Ընտանի կենդանիներն առաջիկայում պարտադիր կհաշվառվեն և կնույնականացվեն իրենց տերերի հետ
Ընտանի կենդանիների գլխաքանակը կանոնակարգելու և վերահսկելու նպատակով առաջիկայում կենդանիները պարտադիր կհաշվառվեն և կնույնականցվեն իրենց տիրերի հետ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանն՝ ընդգծելով, որ չնայած այս մասով այժմ Երևանի ավագանու որոշում կա, բայց լծակները մի փոքր թույլ են:
«Առաջիկայում նախատեսում ենք որոշման փոփոխություն, որից հետո ընտանի կենդանիները պարտադիր պետք է հաշվառվեն կենդանիների համար նախատեսված միկրոչիպերով կամ դաջվածքներով։ Դրանից հետո էլ արդեն կնույնականացնենք կենդանուն տիրոջ հետ: Արդյունքում, կենդանու նկատմամբ անպատասխանատու վերաբերմունք դրսևորելու դեպքում վարչական տույժի կենթարկվի»,- նշեց Առաքելյանը։
Նա ընդգծեց, որ կենդանիների հաշվառումը, չիպավուրումն ու նույնականացումը կարևոր ծրագիր է, որը մեծ թափով իրականացնելու են 2024 թվականին: Ըստ նրա՝ պետք է հիշել, որ թափառող կենդանիների մի զգալի մաս թափառող են դարձել հենց մարդկանց անպատասխանատու վերաբերմունքի պատճառով:
«Ըստ ընթացակարգի՝ քաղաքացիները կարող են մոտենալ իրենց վարչական շրջանների ղեկավար աշխատակազմի գրասենյակ և կենդանուն գրանցել հենց իրենց բնակության հասցում: Իսկ որպես տեր՝ գրանցվում է այն քաղաքացին, ով կենդանուն պահելու պատասխանատվություն է վերցնում, որպեսզի հետագայում, եթե այդ կենդանին հայտնվի մեզ մոտ, նույնականացնելուց հետո հասկանանք, թե ով է տերը, և արդեն պատասխանատվության ենթարկենք»,- ասաց ՀՈԱԿ-ի տնօրենը:
2023 թվականի ընթացքում կենտրոնի կլինիկա է բերվել 3436 շուն, ստերջացվել և կատաղության դեմ պատվաստվել է 2045 շուն, իսկ կատաղության դեմ վերապատվաստվել է 753 շուն: Քնեցված և անկած շների թիվը 2023-ին եղել է 603, տարիքով պայմանավորված չի ստերջացվել 35 շուն, իսկ որդեգրման է հանձնվել 104 շուն: Մայրաքաղաքի փողոցներից հավաքվել է 467 անկած կենդանու դի:
Գայանե Գաբոյան