Ադրբեջանցի ու հայ «էկոակտիվիստների» համատեղ պայքարը տալիս է պտուղներ, իսկ ԱԱԾ-ն լուռ է

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, որ 22 երկրների 49 ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ներ) էկոակտիվիստներ հանդես են եկել հայտարարությամբ առ այն, որ Հայաստանի հանքարդյունաբերության իրականացումն ուղեկցվում է միջազգային բնապահպանական նորմերի ու չափանիշների խախտումներով:

Ըստ Report.az-ի՝  նրանք պահանջում են Հարավային Կովկասի տարածաշրջանի բնապահպանական արդարության վերականգնում:

Հայտարարության մեջ Հայաստանին ու մեր երկրի հանքարդյունաբերող մասնավոր ընկերություններին կոչ է արվում պայմաններ ստեղծել, որ բնապահպանության ու առողջապահության ոլորտում մասնագիտացած փորձագետները և հարևան երկրների ՀԿ-ները ստուգումներ իրականացնեն այստեղ, կարողանան տալ գնահատականներ մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ:

Այս ոչ կառավարական կազմակերպությունները նաև աջակցել են Ադրբեջանի՝ Ամուլսարի շահագործումը անհապաղ դադարեցնելու պահանջին:

Կարդացեք նաև

Ուշագրավ է, որ հայտարարության տակ ստորագրած ՀԿ-ների թվում են ոչ կառավարական կազմակերպություններ Նիգերիայից, Քենիայից, Ինդոնեզիայից, Հնդկստանից, Ուզբեկստանից, Թուրքիայից, Իրաքից, Պակիստանից, Տաջիկստանից, Գանայից:

Հատկանշական է, որ ստորագրող 49 կազմակերպությունների մեծ մասը Քենիայից ու Նիգերիայից է:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, որ հայաստանյան տարբեր, այսպես կոչված, բնապահպանական ՀԿ-ներ, Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, պայքարում են Հայաստանի տնտեսության միակ շնչող օրգանիզմի՝  հանքարդյունաբերության դեմ:

Մասնավորապես, Քաղաքացիական հասարակության 20 կազմակերպություններ Ալբանիայից, Հայաստանից, Ադրբեջանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Վրաստանից, Մոնղոլիայից, Ուգանդայից, Ուկրաինայից և Ուզբեկստանից, ինչպես նաև 7 միջազգային բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են անում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ) վերանայել իր մոտեցումները հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների նկատմամբ: Քաղհասարակության կոչին է միացել նաև «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն:

168.am-ը դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին գրել էր նաև, որ բնապահպանական խնդիրներով զբաղվող մի քանի հասարակական կազմակերպություն տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Հայաստանի քիմիական աղտոտվածության համաժողով են անցկացնում՝ բացահայտելու համար Հայաստանում հողերի արդյունաբերական աղտոտման խնդիրը:

Հարց է առաջանում՝ ո՞վ է Հայաստանի քիմիական աղտոտվածության համաժողովի Հայաստանում հողերի արդյունաբերական աղտոտման խնդիրները հետազոտողների «պատվիրատուն», և, ի վերջո, ի՞նչ խնդիր են նրանք լուծում մեր երկրում: Արդյո՞ք որևէ այլ երկրում օտարերկրյա ինչ-որ ՀԿ-ի թույլ կտային նման հետազոտություն անցկացնել, նման տվյալներ հավաքագրել՝ առանց տեղի մասնագետների կարծիքներն ու փորձը հաշվի առնելու:

Օրեր առաջ էլ գրել էինք, որ թշնամու նպատակները դարձել են հայաստանյան ՀԿ-ների օրակարգը, ու Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ուշադրությունն էինք հրավիրել այս խիստ զգայուն հարցի վրա:

Հայաստանում պարբերաբար «աղտոտում» են փնտրում տարբեր միջազգային կազմակերպություններ՝ հայաստանյան «գրանտային հկ-ների» մասնակցությամբ։  Եթե դեռևս տարիներ առաջ սրան կարելի էր վերաբերվել՝ որպես  գաղափարական բնապահպանական գործունեության, ապա այսօր գնալով ակնհայտ է դառնում, որ նման, եթե ոչ՝ բոլոր, ապա՝ գրեթե բոլոր նախաձեռնություններն ունեն կամ ինչ-որ քաղաքական շահ՝ Հայաստանից դուրս, կամ պարզապես ուղղակիորեն ծառայում են ադրբեջանական պրոպագանդային։

Թվում էր, թե անցյալ տարի ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստների» կողմից Լաչինի միջանցքի փակումը կեղծ բնապահպանական պատրվակով, որն ավարտվեց Արցախի հայաթափմամբ, պետք է hայաստանյան բնապահպան ակտիվիստներին մի փոքր ավելի զգուշավոր դարձներ։ Հատկապես, որ ադրբեջանական մամուլում Հայաստանի արդյունաբերական կազմակերպությունների փակման պահանջով հայտարարությունները, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Սոթքի, Ամուլսարի շահագործման դեմ արշավը մինչ օրս ակտիվորեն շարունակվում է։ Բայց ո՛չ, ոչ միայն դա դաս չեղավ, այլև որոշ հայաստանյան բնապահպանական կազմակերպություններ շարունակում են գրկաբաց ընդունել Հայաստանի կողմից տարածաշրջանի աղտոտումն «ապացուցող» անհասկանալի արտերկրյա կազմակերպությունների։

Տեսանյութեր

Լրահոս