Հապաղելու ժամանակ չունենք. ըստ փորձագետի` ՀՀ–ն 1 տարի ունի ատոմակայանի հարցը որոշելու. Sputnik Արմենիա
Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման հարցում կողմնորոշվելու համար իրականում շատ ավելի քիչ ժամանակ ունի, քան իր հարցազրույցում նշել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց էներգետիկ փորձագետ Արթուր Ավետիսյանը` մեկնաբանելով Լիխաչովի խոսքերը։
«Եթե որոշվի հզոր ատոմակայան կառուցել, իսկ դա իմ և մասնագետների մեծամասնության կողմից գնահատվոմ է որպես ամենաճիշտ որոշումը` անկախ նրանից, թե որ երկրի առաջարկը դա կլինի, ապա, կարծում եմ, դրա համար 10-12 տարի անհրաժեշտ կլինի։ Հետևաբար, Հայաստանը պետք է շատ ավելի արագ կողմնորոշվի ու որոշում կայացնի»,– ասաց փորձագետը։
Հիշեցնենք`«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը պետք է առաջիկա մեկուկես-երկու տարում կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափի հարցում։
Արթուր Ավետիսյանի խոսքով` Հայաստանն այս տարվա ընթացքում արդեն պետք է հստակ հաշվարկի, թե ինչ հզորությամբ ատոմակայան է պետք իրեն` հնարավոր ներքին ու արտաքին ինչ պահանջարկի առումով` Իրան, Վրաստան, այնտեղից` ՌԴ և ԵՄ երկրներ արտահանելու նպատակով, և դրա համար ինչ ենթակառուցվածքներ են անհրաժեշտ, և դրանից ելնելով որոշում կայացնի։
Նա նաև հայտնեց, որ կառավարության short list-ում (խմբ.- կարճ ցանկ) այս պահին 3 առաջարկ է դիտարկվում` ՌԴ-ի, Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի։
«Կորեան և Ռուսաստանն առաջարկել են մեծ հզորությամբ ատոմակայաններ. Ռուսաստանը` 1200, Կորեան` 1400 ՄՎտ հզորությամբ։ Ամերիկյան առաջարկը փոքր մոդուլային կայան է` փոքր հզորությամբ։ Բացի փոքր հզորությունից, մոդուլային կայանը առհասարակ խնդրահարույց է, որովհետև դրա առաջին իրական արդյունքների մասին մենք կիմանանք ոչ շուտ, քան 2030թ.։ Իսկ դա շատ ուշ է որոշում կայացնելու համար»,- նշեց Ավետիսյանը։
Նա նաև հայտնեց, որ ներկա պահին առաջարկ ներկայացրած 3 երկրներից միայն Ռուսաստանն է, որ ՀՀ կառավարությանը նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ տեխնիկա–տնտեսական հիմնավորումներ է ներկայացրել։ Ավելին` ՀՀ կառավարությունն էլ իր հերթին այդ փաստաթուղթը` որոշակի դիտողություններով, վերադարձրել է ՌԴ–ին` վերանայման։
2023թ. դեկտեմբերի 15-ին Երևանում գումարված Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում ստորագրվեց համաձայնագիր` Մեծամորի ատոմակայանի գործող` երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով երկարացնելու վերաբերյալ: Մինչ այդ կառավարությունը արդեն հավանություն էր տվել «Ռուսատոմ Սերվիս»-ի հետ նույն նպատակով 65 մլն դոլարի համաձայնագրի նախագծին։ Փորձագիտական որոշ շրջանակներում այս համաձայնագիրն ընկալվեց, որպես նաև նոր ատոմակայանի հարցում ՀՀ դիրքորոշման հստակեցում։
Արթուր Ավետիսյանն այս տեսակետը չի կիսում` նշելով, որ ուղղակի կապ արդեն ստորագրված պայմանագրի ու նոր ատոմակայանի կառուցման հարցերում, չկա։ Միաժամանակ, սակայն, փրձագետն արձանագրում է, որ անկախ քաղաքական գնահատականներից, ՌԴ-ն այսօր աշխարհում առաջատար է թե՛ միջուկային վառելիքի, թե՛ հզոր ատոմակայանների կառուցման հարցում։
Հետևաբար, ՀՀ ատոմային էներգետիկայի առաջիկա մի քանի տասնամյակների զարգացման վերաբերյալ որոշում կայացնելու հարցում Ավետիսյանը ՀՀ կառավարությանը հորդորում է չտրվել քաղաքական մանիպուլյացիաների, այլ առաջնորդվել նախ և առաջ մասնագիտական կողմնորոշումներով։
«Ես հասկանում եմ` ինչու է հապաղում այս որոշումը։ Այստեղ մեծ պատասխանատվություն կա։ Բայց մենք շատ հապաղելու ժամանակ չունենք, և պետք է օբյեկտիվ իրողությունները դնենք մեր որոշման հիմքում»,- նկատում է Արթուր Ավետիսյանը։
Հիշեցնենք` Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետն ավարտվել է 2016 թվականին, սակայն արդիականացման և վերազինման լայնածավալ աշխատանքների շնորհիվ (մասամբ ՌԴ կառավարության վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին) այն երկարացվել է մինչև 2026 թվականը։
Ռուսական կողմի հետ 2023թ. դեկտեմբերին կնքված նոր պայմանագրով գործող էներգաբլոկը կվերազինվի, ինչի արդյունքում դրա շահագործման ժամկետը կերկարացվի մինչև 2036 թվականը։ Մինչ այդ ժամկետի ավարտը Հայաստանը պետք է հասցնի նոր ատոմակայան կառուցել` Մեծամորի ԱԷԿ-ի աշխատանքի դադարեցման արդյունքում էներգտիկ ճգնաժամի առաջ չկանգնելու համար։