Ինչո՞ւ ԵՄ-ն զգուշացրեց Ադրբեջանին․ ի՞նչ մտավախություն ունեն ԵՄ-ում
Այսօր կեսօրին ԵՄ-ն ուշագրավ հայտարարություն տարածեց ռեգիոնալ իրավիճակի վերաբերյալ։
ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ ու սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարություններին, նշել է՝ Եվրոպական Միությունն Ադրբեջանին հստակ ուղերձներ է փոխանցում, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա։
«Մենք սերտ կապի մեջ ենք եղել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ՝ առանց հոգնելու կրկնելով մեր աջակցությունը երկու երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և հիմնախնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով լուծելուն։ Մեր հաղորդակցության ուղիները մնում են բաց։ ԵՄ-ն օգտագործում է բոլոր հնարավորություններն Ադրբեջանին հստակ ուղերձներ հաղորդելու, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների վրա։ Մենք մնում ենք հաստատուն այս դիրքորոշման մեջ։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շարունակում են իրենց ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության հաստատման համար»,- ասել է Ստանոն։
168.am-ի հետ զրույցում վրացի եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին փորձեց պարզաբանել, թե ինչ է նշանակում ԵՄ խոսնակ Ստանոյի այս հայտարարությունը, և ինչ ասել է՝ ծանր հետևանքներ։
Նրա գնահատմամբ՝ սա բավականին կոշտ հայտարարություն է, որը մի քանի զարգացում և սպասվող վտանգ է նախանշում։
Նախ, ըստ վերլուծաբանի, պարզ է, որ ԵՄ-ն ուղերձ է հղում Ադրբեջանին, քանի որ, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական կողմի վերջին հայտարարություններում իրական վտանգներ են տեսնում ռեգիոնալ կայունության համար։
«Նման արձագանքը նաև նշանակում է, որ եթե ԵՄ-ի սպասումներն Ադրբեջանից չարդարացվեն, ապա ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի; Ամենայն հավանականությամբ, պատժամիջոցների տեսքով, թեև ԵՄ պաշտոնյաները խուսափում էին ամիսներ առաջ խոսել Ադրբեջանի նկատմամբ ինչ որ զսպման մեխանիզմների կիրառման մասին, քանի որ ԵՄ-ն Ռուսաստանի հետ պատերազմի ֆոնին չէր ցանկանա, որպեսզի զարգացումները հասնեին այս հանգրվանին։ Կդժվարանամ ասել, թե կոնկրետ ինչ միջոցների պատրաստ կլինեն ԵՄ-ում հատկապես, երբ առջևում էլ ԵԽ ընտրություններն են, և դրանով պայմանավորված՝ բազմաթիվ փոփոխություններ կլինեն ԵՄ-ում»,- ասաց վերլուծաբանը։
Նա գտնում է, որ այս հայտարարությունը քաղաքական աջակցություն է Երևանին և ցույց է տալիս ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր մակարդակը՝ ցույց տալով ռեգիոնալ զարգացումներում ԵՄ պատասխանատվությունը։
Սակայն, ըստ վերլուծաբանի, ռեգիոնալ կայունության և անկայունության պատասխանատուները շատ են և ներկայումս ավելի շատ են, քան մեկ տարի առաջ։ «Հարավային Կովկասը, ցավոք, դարձել է մերձավորարևելյան տարածաշրջանի շարունակությունը՝ իր բոլոր վատ հետևանքներով։ Նորանոր վտանգներ են ի հայտ գալիս գրեթե ամեն օր, Իրանի հարվածներն Իրաքում ամերիկյան օբյեկտներին լուրջ իրադարձություն է, որն իր հետևանքներն է ունենալու, և այս ամենն իր արդեն ուղիղ անդրադարձն է ունենում Հարավային Կովկասի վրա։
Այստեղ էլ էսկալացիան կարող է ունենալ արտաքին շահագրգռված խաղացողներ, ինչը չափազանց բացասական հանգամանք է, բայց պետք է հասկանալ սա և այն, որ հակամարտությունն էականորեն միջազգայնացվում է և միջազգայնացվելու է։ Հայաստանն ու Ադրբեջանը չհասցրին կայունացնել իրենց հարաբերությունները և ընկան էլ ավելի մեծ անկայունության շրջանի մեջ։
Ուստի ԵՄ-ում հասկանալով հնարավոր զարգացումները և տրամադրվածությունները, ավելի խորապես զգուշացնում են, սակայն ԵՄ մեխանիզմներն էլ Ադրբեջանի նկատմամբ շատ սահմանափակ են: Եվ վերջապես, այս ժամանակաշրջանում հայտարարություններն այդչափ կարևոր չեն, որքան իրական քայլերն ու տնտեսությունը»,- ասաց վերլուծաբանը։