«Իտալիա-Թուրքիա հարաբերություններն ամրապնդվում են». Sky

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հունվարի 21-ին պաշտոնական այցով գտնվել է Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այցի ընթանցքում Իտալիայի վարչապետը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Հանդիպման օրակարգի և դրա հետ կապված այլ մանրամասներ հայտնել է իտալական «Sky» հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի կայքում նշվել է, որ Էրդողանն ու Մելոնին քննարկել են քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են ամրապնդել երկկողմ հարաբերություններն ու արագացնել այդ գործընթացը:

Այս համատեքստում էլ այցի հետ կապված գրառումը կայքում վերնագրվել է հետևյալ կերպ. «Իտալիա-Թուրքիա հարաբերություններն ամրապնդվում են»:

Մելոնիի և Էրդողանի հանդիպմանն անդրադարձել է նաև ամերիկյան «Bloomberg» պարբերականը:

Պարբերականը գրում է, որ Իտալիայի վարչապետը նպատակ ունի G7-ի (Մեծ յոթնյակ) իր նախագահության շրջանում ամրապնդել կապերն Անկարայի հետ:

Ուշադրություն է հրավիրվում այն բանի վրա, որ նախագահությունը ստանձնելուց հետո Մելոնին իր առաջին պաշտոնական այցը կատարել է Թուրքիա:

Նշվում է նաև, որ հանդիպման օրակարգում եղել են ռազմական համագործակցությանը և անօրինական ներգաղթյալների (միգրանտ) դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Ընդգծվել է, որ կողմերը ցանկանում են միգրանտների դեմ պայքարն ուժեղացնելու շուրջ Լիբիայի հետ համաձայնության հասնել:

Բացի այդ, տվյալներ են հրապարակվել Թուրքիա-Իտալիա առևտրաշրջանառության հետ կապված:

Դրանց համաձայն՝ այն կազմում է 25 մլր եվրո, որն էլ ըստ «Bloomberg»-ի՝ կողմերը ծրագրում են 2030-ին հասցնել 30 մլրդ եվրոյի:

Տեսանյութեր

Լրահոս