Գազայում ՄԱԿ-ի գործակալության աշխատակիցների 10 %-ին կասկածում են ՀԱՄԱՍ-ի հետ կապի մեջ
Որոշ երկրներից կողմից Գազայի հատվածում գործող ՄԱԿ-ի գործակալության ֆինանսավորումը դադարեցնելուց հետո «չափազանց հուսահատ» վիճակ է ստեղծվել պաղեստինցիների հումանիտար կարիքները բավարարելու առումով։
ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (ՄԱՕԱԳ) աշխատակիցների մի մասին կասկածում են հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ հարձակման և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ կապերի մեջ։
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, այնուհետև նաև Ճապոնիան և Ավստրիան դադարեցրել են վճարումները ՄԱՕԱԳ-ին։ Գործակալությունը BBC-ին հայտնել է, որ «չափազանց հուսահատ» է, և որ «Գազայում հումանիտար կարիքներն աճում են ժամ առ ժամ»։
«Մարդիկ շարունակում են տեղահանվել։ Մարդիկ քաղցած են։ Ժամանակը սուղ է, և շուտով սով կսկսվի», – ասել է ՄԱՕԱԳ-ի հաղորդակցությունների գծով տնօրեն Ջուլիետ Տոուման։
The New York Times-ի հրապարակման համաձայն՝ Իսրայելի հետախուզության զեկույցում նշված է, թե, իբր, ՄԱՕԱԳ-ի 200 աշխատակիցներ ՀԱՄԱՍ-ի կամ «Իսլամական ջիհադ»-ի օպերատիվ աշխատողներ են։ Ըստ նույն զեկույցի՝ առնվազն 12 աշխատողներ, ենթադրաբար, հոկտեմբերի 7-ին անցել են Իսրայել․ նրանցից 9-ը հեռացվել են աշխատանքից, կատարվում է հետաքննություն։
Իսկ The Wall Street Journal-ի հրապարակման համաձայն, որը կրկին վկայակոչում է իսրայելական զեկույցը, ենթադրվում է, որ ՄԱՕԱԳ-ի 12 000 աշխատակիցներից գրեթե 1200-ը՝ մոտ 10 %-ը, կապեր ունեն ՀԱՄԱՍ-ի կամ «Իսլամական ջիհադ»-ի հետ։
ՄԱԿ-ը հրաժարվել է մեկնաբանություն տալ՝ հայտարարելով, որ ներքին հետաքննություն է անցկացնում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դոնոր երկրներին կոչ է արել «երաշխավորել ՄԱՕԱԳ-ի գործունեության շարունակականությունը»։
Oxfam բարեգործական և հումանիտար ընկերությունն իր հերթին տարածել է ավելի քան 20 միջազգային բարեգործական ընկերությունների համատեղ հայտարարությունը, որում կոչ է արվում վերականգնել ՄԱՕԱԳ-ի ֆինանսավորումը։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժել էին Իսրայել՝ սպանելով շուրջ 1200 մարդու, գերեվարելով 240-ին։ Իսրայելն այս հարձակումից հետո պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվը գրեթե 26 700 է։ 1,7 միլիոն մարդ տեղահանվել է։ Նրանց մեծ մասն ապաստան է գտել ՄԱՕԱԳ-ի հաստատություններում։