ԱԱԾ տնօրենն արդեն 5 թե 6-րդ ղեկավարն էր: Էն պահին, երբ թշնամին հարձակվեց Արցախի վրա, պաշտպանական շրջանների հրամանատարները նոր մարդիկ էին: Ջալալ Հարությունյանն ընդհանրապես պատրաստ չէր այն պաշտոնին, որին նշանակվել էր: Սա ստանդարտ տեխնոլոգիա է, որին դիմում են դիկտատորները՝ համակարգերը քանդելու համար:
- Երբ որևէ հեղափոխության արդյունքում ինչ-որ մի բռնապետ գալիս է իշխանության, սովորաբար որոշ ժամանակ հետո սկսում է իր հետ եկած՝ հին հեղափոխականներից ազատվել: Ազատվում են նրանցից, ովքեր տիրապետում են ինֆորմացիայի, շատ բաներ են հիշում:
- Այն պահից, երբ Ալեն Սիմոնյանը հրապարակային ատամներ ցույց տվեց, նա ստորագրեց իր դատավճիռը: Ճաքերը ՔՊ-ի ներսում շատ բնական երևույթ են: Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, ՔՊ-ի մի մասին պատվավոր թոշակի կուղարկեն, մյուս մասը կդատվի: Նիկոլը բոլորից վտանգ է զգում, և վաղ թե ուշ բոլորին խաղից հանելու է՝ փոխարինելով ավելի թույլ կերպարներով: Ինքը չի հանդուրժելու ոչ թե ռեալ մրցակցություն, այլ նույնիսկ մրցակցության հեռանկար՝ շատ լավ հասկանալով, որ ինքն այնքան հանցագործություններ է գործել, որ ցանկացած իշխանափոխություն իր համար խնդիրներ է ստեղծելու:
- Նիկոլին հարած «քաղհասարակության» դեպքում նրանք այնքան սերտորեն են ինտեգրվել նիկոլական ռեժիմին, որ աբսուրդ է նրանց քաղհասարակություն ասելը։ Հիշո՞ւմ եք՝ նրանք ինչեր էին խոսում, ինչ հեքիաթներ էին պատմում սոցիալական արդարության, իրավական պետության մասին… Կառուցեցին դիկտատուրա, հիմա էլ ամրապնդում են այն։
- Նիկոլ Փաշինյանի հենասյուներից մեկի անունն Իլհամ Ալիև է։ Նա անընդհատ վախ է գեներացնում, Նիկոլ Փաշինյանն էլ ամեն ինչ անում է, որ ժողովուրդն այդ վախի պատճառին դիմադրելու հնարավորություն չունենա։ Ալիևի գեներացրած վախը Փաշինյանը վերավաճառում է ու անընդհատ մարդկանց հնազանդության մեջ է պահում այդ վախով։ Ցանկացած դիկտատուրա հիմնված է վախի վրա և նաև՝ ապագայից վախի։
- Փաշինյանի իշխանության հենասյունն Ալիևն է: Հակառակն էլ կա։ Նիկոլ Փաշինյանն էլ Ալիևի հենասյունն է Ադրբեջանում։ Այնտեղ արդեն սկսել են «ժառանգ» օպերացիան, և նրանց պետք է ևս մեկ պատերազմ ու հաղթանակ արդեն Հայաստանի հանդեպ, և Նիկոլն ամեն ձև նպաստում է դրան, որ Ադրբեջանում գահը ժառանգի Ալիևի որդին։
- Եթե մենք սպասենք աշխարհաքաղաքական կոնսենսուսի, մեր զրույցը կշարունակվի արդեն աքսորում, երկիր չի լինի։ Հայերն արդեն այս տարածաշրջանում չեն լինի և Փարիզի, Բրյուսելի սրճարաններից կքննարկեն այս հարցերը։ Մարդկանց մոբիլիզացնելու տեխնոլոգիաներ ևս կան, և ընդդիմությունը, տարբեր քաղաքացիական խմբեր դրանք նախ և առաջ պետք է սովորեն։ Պետո է վերջապես իրար հետ, ընդդիմության տարբեր ճամբարների միջև սկսել բաց քննարկում։ Ու դա պետք է անկեղծ արվի։ Ես անկեղծորեն տարբեր քննարկումների ժամանակ կուսակցական շահերի գերակայություն տեսնում եմ։
- Արցախում ամեն ինչ արվեց, որ միավորում չլինի, հիմա նույնն արվում է այստեղ։
- «Ո՞վ բերեց Նիկոլին» ահավոր պառակտիչ խոսակցությունը հստակ, հատուկ նպատակով դաշտ բերված նարատիվ է։ Դա հենց այնպես չի արվում։ Հատուկ է արվում:
- Էս իրավիճակում, երբ մենք գործ ունենք բռնապետի հետ, ընդդիմության պայքարում մեկ առաջնորդ ունենալու դեպքում նրան կարող են ինչ-որ պատրվակով փակել ամիսներով ու այդպես մարել շարժումը, կարող են վարկաբեկել, կարող են սպանել… Նույն Ադրբեջանը, եթե տեսնի՝ մի մարդու պատճառով իր խաղը վերանում է, ամեն ինչ կանի այդ մարդուն վերացնելու համար։ Պետք է լինի խմբային առաջնորդություն։
- Դաշինք է պետք, ու դա պետք է լինի և՛ քաղաքական, և՛ քաղաքացիական ուժերի միջև։ Շատ ժամանակ չունենք։
- Ի՞նչ անել… Քաղաքացիներին խորհուրդ կտամ, նախ և առաջ, հետաքրքրվել քաղաքականությամբ։ Եվ այս հորդորս առաջին հերթին կուղղեի բիզնես ու մտավորական շրջանակներին։ Նույն բիզնես ոլորտի մարդիկ արդյո՞ք չեն հասկանում, որ իրենց բիզնես շահերը պաշտպանելու համար, ուզեն-չուզեն, պետք է զբաղվեն քաղաքականությամբ։