
Նարեկ Մալյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով. Դատավորը մերժեց կիրառել գրավ, տնային կալանք ու երաշխավորություն խափանման միջոցները

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ, շարունակվում են գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր և ղեկավար, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով լսումները:
Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը ձերբակալվել է Արցախի ամբողջական հանձնումից հետո մեկնարկած բողոքի ու անհնազանդության խաղաղ ակցիաների օրերին՝ սեպտեմբերի 20-ին: Նարեկ Մալյանն անազատության մեջ է հենց այդ օրվանից: Նրա հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ փակ է:
Նարեկ Մալյանը դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից կալանավորվել է՝ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ ՔՊ-ականների նկատմամբ անհանդուրժողականություն հրահրելու և քարոզելու հոդվածով (ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդված՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը»: Սահմանված պատիժը՝ 1-4 տարի)։ Մեղադրանքի փաստական հիմքը սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում ինքնաբուխ հավաքի ժամանակ նրա ֆեյսբուքյան «լայվն» է։
Ոստիկանությունում Մալյանը գրավոր հայտարարել է. «Ինչ արել եմ, լավ եմ արել, քիչ եմ արել, էլի եմ անելու»։
Ավելին, ԱԱԾ-ում հարցաքննության ժամանակ՝ ձերբակալման առաջին օրը, Նարեկ Մալյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ «Ես, օգտվելով Սահմանադրությամբ ինձ ընձեռված հնարավորությունից, հրաժարվում եմ ցուցմունք տալ այս գործի շրջանակներում և նաև ունեմ փոքրիկ հայտարարություն, որն անպայման կցանկանամ, որ արձանագրվի, նաև թղթային տեքստով արձանագրվի. Քրեական հետապնդումներն իմ նկատմամբ ոչ այլ ինչ են, քան քաղաքական հետապնդում ադրբեջանա-թուրքական գործակալական ցանցի կողմից, ովքեր 2018 թվականին ադրբեջանա-թուրքական հեղափոխություն անելով ՀՀ-ում, զավթեցին իշխանությունը՝ նպատակ ունենալով հանձնել Արցախի Հանրապետությունը, կազմակերպել Արցախի Հանրապետությունում էթնիկ զտումներ՝ հայերի զտումներ, և սկուտեղի վրա մատուցել Ադրբեջանին Արցախը, ինչպես նաև Հայաստանի՝ արդեն որպես փաստ, որոշ հատվածներ, և սա դեռ, արձանագրենք, որ դեռ վերջը չի, և հարցը դեռևս վերջացած չի համարվում: Այսպիսով՝ ես արձանագրում եմ, որ այս քրեական վարույթը նպատակ ունի վախեցնել քաղաքացիներին, ինձ չէ, որովհետև ինձ անհնար է վախեցնել, իմ օրինակով վախեցնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը կբարձրացնեն ադրբեջանա-թուրքական ցանցի դեմ: Այսքանը, շնորհակալություն»:
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 15-ին դատավոր Սուսաննա Գզոգյանը Նարեկ Մալյանի կալանքը երկարաձգեց ևս 3 ամսով:
Այսօրվա նիստում քննվում է Նարեկ Մալյանի խափանման միջոցի փոփոխության հարցը:
Մինչ այդ ցուցմունք տվեցին փորձագետները: Փորձագետներից մեկը՝ դատահոգեբան Վարդանյանը, թեև իր եզրակացության մեջ գրել էր, որ Նարեկ Մալյանի խոսքն ատելության խոսք է, սակայն դատարանում չկարողացավ հիմնավորել իր եզրակացությունը:
«Դուք համաձա՞յն եք այն մտքի հետ, որ սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը»,- Տիգրան Աթանեսյանի այս հարցը փորձագետին դատավորը հանեց:
Փորձագետ Վարդանյանը պնդեց՝ իր փորձագիտական եզրակացությունը տվել է ելակետային տվյալների հիման վրա:
2.30 ժամ տևած հարցաքննությունից հետո հայտարարված ընդմիջումից հետո Նարեկ Մալյանը փորձագետին հարցրեց՝ նրա եզրակացությունը բացառո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի՝ դավաճան լինելը, ինչն ինքը պնդել է: Դատավոր Գզոգյանը հարցը հանեց: Վերջինս հանեց նաև Մալյանի մյուս հարցերը:
Ապա փորձագետ Վարդանյանին մի քանի կարճ հարցեր ուղղեցին հանրային մեղադրողն ու դատավորը:
«Սա փորձագետի եզրակացություն չէր, այլ ԱԱԾ պատվերով կազմած թուղթ»,- փորձագետ Վարդանյանի հայտարարությունից հետո մասնավորապես հայտարարեց Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
Հաջորդիվ հարցաքննվեց լեզվաբան-փորձագետ Հասմիկ Ղուկասյանը: Այնուհետև դատարանն անցավ Նարեկ Մալյանի խափանման միջոցի փոփոխության հարցին: Հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Նարեկ Մալյանի կալանքը:
Ռուբեն Մելիքյանը ներկայացրեց Նարեկ Մալյանի խափանման միջոցը փոխելու համար ներկայացրած երաշխավորագրերը՝ Հայ Առաքելական եկեղեցու՝ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոսից, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի և կայքի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանից, 24news.am կայքի տնօրեն Նարեկ Գալստյանից, արձակագիրներ Գուրգեն Խանջյանից, Հուսիկ Արայից, Լևոն Ջավախյանից. Ընդամենը 6 երաշխավորագիր:
Ռուբեն Մելիքյանը միջնորդեց նաև կիրառել համակցված խափանման միջոցներ՝ տնային կալանք, 5 միլիոն դրամ գրավ:
Երաշխավորները դատարանում պնդեցին իրենց երաշխավորությունը: Լսելով կողմերին՝ դատավոր Գզոգյանը նշեց՝ պահպանվում է Նարեկ Մալյանի՝ նոր հանցանք կատարելու հավանականությունը, և կալանքի ժամկետը երկարացվեց ևս երկու ամսով:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 23-ին՝ ժամը 15:30-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: