Ալիևն ու Փաշինյանը սինխրո՞ն են աշխատում Սահմանադրությունը փոխելու հարցում. Կոնջորյանի ոչինչ չասող պատասխանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի խոսքերը համընկնում են՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու համատեքստում։

Հայկ Կոնջորյանը նախ պատասխանեց, թե Նիկոլ Փաշինյանը և ՀՀ իշխանությունն աշխատում են Հայաստանի ու ժողովրդի շահերի ելակետից, շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ խոսել է Անկախության հռչակագրի մասին և հարցադրումներ է արել այն մասին, որի վերաբերյալ այսօր քննարկումներ կան։

«Այն ժամանակ Ալիևը դրա մասին չի խոսել, չէ՞, այսինքն՝ դա ավելի շուտ է եղել։ Մենք այս մասին խոսել ենք տարբեր առիթներով։ Այս ամենին Ադրբեջանը լավ հետևում է, տեսնում է, թե ինչ դիսկուրս կա, ասում են՝ ի՞նչ կարող ենք անել, որ կրքեր բորբոքենք, իրենք այս դիսկուրսին միանում են»,- նշեց Հայկ Կոնջորյանը։

Լրագրողները պատգամավորին հիշեցրեցին իշխանական մեկ այլ պատգամավորի՝ Վլադիմիր Վարդանյանի ասածները, որ Անկախության հռչակագիրը չի կարող փոխվել, Հայկ Կոնջորյանն ասաց, թե չգիտի՝ իր գործընկերն ինչ թեզեր է առաջ քաշել։ Սակայն խոսք կա երկու դեպքի մասին, մեկը՝ երբ սահմանադրական փոփոխություններ են տեղի ունենում, և մյուսը՝ երբ նոր Սահմանադրություն է ընդունվում։ Հետևաբար՝ տվյալ դեպքում տարբեր իրավական մեխանիզմներ պետք է գործեն։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք Սահմանադրության մեջ պետք է հրաժարվեն Հայոց ցեղասպանության միջազգային պահանջից ու Արցախից, Հայկ Կոնջորյանը պատասխանեց՝ Սահմանադրությունը և Անկախության հռչակագիրը հիմնարար տեքստեր են, ժողովրդի ու պետության համար կողմնացույց են աշխարհում, որը պիտի արտահայտի միջավայրը։

«Եթե դու ունես կողմնացույց, որը քեզ ցույց չի տալիս ճիշտ ճանապարհը և չի կատարում իր ֆունկցիան, ուրեմն դու պիտի իմանաս՝ ինչ կողմնացույց վերցնես։ Երրորդ Հանրապետության մեր այրերը վերցրել են այդ կողմնացույցը և անմիջապես դրանից շեղվել են, որքանով է այսօր այն արտահայտում այն միջավայրը, որում մենք գտնվում ենք։ Մենք որևէ տեքստի նկատմամբ չպետք է ունենանք սակրալ վերաբերմունք, որովհետև կյանքը դինամիկ փոփոխվում է, և այն երկրներն ու ժողովուրդը, որոնք չեն կարողանում ժամանակի ու աշխարհի հետ համընթաց ադապտացվել նոր իրողություններին, իրենք մշտապես ռիսկի առջև են իրենց դնում, պատմության մայթեզրին հայտնվելու համար»,- շեշտեց Հայկ Կոնջորյանը՝ ըստ էության հաստատելով, որ պատրաստվում են հրաժարվել Արցախից ու Հայոց ցեղասպանությունից։

Տեսանյութեր

Լրահոս