Փաշինյանի տրամաբանությամբ՝ հետո էլ ասելու են՝ կարմիր շորը հանեցիք, դե մի հատ էլ կարմիր ֆես դրեք. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց, որ օրերս Նիկոլ Փաշինյանը մի հարցազրույց էր տվել, որի վերաբերյալ բուռն քննարկում ծավալվեց՝ ինչ-որ լեգիտիմություն, կարմիր շոր, ցլեր։

«Եկեք շարունակենք Նիկոլ Փաշինյանի փիլիսոփայությունն ու տրամաբանությունը՝ մի օր էլ մեզ կասեն՝ ինչու եք խրոխտ կանգնել ձեր հողում՝ կզեք ու կզած ապրեք, տեսնում եք՝ թրեր ու զենքեր են թռչում։ Հետո կասեն՝ այդ ի՞նչ զենք է կողքիդ ամրացված պաշտպանվելու համար՝ հանիր, ու առհասարակ այդ գոտին էլ հանիր, որ երբևէ զենք չկարողանաս կրել ինքդ քեզ պաշտպանելու համար։

Հետո ասելու են՝ այդ ի՞նչ խաչ է վզիդ՝ հանիր, այդպես ավելի հեշտ է լինելու ապրելդ։ Հետո էլ ասելու են՝ դու մի հիշիր, որ պատմություն ունես, հզոր ես եղել, թագավորական հարստություններ ես ունեցել՝ մոռացիր, դա քեզ պետք չէ։ Հետո մի պահ էլ կասեն՝ այդ ի՞նչ լեզվով ես խոսում, պարզ չէ, որ ուրիշ լեզվով խոսես՝ ավելի հեշտ ես ապրելու՝ թարգի էլի։

Հետո էլ կասեն՝ ինչո՞ւ ես երեխայիդ մայրիկիդ կամ հայրիկիդ անունով անվանակոչում, անունը դիր Էլչին, Զեյնաբ, այդպես ավելի հեշտ կապրեն։ Հետո կասեն, որ անառակություններ եք տեսնում, ինչո՞ւ եք փակում երեխայի աչքերը, բացեք, թող անառակությունները տեսնի՝ սովորի։

Կարդացեք նաև

Հետո էլ կասեն՝ այդ կարմիր շորերը հանեցիր՝ լավ է, մի կարմիր ֆես դիր գլխիդ՝ այդպես ավելի հեշտ կապրես։

Հետո էլ կասեն՝ մինչև մենք ձեզ գնդակահարում ենք, հոգիներս դուրս է գալիս՝ մի հատ «պրիցելի»: Նշան ճակատիդ տատուիրովկա արա, վզիդ էլ նշան արա, որ յաթաղանով գլուխդ կտրելուց ավելի հեշտ լինի։

Այ սա է Փաշինյանի փիլիսոփայության շարունակությունը»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի ասածները՝ պետական ազգ, պետական ժողովուրդ ձևակերպումները ընդգծելով, որ՝ հայ ժողովուրդը երկու պետություն է  ունեցել մինչև այս իշխանության գալը։

«Մեր ժողովուրդը պետական ժողովուրդ է, ձերը չգիտեմ»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս