Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի երկրների անվտանգությունը չպետք է կախված լինի նրանց ռազմական ծախսերի մակարդակից. Ստոլտենբերգ

Հավաքական պաշտպանության սկզբունքն, ըստ Յենս Ստոլտենբերգի, պետք է տարածվի ՆԱՏՕ-ի բոլոր երկրների վրա, այլ ոչ թե միայն նրանց վրա, ովքեր իրենց ռազմական ծախսերը հասցրել են ՀՆԱ-ի 2 %-ին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այս մասին ասել է Բրյուսելում Դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ։

Նա այդպես է մեկնաբանել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, թե Վաշինգտոնը չպետք է պաշտպանի դաշնակիցներին, «որոնք չեն կատարել իրենց վճարումները»։

«Մեկը բոլորի և բոլորը մեկի համար սկզբունքը պետք է տարածվի ՆԱՏՕ-ի բոլոր երկրների վրա: Այլապես դա կխաթարի մեր բոլորի անվտանգությունը, վտանգի կենթարկի մեր զինվորներին առաջնագծում: Հետևաբար, հավաքական պաշտպանությունը տարածվում է ամբողջ դաշինքի վրա. դա ՆԱՏՕ-ի հիմքն է», – ասել է Ստոլտենբերգը։

Ստոլտենբերգն, այնուամենայնիվ, ընդգծել է, որ եվրոպական երկրները պետք է ավելացնեն իրենց ներդրումները պաշտպանության բնագավառում։

Ինչ վերաբերում է հերթական անգամ Եվրամիությունում սկսվող քննարկմանն ԱՄՆ-ից ռազմական, իսկ հնարավոր է նաև միջուկային ինքնավարության մասին, Ստոլտենբերգը պաշտպանել է եվրոպական երկրների մտադրությունը՝ ավելի շատ գումար ծախսել պաշտպանության համար, բայց ոչ ի վնաս ՆԱՏՕ-ի։

«Դա չպետք է լինի ՆԱՏՕ-ին այլընտրանք։ Եվրոպական երկրների ռազմական ծախսերի ավելացումը պետք է ուժեղացնի ՆԱՏՕ-ն: Մենք չպետք է գնանք Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան ​​բաժանելու ճանապարհով, մենք պետք է նրանց ուժեղացնենք միասին ՆԱՏՕ-ի ներսում», – ասել է Ստոլտենբերգը:

Դաշինքի ղեկավարը նաև հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի 80 %-ը բաժին է ընկնում Եվրամիության կազմի մեջ չմտնող երկրներին։

Ստոլտենբերգը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն «ունի միջուկային զսպման հիմնական հնարավորությունները», ինչը, նրա կարծիքով, «գործում է» տասնամյակներ շարունակ, և, հետևաբար, բոլորը պետք է ապահովեն, որ ՆԱՏՕ-ի միջուկային հնարավորությունները մնան «արդյունավետ և անվտանգ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս