Արմեն Աշոտյանը՝ Սփյուռքի անելիքների մասին
«2018-ին Նիկոլին հաջողվեց խաբել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ճնշող մեծամասնությանը։ Կեցցե’ք, որ ի տարբերություն ոմանց, ոչ միայն խոստովանում և ընդունում եք ձեր սխալը, այլև պատրաստ եք ուղղել այն:
Կեցցե’ք, որ ի տարբերություն ոմանց, օգնելով Նիկոլին գալ իշխանության, կարողացել եք կանգ առնել և չծառայել նրա ազգակործան ծրագրերի վերջնական իրականացմանը։
Կեցցե’ք, որ ի տարբերություն ոմանց, որ 2018-ի էյֆորիայի մեջ էին, հիմա չեք ասում. Ես չեմ զբաղվում քաղաքականությամբ, և ջայլամի կեցվածք չեք ընդունում»,- ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն այսպես է արձագանքել Գեղամ Ամիրխանյանի կողմից իրեն ուղղված հարցին:
Իսկ Գեղամ Ամիրխանյանը «5 հարց Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում Արմեն Աշոտյանից մասնավորապես հետաքրքրվել էր. «Մենք` սփյուռքահայերս, սխալվել ենք այս դավաճանին աջակցելով. ի՞նչ կարող ենք անել Սփյուռքում, որ այս իրավիճակից ազատվենք, մեր անելիքն ըստ Ձեզ՝ ո՞րն է»:
Արմեն Աշոտյանը նաև պարզաբանել է. «2018-ից առաջ Հայաստանում բազում խնդիրներ կային, սակայն նրանցից և ոչ մեկը ինքնին իրենով չէր կարող հանդիսանալ իշխանազավթման շարժիչ ուժ։ Նիկոլը հասավ իշխանության, որովհետև, ելած խնդիրները շահարկելով, ա) դիմում էր կեղծիքների և մանիպուլյացիաների, բ) տալիս էր ի սկզբանե անիրատեսական, սուտ խոստումներ, գ) ատելություն էր տարածում, դ) ծառայում էր դրսի ուժերին` որպես մարիոնետ։
Հասկանալի է, որ երբ Մայր Հայաստանը` ի դեմս գործող ռեժիմի, քայլեր չի ձեռնարկում հայ ժողովրդի ազգային շահերը պաշտպանելու ուղղությամբ, սփյուռքի ազդեցության հնարավորությունները սահմանափակ են։ Սակայն անգամ այս իրավիճակում մեր սփյուռքահայ հայրենակիցները կարող են օգնել Հայրենիքին։
Թվարկեմ ընդամենը մի քանի ուղղություն՝
1) Չենթարկվելով նիկոլական քարոզչությանը, չհրաժարվել Արցախից, Ցեղասպանության ճանաչումից, ազգայինից։
2) համախմբվել և տեղի իշխանություններին (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ, Հունաստան և այլն) ցույց տալ, որ իր դավաճանական քայլերով Նիկոլը չի ներկայացնում հայ ժողովրդին։
3) Հայաստանից ժամանող պաշտոնյաներին տեղում, տարբեր եղանակներով ցույց տալ ձեր անհամաձայնությունը Փաշինյանի քաղաքականության հետ։
4) որդեգրել ակտիվ հանրային կեցվածք և ակտիվ լինել թե՛ իրավական կյանքում, թե՛ սոցիալական հարթակներում։
5) աջակցել Հայաստանի առողջ հասարակական-քաղաքական գործիչներին և ուժերին»: