«Նիկոլը և ադեկվատությունն իրար հականիշներ են, այդ մարդը խելագար է». Զոհված զինծառայողի մայր
2022 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ունեցած զոհված զինծառայողների նկատմամբ կարմիր բերետավորների կիրառած բռնության վերաբերյալ գործը կարճվել է։
Ավելի վաղ որդեկորույս ծնողների շահերը ներկայացնող փաստաբան Վահան Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Եռաբլուրից զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելու առնչությամբ 1 տարի 2 ամիս տևած քրեական վարույթով որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։
Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի ժամանակ կարմիր բերետավորների կողմից բեման ենթարկվելիս մարմնական վնասվածքներ էր ստացել պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը։
168.am-ի հետ զրույցում տիկին Գոհարն ասաց, որ այդ գործը կարճվել է, քանի որ Հայաստանը բռնատիրական երկիր է, ոչ թե ժողովրդավարական։
«Մեր երկրում արդյոք չկայի՞ն արդարամիտ դատավորներ, որոնք, ոստիկանների վայրագությունները տեսնելով, ճիշտ որոշում ընդունեին։ Ուրեմն՝ սա ի՞նչ է ապացուցում, որ այս իշխանությունը Հայաստանը դարձրել է բռնատիրական երկիր, ուրիշ ոչ մի բան»,- նշեց Գոհար Դավթյանը։
Նրա բնորոշմամբ՝ ներկայիս իշխանության օրոք արդարության մասին որևէ խոսք լինել չի կարող։
«Սրանք տիպիկ թուրքեր են, երևի թուրքն իրեն այդքան թուրք չի զգում, որքան սրանք։ Մեր գործի հետ կապված էլ, կարծում եմ՝ մեր փաստաբանը կզբաղվի»,- հավելեց նա։
Մեր զրուցակիցն ասաց, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի կամ այլ պաշտոնյայի կողմից երբևէ հանդիպման առաջարկ չի ստացել, մինչդեռ Վահե Ղազարյանը հունվարի կեսերին իր տված ասուլիսում՝ պատասխանելով հարցին, որ զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնություն գործադրած ոչ մի ոստիկան չի պատժվել, ասել էր, որ մտադիր է հանդիպել Եռաբլուրում կարմիր բերետավորների գործողություններից տուժած զոհված զինծառայողների ծնողների հետ։
«Ինձ որևէ մեկը չի զանգել ու հանդիպման առաջարկ չի արել, հանդիպում էին՝ ի՞նչ անեին, երևի լավ իմանալով ինձ՝ չեն զանգել։ Հանդիպման մասին որևէ խոսք լինել չէր կարող, քանի որ ոստիկանապետն ի սկզբանե կարող էր սխալն ուղղել, ոչ թե երկու տարի անց ասեին, թե՝ կհանդիպենք ծնողների հետ։ Երկրորդը՝ Վահե Ղազարյանը գնալո՞ւ էր իմ տղայի շիրիմին չոքեր ու ներողություն խնդրեր, իմ երեխան պարոն ոստիկանապետին կներե՞ր։ Իմ տղան կյանքը հանուն հայրենիքի է տվել, որտեղ իր մոր հետ այդպիսի դաժանությամբ են վարվում»,- շեշտեց Գոհար Դավթյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ երեկ խորհրդարանում արած հայտարարությանը, որ «Հայաստանում թիվ մեկ հերոսը հարկ վճարող քաղաքացին է, և այդ հարկատուների հաշվին է, որ այսօր Եռաբլուրը կա», տիկին Գոհարը նկատեց.
«Նիկոլը և ադեկվատությունն իրար հականիշներ են, ինչ ասեմ՝ խելագարություն է, այդ մարդը խելագար է, նույնիսկ ափսոս է նրան հոգեբուժարան տանելը, որովհետև այնտեղի մարդիկ կխելագարվեն»։