«Երևանի կողմից Արևմուտքին հարավկովկասյան տարածաշրջան ներքաշելը կարող է հանգեցնել քաոսի և ապակայունացման». ՌԴ ԱԳ փոխնախարար
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը «Իզվեստիա»-ի հետ զրույցում շեշտել է, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշվի այն երկրների կողմից, որոնց համար այդ տարածաշրջանն ընդհանուր տուն է.
«Ոչ ԱՄՆ-ն, ոչ Ֆրանսիան, ոչ Եվրամիության պետությունները նման երկրների շարքին չեն դասվում։ Ըստ այդմ, մենք անարդյունավետ ենք համարում ոչ տարածաշրջանային ուժերի, «արևմտականների» ներգրավումը տարածաշրջան, ինչին, ցավոք, հակված է պաշտոնական Երևանը վերջին շրջանում»։
Նա հիշեցրել է, որ ոչ մի երկրում և տարածաշրջանում, որտեղ ԱՄՆ-ն, ԵՄ-ը կամ ՆԱՏՕ-ն միջամտել են, կայունություն և խաղաղություն չի եղել․ «Եղել են միայն պետականության կործանում, քաոս և ապակայունացում։ Օրինակները շատ են՝ Բալկաններ, Իրաք, Լիբիա, Սիրիա, պաղեստինյան տարածքներ, որոնք օկուպացվել են Իսրայելի կողմից»,- ասել է նա։
Ըստ Գալուզինի, Անդրկովկասում Արևմուտքի շահերը կապված են ոչ թե նրա հետ, որ օգնեն Հայաստանին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում և հասնեն կայուն խաղաղության, այլ որ այդ գործընթացից դուրս մղեն Ռուսաստանին և նրա սահմանների անմիջական հարևանությամբ ստեղծեն լարվածության ևս մեկ օջախ․
«Մենք, այնուամենայնիվ, ակնկալում ենք, որ որքան շուտ Երևանում հաղթահարեն իրենց կասկածները ՀԱՊԿ-ի նկատմամբ և վերադառնան այդ կազմակերպության օրակարգում դրված հարցերի շուրջ կառուցողական, արդյունավետ և բովանդակալից քննարկումների, այնքան լավ»,- ասել է նա: