Ատկատներ, կոռուպցիա. ի՞նչը ստիպեց Փաշինյանին գաղտնի դարձնել ՊՆ-ի գնումները
Թեև Հայաստանն ու Ադրբեջանը հանդիսանում են Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի կողմեր (Հայաստանն այդ պայմանագրին միացել է 1992 թվականին, որով սահմանվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սովորական սպառազինությունների և տեխնիկայի առկայության առավելագույն մակարդակները), սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանը խախտում է այդ պայմանագրով սահմանված դրույթները՝ զինվելով ավելին, քան թույլատրում է նշյալ փաստաթուղթը։
Նման պայմաններում տարօրինակ է Նիկոլ Փաշինյանի առաջարկն Ալիևին՝ սպառազինությունների վերահսկման պայմանագրի կնքման մասին, երբ անհայտ է, թե Փաշինյանն ինչ ռեսուրսներով և ինչպես է վերահսկելու ադրբեջանական սպառազինությունների քանակը։
Հիշեցնենք, այդ ուղիղ առաջարկը Փաշինյանն Ալիևին արել էր օրերս՝ շեշտելով.
«Մենք առաջարկում ենք, ասում ենք. անվտանգություն ապահովելու համար, եկեք իրականացնենք զորքերի հետքաշում՝ Ալմաթիի հռչակագրով սահմանված սահմանագծից, որպեսզի չեզոքացնենք բախումների վտանգը, Ադրբեջանը դա մերժում է։ Մենք ասում ենք. եկեք ապառազմականացնենք սահմանամերձ շրջանները, Ադրբեջանը դա մերժում է։ Կարող եմ ևս մեկ առաջարկ անել՝ եկեք ստորագրենք սպառազինությունների վերահսկման մասին համաձայնագիր, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը ձեռք բերեն սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ և հնարավորություն ունենան վերահսկելու միմյանց պայմանավորվածությունների կատարումը»։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն առաջարկեց Փաշինյանի այս առաջարկը դիտարկել քարոզչական դաշտում, քանի որ Հայաստանն Ադրբեջանի հետ գտնվում է պատերազմական իրավիճակում և, մեղմ ասած, պատերազմական իրավիճակում գտնվող երկրի ռազմական գնումների վերահսկումն ի՞նչ կերպ է պատկերացնում Փաշինյանը։
«Մյուս կողմից՝ ուշադրության է արժանի Կառավարության մեկ այլ որոշում, որով Կառավարությունը ռազմական գնումների՝ ընդհուպ տարածք, սննդամթերք, հիգիենայի պարագաներ, վերաբերյալ տեղեկատվությունն այսուհետ կհամարի գաղտնի։ Ինչո՞ւ մինչև հիմա գաղտնի չի եղել, հիմա դարձնում են գաղտնի. կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ, եթե հիմա փակում են այն, ինչը բաց է եղել նախկինում, ապա նախկինում այդ տեղեկատվությունը հանրայացնողը պետք է ենթարկվի պատասխանատվության»,- հարց հնչեցրեց Նահապետյանը՝ շեշտելով՝ այդ որոշումն իր մեջ կրում է կոռուպցիոն ռիսկեր, որովհետև, փակելով ընդհուպ սննդի գնման մասին տեղեկատվությունը, իրականում իշխանությունն այլ խնդիր է լուծում։
«Հիշեք, որ դա անում է մի մարդ, որը նախկիններին մեղադրում էր այդ դաշտում ատկատներ անելու մեջ։ Ես չեմ բացառում, որ կոռուպցիոն ռիսկերի բացահայտման վտանգն է, որը Փաշինյանին ստիպում է այդ տեղեկությունն ամբողջությամբ փակել։ Այստեղ վերահսկողության խնդիր կա, որովհետև եթե նախկինում ՀՀ նախագահի ենթակայությամբ գործող վերահսկողական ծառայությունն էր ստուգում ՊՆ-ի ողջ գնումները, հիմա այդ ծառայությունը գտնվում է ՊՆ-ի ենթակայության տակ։ Պարզ է, որ այդ կառույցն ինքն իրեն չի ստուգի։ Կարծում եմ՝ Փաշինյանին ավելի շատ կոռուպցիոն ռիսկերի առկայությունն է ստիպում ՊՆ-ի գնումների մասին տեղեկատվությունը փակել»,- ասաց Նահապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։