
1 ամսում՝ 3 հսկայական դրամաշնորհ. Առողջապահության նախարարության վերջին գնումները

Առողջապահության նախարարությունը, ըստ պետգնումների armeps համակարգի, իրեն առնչվող 2 ՊՈԱԿ-ների՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման և Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոններին, ինչպես նաև՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տարեսկզբին հատկացրել է խոշոր դրամաշնորհներ:
Ըստ հունվարի 19-ին կնքված պայմանագրով՝ ընթացիկ դրամաշնորհներ պետական առևտրային կազմակերպություններին առարկայի շրջանակներում «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ–ն 1 միլիոն 860 000 դրամով իրականացնելու է այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարում:
Փետրվարի 1-ին կնքված մեկ այլ պայմանագրով էլ 190 միլիոն դրամ է հատկացվել «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ին՝ մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի և դեղագործական արտադրանքի ստացման՝ մաքսազերծման և բաշխման ծառայությունները մատուցելու նպատակով:
Դրամաշնորհի վերջին պայմանագիրն Առողջապահության նախարարությունը կնքել է երեկ՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ին տրամադրելով 2 միլիարդ 395 միլիոն 391 000 դրամ: Պայմանագրի համաձայն՝ այս գումարով շուրջ 1 տարվա ընթացքում ՊՈԱԿ–ն իրականացնելու է բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության ծառայություններ: