«Այս միտումներով շարունակելու դեպքում դա չի լինելու խաղաղություն ապահովող փաստաթուղթ, եթե նույնիսկ ստորագրվի»․ ռուս վերլուծաբան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է Հայաստանի նկատմամբ հրապարակային նորանոր պահանջներ հնչեցնել։

Ընդունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին՝ Իլհամ Ալիևն ասել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։

«Եթե Հայաստանը վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններին և փոփոխություններ կատարի Սահմանադրության և այլ իրավական փաստաթղթերում, ապա խաղաղության կարող է հասնել»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, թե «Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն դե ֆակտո խաղաղություն է, իսկ երկու երկրների սահմանին արդեն մի քանի ամիս է, ինչ խաղաղ իրավիճակ է տիրում»։

Կարդացեք նաև

«Բայց այս գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիր և վերջ դնել Հայաստանի տարածքային հավակնություններին Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա նաև նշել է, թե՝ «Հայաստանի Անկախության հռչակագիրը պարունակում է Ղարաբաղը Հայաստանին միավորելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման ուղղակի կոչեր, և այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են նաև Հայաստանի Սահմանադրության մեջ»։

Սահմանադրական փոփոխությունների պահանջն Ալիևը հնչեցրել էր դեռևս 2021 թվականից, սակայն ակտիվ օրակարգ թեման նետվել է միայն վերջերս։

Իլհամ Ալիևը նաև վերջերս տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում այլ վերջնագիր էր ներկայացրել, ասելով՝ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։

«Մարդիկ ու բեռներն Ադրբեջանից Ադրբեջան պետք է հասնեն առանց ստուգումների»,- նշել էր Ալիևը։

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ ևս Ալիևն աղմկոտ հայտարարություններ էր արել՝ նշելով․

«Եթե չեն ցանկանում սահմանազատում, նշանակում է՝ սահմանը կանցնի այնտեղով, որտեղով հարկ կհամարենք: Ես արդեն ստիպված եմ նման եզրեր օգտագործել: Սահմանը դելիմիտարիզացված չէ, իսկ ո՞վ է ասել, որ այն պետք է անցնի այնտեղով, ոչ թե այստեղով: Ես կարծում եմ, որ այն անցնում է այստեղով, ես ունեմ հիմքեր դրա համար՝ պատմական և քարտեզագրական: Ուստի, դա ավելի շատ նրանց շահերից է բխում, քան մեր»:

Վերջին շաբաթների ընթացքում ՀՀ իշխանություններն ակտիվ քարոզչական աշխատանքներ են իրականացնում Սահմանադրությունը փոխելու համար։

Նախօրեին Հանրային ռադիոյի եթերում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր գլխավորած կառավարությունը ոչ թե փոխում է Սահմանադրությունը, այլ «ժողովրդին առաջարկում է փոխել Սահմանադրությունը»։

Փաշինյանը նաև հայտարարեց, թե ժողովուրդը պետք է որոշի հարցը՝ քվեարկությամբ, իսկ իրենք հանրաքվեն չեն կեղծի։

«Տասնյակ ընտրություններ ենք արել Հայաստանում, թող ցույց տան մի դեպք, երբ մենք մի քվեաթերթիկի հետ կապված՝ հարց ենք բարձրացրել»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, հստակ չպատասխանեց հարցին, թե արդյոք Ադրբեջանի ճնշումներո՞վ են պայմանավորված Սահմանադրության փոփոխությունները։ Ասաց միայն, որ այդ մասին շատ են խոսում։

Ադրբեջանի բռնապետի անընդհատ թարմացվող պահանջների պայմաններում արդյոք Սահմանադրության փոփոխությունը հնարավոր կդարձնի՞ Խաղաղության համաձայնագրի կնքումը Ադրբեջանի հետ։ 168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրները փաստորեն չեն հանգում միայն Սահմանադրության փոփոխության կամ Ղարաբաղի հարցի լուծման հարցերին։

Ըստ նրա, անընդհատ երկու երկրների միջև կարգավորման գործընթացի օրակարգում նոր թեմաներ, նոր պահանջներ են ի հայտ գալիս։

Ադրբեջանը, Սիմոնովի խոսքով, գործընթացից առավելապաշտական ակնկալիքներ ունի և փորձում է Խաղաղության համաձայնագրի ստորագրումից ստանալ հնարավոր առավելագույնն ու ավելին Հայաստանի կողմից անընդհատ զիջումների միջոցով։

«Այս պարագայում միայն սահմանադրական փոփոխությունները, միայն ճանապարհ-միջանցքի հարցում համաձայնությունը կամ ՀՀ-ի կողմից զիջումը, սահմանազատումը ադրբեջանական մոտեցումներով իրականացնելը չեն կանգնեցնելու այս միտումը։ Արժանապատիվ, հավասարակշռված խաղաղություն, միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա ձեռք է բերվում փոխզիջումներով, բանակցություններով և ոչ՝ ճնշումներով ու միակողմանի պահանջներով։ Իհարկե, այս իրավիճակում շատ բարդ է պատկերացնել խաղաղություն, սահմանների բացում, համաձայնագրի ստորագրում և երկարատև խաղաղություն։

Կարծում եմ՝ առաջիկայում խաղաղության համաձայնագրի ստորագրումը սկսում է անհնար դառնալ, քանի որ կոնկրետ վերջնագրեր են հնչում՝ պայմանավորված փոփոխություններով, որոնք երկար ժամանակ կարող են պահանջել»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Նրա խոսքով, Խաղաղության համաձայնագիր հնարավոր է մի պարագայում, երբ Ադրբեջանը մտավախություն ունենա, որ ընդհանրապես կկորցնի արդեն իսկ ձեռք բերվածն ամրագրելու հնարավորությունը։

«Այս դեպքում Ադրբեջանը կձգտի ստորագրել պայմանագիր։ Նոր պահանջներ չեն դրվի կամ դրանց առաջմղումը կհետաձգվի։ Սակայն, կարծում եմ, դրա համար ՀՀ-ն պետք է ունենա լուրջ դաշնակիցներ, իսկ դրա համար պետք է ունենա տարածաշրջանում կշիռ, ազդեցություն, ուժեղ դիվանագիտություն։ Սակայն դրա փոխարեն՝ այսօր Հայաստանը մարտահրավերային փուլում է, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունները թուլացել են, դրա փոխարեն՝ ՀՀ իշխանությունները «հայացքն ուղղել են» դեպի Արևմուտք։

Հայաստանը կարծես անցումային փուլում գտնվի, քանի որ բողոքում է ՀԱՊԿ-ից, սակայն այն չի լքում, ինտենսիվացնում է երկխոսությունը ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՆԱՏՕ-ի հետ, սակայն իրավիճակը դեռ անշրջելի չի թվում։

Այս հանգամանքը, ինչպես նաև պատերազմական հետևանքները խոցելի են դարձնում ՀՀ դիրքը ռեգիոնում և ամրապնդում առավելապաշտական ձգտումները ՀՀ-ի նկատմամբ։ Այս միտումներով շարունակելու դեպքում դա չի լինելու խաղաղություն ապահովող փաստաթուղթ, եթե նույնիսկ ստորագրվի»,- ասաց Սիմոնովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829