Ֆրանսիացի ֆերմերները փակել են Իսպանիայի հետ սահմանի մոտ գտնվող մայրուղին
Բողոքող ֆրանսիացի ֆերմերները փակել են Իսպանիայի հետ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող մայրուղին՝ արգելափակելով իսպանական բեռնատարների տեղաշարժը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Բողոքի ցույցերը շարունակող ցուցարարները որոշել են արգելափակել Իսպանիայից եկող բեռնատարները: Մեքենաները կարող էին անվտանգ անցնել, սակայն Իսպանիայից Ֆրանսիա երթևեկությունը խաթարվել է», – ասված է հաղորդագրության մեջ:
Տասնյակ ֆերմերներ Իսպանիայի հետ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող A9 ավտոմայրուղու վճարային կետերից մեկում շրջափակում են կազմակերպել, ինչը հանգեցրել է մայրուղու մի քանի կիլոմետրանոց խցանման։
Ակցիայի կազմակերպումը տեղի է ունեցել գաղտնի, ուստի ճանապարհի փակումն անակնկալ է եղել։
Ֆրանսիայում վերջին շաբաթների ընթացքում ֆերմերների բողոքի ակցիաները նոր թափ են ստացել: Նրանք փակում են առանցքային մայրուղիները՝ խաթարելով երթևեկությունը տրակտորներով, խոտի դեզերով ու գոմաղբի կույտերով։ Ֆերմերները նաև աղբ ու թափոններ են թափում պրեֆեկտուրաների և կառավարական շենքերի մոտ: Նրանք պահանջում են ճանաչել իրենց գործունեության կարևորությունը և դատապարտել կառավարության քաղաքականությունը գյուղատնտեսության ոլորտում, ինչը, նրանց կարծիքով, ֆերմերներին դարձնում է անմրցունակ։ Մասնավորապես՝ ֆերմերները դեմ են գյուղատնտեսական մթերքների ներմուծմանը, ոռոգման համար ջրի օգտագործման սահմանափակումներին, դիզվառելիքի ինքնարժեքի բարձրացմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության սահմանափակող միջոցառումներին և արտադրության աճող ֆինանսական բեռին։