Լիարժեք չմերժելով Արևմուտքին՝ Ադրբեջանը շարունակելու է խուսափել Արևմուտքում բանակցելուց․ ինչ արդյունքների հասան Փաշինյանն ու Ալիևը Մյունխենում

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ավելի քան կես տարվա դադարից հետո տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Շաբաթվա սկզբի սահմանային լարվածությանը հաջորդած եռակողմ բանակցությունները տևեցին մոտավորապես 45 րոպե։

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ:

Տեղի հայ համայնքի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մյունխենյան եռակողմ հանդիպման հիմնական արձանագրումն այն է, որ կողմերը հավատարիմ են մնում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Նա տեղեկացրեց, որ առաջիկայում կկայանա երկու երկրների արտգործնախարարների հանդիպում, ինչպես նաև սահմանազատման հարցերի հանձնաժողովների նիստ կլինի։ «Արտգործնախարարների հանդիպումը վերաբերելու է խաղաղության պայմանագրի տեքստի հետագա քննարկմանը և համաձայնեցմանը»,- նշեց Փաշինյանը։ Վերջինս նաև ընդգծեց, որ եթե ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվեն, դա կօգնի սահմանային լարվածության նվազեցմանը։ «Մենք մեր կողմից հաստատակամ ենք այդ պայմանավորվածություններին հավատարիմ մնալու»,- հավաստիացրեց նա։ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին հայտնել էր նաև Ալիևը, որը բանակցությունները բնորոշել էր կառուցողական և օգտակար։

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հյուրընկալած Գերմանիայի կանցլեր Շոլցը, իր հերթին, X-ում գրել է, որ կողմերը պայմանավորվել են հարցերը լուծել առանց նոր բռնությունների:

Կարդացեք նաև

«Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Ես դա հաստատել եմ երկու երկրների հետ քննարկումներում»,- նշել է Շոլցը:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ադրբեջանական մի շարք աղբյուրներ հայտնեցին, որ եռակողմ բանակցությունների ավարտին Շոլցը Փաշինյանին ու Ալիևին միայնակ է թողել բանակցությունների համար։ Նույն աղբյուրների համաձայն, այդ հանդիպումը տևել է մոտ տասը րոպե։ Սակայն հայկական պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներում այս մասին որևէ տեղեկատվություն, լուսանկար կամ այլ մանրամասն չկա։

168am-ի հետ զրույցում անդրադառնալով բանակցություններին, վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ Մյունխենի կոնֆերանսն Արևմուտքի համար լավ հնարավորություն էր վերականգնել կորցրած բանակցային միջնորդությունը՝ դրական տրամադրելով՝ ինչպես Հայաստանին, այնպես էլ՝ Ադրբեջանին, որը վերջին շրջանում խուսափում է արևմտյան հարթակներից։

Ըստ նրա, պատահական չէր, որ Գերմանիայի կանցլերը միայնակ էր՝ որպես կազմակերպիչ, արևմտյան ղեկավարներից և դիվանագետներից որևէ այլ մասնակից չկար։

«Նախ Շոլցը հանդիպումը կազմակերպել էր Մյունխենի կոնֆերանսը հյուրընկալող երկրի ղեկավարի իրավունքով՝ փորձելով նպաստել բանակցությունների բրյուսելյան հարթակի աշխատանքների վերսկսմանը։ Սա, կարծում եմ, հատկապես կարևոր էր սահմանային վերջին միջադեպերից հետո։

Ըստ իս, այս հանդիպմանն այդ հարցը քննարկվել է, և եղել է դրանք բացառելու հանձնառություն։ Չեմ կարծում նաև, որ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ տարաձայնությունները հասցրել են քննարկել, սակայն կարևոր է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի նախարարները հանդիպեն։ Առանց սահմանային միջադեպերի բացառման հնարավոր չէ խաղաղություն ապահովող համաձայնագիր բանակցել։ Նման հանդիպումներ բազմիցս ենք տեսել, հանդիպման մասին հնարավոր կլինի դատել, երբ կողմերը համաձայնագիրը քննարկեն և լուծեն տարաձայնությունները Բրյուսելի միջնորդությամբ։

Կարծում եմ՝ Բրյուսելն այս փուլում գոնե փոխընդունելի տարբերակ է Հայաստանի ու Ադրբեջանի համար»,- ասաց Գոգոլաշվիլին։

Նա արձանագրեց, որ ընտրություններից հետո Ալիևն արեց իր առաջին պաշտոնական այցը Թուրքիա, նախանշվում են արտաքին քաղաքական նոր շեշտադրումներ, ուղղություններ։

«Ցավոք՝ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացում այս ամենում չի նշմարվում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ բրյուսելյան հարթակի ապագա կենսունակ «աշխատանքը» չափազանց փխրուն է լինելու, քանի որ Արևմուտք-ՀՀ հարաբերություններում նկատվող սերտացման պայմաններում Ադրբեջանը չի ցանկանում Արևմուտքի հետ համագործակցել։

Ինչպես նկատեցինք, ձեռք բերված պայմանավորվածությունը, կարծես, հանդիպում էր առանց միջնորդների։ Այս դեպքում Արևմուտքի համար մարտահրավերային իրավիճակ է, քանի որ Հայաստանն ակնկալում է աջակցություն, իսկ այդ աջակցությունն Ադրբեջանին վանում է արևմտյան հարթակներից։ Այս դեպքում Արևմուտքը պետք է կարողանա գտնել հավասարակշռված դիրքորոշում, որն էլ գուցե այս դեպքում չբավարարի Երևանին»,- նկատեց վերլուծաբանը։

Նրա խոսքով, լիարժեքորեն և ուղիղ չմերժելով Արևմուտքին, Ադրբեջանը գուցե խուսափի արևմտյան հարթակներից։

«Դրան է նպաստում նաև Ռուսաստանի դիրքորոշումը և այս ուղղությամբ ՌԴ շահագրգռությունը, քանի որ ՌԴ-ում էլ չեն ցանկանում, որ բանակցությունները տեղի ունենան Արևմուտքում, և այս հարցում հույսեր են կապում կողմերի և առավելապես Ադրբեջանի հետ»,- նկատեց նա։

Հիշեցնենք, որ մինչ Մյունխենից հետո Ալիևն իր առաջին պաշտոնական այցն է կատարում դեպի Թուրքիա, ադրբեջանական բանակում տանկերի և մարտական մեքենաների անձնակազմի պատրաստման վարժանքներ են անցկացվում։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության ՝ վարժանքների ընթացքում զինվորականները «հաղթահարելով բնական և արհեստական խոչընդոտները, կատարել են տարբեր նպատակներով տանկերի և մարտական մեքենաների կառավարման առաջադրանքները»։

Տեսանյութեր

Լրահոս