Բաժիններ՝

Հեռուստառադիոընկերությունների նկատմամբ վերջին հինգ տարում հարուցված վարույթները 18 անգամ աճել են

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ «Տեսալսողական մեդիայի մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքներով սահմանված վարչարարության իրականացման արդյունքում 2023 թվականին հարուցվել է 64 վարչական վարույթ։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ հավելելով, որ հարուցված վարույթներից 57-ը հանձնաժողովի նախաձեռնությամբ է եղել, իսկ 7-ը՝ բողոքների համաձայն։

«Ամբողջ աշխարհում լրիվ հակառակ պատկերն է․վարույթների մեծ մասը հարուցվում է հանրության, քաղաքական ուժերի, ֆիզիկական անձանց բողոքների հիման վրա»,- նշեց Հակոբյանը՝ նկատելով, որ թերությունների մասին ահազանգերը ներկայացվում են միայն մամուլում կամ սոցիալական ցանցերում՝ առանց դիմելու կարգավորող մարմին։

Ըստ Հակոբյանի՝ վերջին հինգ տարիներին 18 անգամ ավելի շատ վարչական վարույթ է հարուցվել, որը 2019-2023 թվականներին կազմել է 232 վարույթ, իսկ 2013-2018-ին՝ 13 ։

«Շատ ժամանակ մեզ մեղադրում են, որ մենք շատ կոշտ ենք մոտենում հեռուստաընկերությունների գործունեությանը, այնինչ՝ այդպես չէ, որովհետև վարչական վարույթներ բացվում են տասնյակ ուղղություններով»,-ասաց հանձնաժողովի նախագահը՝ նշելով, որ հեռուստառադիոընկերությունները համերաշխ են հանձնաժողովի որոշումների հետ, որոնք ոչ միայն ներպետական,այլ նաև միջազգային նշանակություն ունեն։

Ըստ Հակոբյանի՝ վերջին երկու-երեք տարիներին Հայաստանում հեղինակային իրավունքների խախտման վերաբերյալ արտերկրից գրեթե ոչ մի բողոք չի եղել։

Նրա խոսքով՝ վարչական վարույթների հարուցման պատճառ են հանդիսացել հեղինակային իրավունքների խախտումները, մեկ եթերային ժամվա ընթացքում ցուցադրվող գովազդի տևողության չպահպանումը, տարեկան հասույթի մասին տեղեկատվության չներկայացնելը, անչափահասների մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները, ինչպես նաև սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող բովանդակության հեռարձակումը, հայհոյանքը եթերում և հանրօգուտ հաղորդումների առնվազն 20 տոկոսի սահմանաչափը չպահպանելը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս