Բաժիններ՝

Հայ ծրագրավորողների ստեղծած հարթակը պաշտպանում է հաքերային հարձակումներից. ընկերությունից օգտվում են Ferrari-ն, Manchester United-ը, Panasonic-ը

Հայ հիմնադիրներ ունեցող EasyDMARC ստարտափը, որն ընկերություններին պաշտպանում է phishing հարձակումներից, (կիբեռհանցագործության տեսակ), սպասարկում է 130 երկրի ավելի քան 40 հազար ընկերության 100 հազար դոմեն (համացանցում կայքի հասցե):

«Արմենպրես»-ի հետ զրույցում EasyDMARC-ից տեղեկացրին՝ իրենց հարթակից օգտվում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Ferrari-ն, Manchester United-ը, Panasonic-ը, UN Women-ը, Picsart-ը և այլն:

«Կիբեռհարձակումների 93 տոկոսը սկսում է էլեկտրոնային նամակից: EasyDMARC-ը B2B, SaaS պլատֆորմ է, որը ներդնելով ընկերությունները պաշտպանում են իրենց դոմենը` թույլ չտալով կիբերհանցագործներին իրենց անունից ուղարկել ֆիշինգային նամակներ: Դրա համար կա տեխնիկական լուծում՝ DMARC-ը, սակայն վերջինիս օգտագործումը ընկերությունների համար ռիսկային է. այն կարող է սահմանափակել ոչ միայն հաքերային հարձակումներն, այլ նաև այն մեյլերը, որոնք ուղարկում են օրինակ՝ մարքեթինգի, վաճառքների թիմերը: Մեր պրոդուկտը մեղմում է ռիսկերը՝ բիզնեսներին հնարավորություն տալով առանց հավելյալ խնդիրների DMARC-ը ներդնել իրենց ընկերությունում»,- ներկայացրեց ստարտափի համահիմնադիր Ավագ Առաքելյանը:
Նա տեղեկացրեց՝ արհեստական բանականության նոր ալիքը հեշտացրեց կիբեռհանցագործների գործը:

«Նախկինում կիբերհանցագործների գրած նամակները երբեմն տարբերակում էին տեքստերի միջոցով: Արհեստական բանականության տարբեր գործիքներ այդ տարբերությունը հավասարեցրել են 0-ի: Որովհետև կիբեռհանցագործները, էլ. նամակի բովանադությունը ստեղծելիս, սկսել են օգտագործել AI գործիքները»,- մանրամասնեց Առաքելյանը:

Նրա խոսքով՝ նույնիսկ Google-ն ու Yahoo-ն են հասկացել խնդրի մեծությունը, հրատապությունը և արդեն ամբողջ աշխարհի կազմակերպություններին նախորդ տարվանից ստիպում են DMARC ներդնել, իսկ քանի որ DMARC-ը ռիսկային է, EasyDMARC -ն է օգնության գալիս:

Ընկերությունը ստեղծելու պատմությունը սկսվում է 2016-ից: Կազմակերպությունը, որին խորհրդատվական ծառայություն էին տրամադրում հիմնադիրներ Գերասիմ Հովհաննիսյանն ու Ավագ Առաքելյանը, ենթարկվում է կիբերհարձակման և կրում զգալի կորուստներ։

Շուկայում առկա լուծումներն ուսումնասիրելով և փորձարկելուց հետո համահիմնադիրները ձեռնամուխ են լինում խնդրի լուծմանը հիմնովին նոր մոտեցում ցույց տալով։ Մեկ տարվա աշխատանքներից հետո ծրագրային ապահովման առաջին տարբերակը սկսում է աշխատել իրական միջավայրում։ Իսկ հրապարակային տարբերակը հասանելի է դառնում 2018 թվականի հունվարին։

«Մինչև 2020 թվականը սա որպես հոբբի էինք դիտարկում: Դրանից հետո զգացինք մեր պրոդուկտի պահանջարկը, թիմ ներգրավեցինք՝ այն 2 հոգուց ավելի քան 70-ի հասցնելով: Այս պահին էլ ներկայացված ենք աշխարհի 3 երկրում՝ ԱՄՆ, Նիդերլանդներ և Հայաստան: EasyDMARC-ն այսօր ճանաչված է աշխարհում, և մեր մասին գրում են այնպիսի հայտնի պարբերականներ, ինչպիսիք են Forbes-ը, Financial Times-ը, TechCrunch-ը, Tech Radar-ը և InfoSecurity Magazine-ը»,- ասաց Առաքելյանը:

Հարթակը շուկայում ունի մրցակիցներ, և ըստ հիմնադրի՝ այն ցույց է տալիս խնդրի մեծությունը: Նրա համոզմամբ՝ եթե չկան մրցակիցներ, նշանակում է խնդիրն այդքան էլ մեծ չէ: Մրցակիցները, նրա դիտարկմամբ, ամեն օր ավելանում են, սակայն իրենք շարունակում են մնալ թոփ եռյակում՝ առաջարկելով շատ ավելի հեշտ լուծումներ:

Ստարտափը հասցրել է ներդրումներ գրավել տարբեր հրեշտակ ներդրողներից, վենչուրային ընկերություններից, որոնք և՛ հայկական են, և՛ միջազգային: Նրա դիտարկմամբ՝ իրենց հաջողությունը ճիշտ ժամանակին շուկա մտնելու, մասնագիտական մեծ փորձ ունենալու և առաջին իսկ օրվանից խնդիրը գլոբալ շուկայի համար լուծելու մեջ է:

Ընկերությունից տեղեկացրին՝ թիմն ընդլայնելու համար փնտրում են տաղանդների:

Կարինե Տերտերյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս