«Թուրքը մեր բակ է մտել. Ալիևը քեզ մատ է թափ տալիս, դու ասում ես՝ խաղաղությո՞ւն». Արարատ Շեգունցը՝ Նիկոլ Փաշինյանին
Նախորդ տարվա մարտի 30-ից Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ներխուժել էին Տեղ համայնքին պատկանող դաշտեր և սկսել դիրքավորվել, իսկ արդեն ապրիլի 11-ին նրանք կրակ էին բացել հայկական դիրքերի հատվածում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողների ուղղությամբ։ Արդյունքում՝ հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 6 վիրավոր։ Ադրբեջանական կողմի ներխուժման արդյունքում Տեղ համայնքի բազմաթիվ բնակիչներ կորցրել են իրենց դաշտերը, քանի որ դրանք անցել են ադրբեջանական զինուժի հսկողության տակ։
Տեղ համայնքի բնակիչ Արարատ Շեգունցը ևս ադրբեջանական ներխուժման հետևանքով կորցրել էր իր վարձակալած հողը, վարկ էր վերցրել և այդ հողում ցորեն, գարի էր ցանել։ Այդ դեպքից հետո պաշտոնապես հայտարարվեց, որ փոխհատուցում կտան այն բնակիչներին, որոնց հողերը մնացել են թշնամու հսկողության տակ։
168.am-ի հետ զրույցում այսօր Արարատ Շեգունցը տեղեկացրեց, որ փոխհատուցում իրեն տվել են, վճարել են խոտի դիմաց, թեպետ իր հողում գարի ու ցորեն էր ցանած։
«Հիմա ես իմ անունից խոսեմ՝ ես 3 հեկտար հող էի վարձակալել, մի հողում ցորեն էր, խոտ էին գրել, դե, գյուղապետարանի մեղքը չէ, հողատիրոջից հարցրել են՝ հողում ի՞նչ կա, նա էլ ասել էր՝ խոտ, խոտի փող տվեցին։ Իսկապես գյուղապետարանը աշխատեց, հարցուփորձ արեց ու փոխհատուցում տվեց։
Այս ամենից զատ, հիմա մի բան չեմ հասկանում՝ մենք մեր հողը փողով վաճառո՞ւմ ենք, հիմա ստացվում է, որ թուրքը որտեղ ներխուժի, մարդկանց կասեն՝ ձեզ փող կտանք, ու այդպես հարցը կլուծվի՞։ Եթե այդպես է՝ գյուղը տանք, փող վերցնենք, ու ասեն՝ դե, փող ենք տալիս, գյուղը թողնենք, դուրս գանք։ Մենք այս փոխհատուցումը չենք ուզում, մեզ մեր հողերը տվեք»,- նշեց Արարատ Շեգունցը։
Նրա խոսքով՝ այս պահին տեղյակ չէ, թե Տեղ համայնքի դիրքերում ինչ իրավիճակ է, քանի որ դիրքեր չի գնում, գյուղում է։
«Այն, որ թշնամու զինվորները մեր հողում են, դա մեզ խանգարում է, մենք չգիտենք՝ այս հողը մշակե՞նք, թե՞ չմշակենք։ Բայց մեր հույսը ինչի՞ վրա դնենք, պիտի հող մշակենք ու ապրենք այստեղ։
Իսկ Փաշինյանի խաղաղությանը չենք հավատում, ես չեմ էլ կարողանում դրա ելույթները լսեմ, որտեղ լսում եմ, անմիջապես անջատում եմ։ Թուրքը եկել մեր բակ է մտել, սրանք ասում են՝ խաղաղությո՞ւն, Ալիևը քեզ մատ է թափ տալիս, դու ասում ես՝ խաղաղությո՞ւն»,- եզրափակեց Արարատ Շեգունցը։