Հայաստանը մատուցում է Բաքվին ու Անկարային, որոնք մատուցողին կտան թեյավճար. Մելիքյան

Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մասին հայտարարությունների տակ դրված են բազմաթիվ ականներ, սա թելադրանք է՝ Անկարայից և Բաքվից, միևնույն ժամանակ՝ պահանջ է, որպեսզի քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը չի փոխվել, իրենք չեն բանակցի Հայաստանի հետ։

Այս ամենը հաշվի առնելով՝ մենք պետք է փաստենք՝ հայտնվել ենք մի իրավիճակում, որ, այլևս, ակնհայտ է՝ «Խաղաղության օրակարգ» ասվածը փակուղում է, իսկ «օրակարգն» այդտեղ հասցնողը մանևրելու տեղ չունի։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը:

«Մենք հասել ենք այս օրեր և կանք, որովհետև կար հստակ գաղափար, ինչի համար մարտնչել են մեր պապերը, իսկ այսօր ՀՀ իշխանության կողմից տարվում է հստակ այնպիսի քաղաքականություն, որ թուլանանք այնքան, որ հլու-հնազանդ կատարենք այն, ինչ մեզնից պահանջում են։ Այսօր բարձրացվում են նաև արցախցի-հայաստանցի պատնեշներ, որոնք մեզ, ցավալիորեն, տանելու են շատ վտանգավոր իրավիճակների»,- ասաց Մելիքյանը։

Կարդացեք նաև

ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղարը Հայաստանի Անկախության հռչակագիրը համարեց Հայաստանի ծննդյան վկայականը՝ գրված արյունով և քրտինքով, հետևապես, ըստ նրա, այսօր այդ հռչակագրի վերացումը հայի համար նշանակելու է պատմության, ինքնության, հետագծի վերացում, ինչը հանգեցնելու է հայի վերացմանը։

«Սրբել մեր պատմությունը և սկսել զրոյից 4-րդ հանրապետության ստեղծում՝ դա շատ նման է լինելու բանակցային գործընթացը զրոյական՝ իր կետից սկսելուն, ինչը բերեց աղետի։ Դու չես կարող արհամարհել բանակցային գործընթացի մի ընթացք, որտեղ եղել ես հաղթողի դիրքերում, հետևապես, երբ պարտվում ես, ամեն ինչը պետք է դնել ցած ու հեռանալ։ Պարտվածը չի՛ կարող բանակցել, նա միշտ կխոսի թույլի և տկարի դիրքերից, պետք է հեռանա»,- ասաց Մելիքյանը։

Նրա համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունը, որն Արցախը հանձնել է Հայաստանը պահելու դիմաց, հիմա նույնիսկ չի կարողանում իր հայտարարած 29 800 քառակուսի կիլոմետրը պահել, ուստի այս իշխանության հեռացումից հետո է, որ Հայաստանի համար կբացվեն այլընտրանքներ՝ իր առաջ ծառացած խնդիրները լուծելու համար. այլընտրանքներ միշտ կան դիվանագիտական դաշտում, ուստի որոշ երկրների հետ ճիշտ աշխատանքի դեպքում Հայաստանի բանակցային դիրքերը կամրանան։

«Հակառակ պարագայում, այս տեմպերով գնալու դեպքում շարունակելու են աճել Բաքվի և Անկարայի պահանջները, որովհետև դիմացից նրանց ոչինչ չեն արգելում։ Հայաստանն են ուտում նրանք, իսկ Հայաստանը նրանց մատուցողը ստանալու է ընդամենը թեյավճար»,- ասաց նա։

 Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս