«Ոստիկանությունում ընկեր Բաղդասարյանն ասեց՝ ուզո՞ւմ եք՝ շապիկս հանեմ, մարմինս ուսումնասիրեք». Միսաք Մանուշյանի անվան դպրոցի տնօրենը հերքում է ծեծի մասին լուրերը
Ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր երեկ տեղեկացրել էին՝ Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի 2 աշակերտ ծեծի են ենթարկել նույն դպրոցի 70-ամյա ֆիզկուլտուրայի ուսուցչի` հարվածելով նրա մարմնի տարբեր հատվածներին։
«Դեպքը տեղի է ունեցել հանդերձարանում, երբ Ա. Բաղդասարյանը նկատել է հանդերձարանում ծխող աշակերտներին և սաստելու նպատակով ասել է, որ հիմա կզանգի նրանց ծնողներին և կտեղեկացնի, թե ինչով են զբաղված, ինչին ի պատասխան՝ 2 աշակերտները հարձակվելով ուսուցչի վրա՝ ծեծի են ենթարկել նրան։ Դեպքերի հետագա զարգացումը նույնչափ մտահոգիչ է, որքանով որ տեղի ունեցածը։
Դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանը շտապօգնության կանչ գրանցելու փոխարեն՝ զանգահարում է իր ծանոթ բժշկին, որպեսզի մաքսիմալ անաղմուկ տուժածին օգնություն ցուցաբերվի։ Ծեծի ենթարկված ուսուցիչը մի կերպ տեղաշարժվելով տուն է գնում, իսկ աշակերտներն իրենց դաստիարակողների ներկայությամբ ստանում են նկատողություն ընդամենը։
ՀՀ ներքին գործերի նախարարություն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, դուք կա՞ք»,- դեպքի մասին մանրամասնել էին աղբյուրները:
168.am-ի հետ զրույցում, սակայն, դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանը վստահեցրեց՝ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
«Ապատեղեկատվություն է. նման դեպք մեզ մոտ չի եղել,- շեշտեց նա, ապա անդրադառնալով մեր ճշգրտող հարցին՝ արդյո՞ք ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ա. Բաղդասարյանն այս առնչությամբ ունի որևէ պարզաբանում, նշեց,- Ինքն էլ կարդացել է և ապշած է, ապշած ենք բոլորս՝ ծնողներով, աշակերտներով, ուսուցիչներով:
Այդ ֆեյք տեղեկատվությունը ոստիկանությունը ևս ընթերցել էր, ինձ և պարոն Բաղդասարյանին հրավիրել էին ոստիկանություն: Մենք տեղեկացրել ենք, որ նման բան չի եղել, սուտ է: Անգամ ընկեր Բաղդասարյանն ասեց՝ ուզո՞ւմ եք՝ շապիկս հանեմ, մարմինս ուսումնասիրեք, որ վստահ լինեք՝ նման բան չի եղել»: