Լատվիայում ուժի մեջ են մտել ՌԴ-ից ավտոմեքենաների բռնագրավման վերաբերյալ փոփոխությունները
Լատվիայում փետրվարի 15-ին ուժի մեջ են մտել «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքում կատարված ուղղումները, որոնք թույլ են տալիս բռնագրավել ռուսական համարանիշներով ավտոմեքենաները։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին համապատասխան՝ ավտոմեքենաները, որոնք գրանցված են Ռուսաստանում, կարող են մասնակցել Լատվիայի փողոցային երթևեկությանը, միայն եթե դրանք երթևեկում են տարանցիկ և միայն մեկ անգամ։ Ենթադրվում է, որ Լատվիայում ռուսական համարանիշներով մեքենաների սեփականատերերը մինչև փետրվարի 14-ը պետք է գրանցեին իրենց փոխադրամիջոցը տեղական հասցեում կամ այն դուրս տանեին երկրի տարածքից։
Ինչպես հիշեցնում է Delphi առցանց հրատարակությունը, Լատվիա մուտք գործելուց առաջ սեփականատերերը պետք է էլեկտրոնային եղանակով երկրի իշխանություններին տեղեկություն տրամադրեն փոխադրամիջոցի, նրա վարորդի, ինչպես նաև այն ժամանակաշրջանի մասին, որի ընթացքում մեքենան մասնակցելու է Լատվիայի ճանապարհային երթևեկությանը։ Այս ժամանակաշրջանը չպետք է գերազանցի 24 ժամը:
«Այն դեպքում, եթե փոխադրամիջոցը գրանցված չէ Լատվիայում կամ դուրս չի գալիս Լատվիայի սահմաններից, ինչպես նաև հաստատված է դրա չարտոնված օգտագործումը ճանապարհային երթևեկության մեջ, իշխանություններն իրավունք ունեն բռնագրավել ավտոմեքենան, – պարզաբանում են լրագրողները: – Բացի այդ, ռուսական համարանիշներով ավտոմեքենայով անօրինական երթևեկության համար նախատեսվում է տուգանք` 750-ից մինչև 2000 եվրոյի չափով»:
Բացառություններ են արվելու այն ավտոմեքենաների սեփականատերերի համար, որոնք ունեն արտոնություններ և անձեռնմխելիություն՝ Լատվիայի համար պարտադիր միջազգային նորմերին համապատասխան, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ավտոմեքենաների համար։