Տիգրան Ավինյանի «տաշած քարը»՝ նոր պաշտոնի սպասումով. «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը նոր տնօրեն կունենա

Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին, երբ իրավապահները բերման էին ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին ու թաղապետարանի մի քանի պաշտոնյաների, խոսակցություններ պտտվեցին, որ կասկածյալների ցանկում է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Սաշա Կատվալյանը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը: Ինքը՝ Կատվալյանը, ասել էր՝ կապ չունի վարչական շրջանի ղեկավարի ու այլ պաշտոնյաների կողմից գնումների գործընթացը ոչ պատշաճ կազմակերպելու թեմայի հետ:

Սաշա Կատվալյանի անվան՝ այս գործի շրջանակներում շրջանառումից հետո կրկին ակտիվացան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար աշխատելու ժամանակահատվածում նրա կողմից թաղապետարանում հաստատված կատարյալ տեռորի մասին լուրերը, իսկ 168.am-ին թաղապետարանի նախկին աշխատակիցներն այնպիսի բաներ պատմեցին Սաշա Կատվալյանի թաղապետության շրջանի ու նրա աշխատանքային ոճի մասին, որ նորմալ մարդու բանականության մեջ դժվար էին տեղավորվում:

Վարչական շրջանի հնաբնակները նշում էին՝ 20 տարբեր թաղապետերի հետ են աշխատել՝ լուսահոգի Վահան Զատիկյան, Դավիթ Օհանյան, Արտակ Ալեքսանյան, Դավիթ Կարապետյան, բայց Սաշա Կատվալյանի ու նրա աշխատակազմի նման անմարդկային ղեկավար կազմ չէին տեսել:

Մեր հրապարակումից մեկ շաբաթ անց Սաշա Կատվալյանն ազատվեց Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից: Աշխատանքից ազատվեցին նաև ևս երեք խորհրդականներ:

Կարդացեք նաև

Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանն այն ժամանակ մեզ հետ զրույցում ասել էր՝ չի բացառվում՝ այդ 4 անձանց մասով հետագայում լուծումներ գտնվեն:

4-ի վերաբերյալ չգիտենք, սակայն Սաշա Կատվալյանի վերաբերյալ լուծումը գտնվել է. վերջինս կնշանակվի «ԵՐԵՎԱՆԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՈՒՄ» հիմնարկի տնօրեն:

168.am-ի տեղեկությունը Կատվալյանի հավանական նշանակման վերաբերյալ չհերքեցին նաև Երևանի քաղաքապետարանից: Քաղաքապետի խոսնակի փոխանցմամբ՝ այդ պաշտոնում Սաշա Կատվալյանի նշանակման վերաբերյալ քննարկումներ կան:

Հիմնարկն այս պահին ունի տնօրեն: Հավանաբար նրան ազատելուց հետո էլ կլինի Սաշա Կատվալյանի նշանակումը:

Մեր տեղեկություններով՝ բաղձալի պաշտոնը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարը կստանա Երևանի ավագանու՝ Տիգրան Ավինյանի ու ՔՊ-ի համար տապալված ընտրություններում ձայների որոշակի քանակ ապահովելու համար:

Տեսանյութեր

Լրահոս