Գերմանական թերթը Թուրքիայի հարավային շրջանները ներառել է «Քուրդիստանի» մեջ
Գերմանական «Tagesschau» թերթն անդրադարձել է Սիրիայի ու Իրաքի հյուսիսում Թուրքիայի օդուժի սկսած հրթիռակոծություններին, որոնք թիրախավորել են քուրդ զինյալների հենակետերի ու էներգետիկ ենթակառուցվածքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այս համատեքստում գերմանական պարբերականը հրապարակել է քարտեզ, որտեղ ցուցադրվել են այն բնակավայրերը, որոնք թիրախավորվել են թուրքական օդուժի կողմից։ Թուրքական լրատվամիջոցների զայրույթն է առաջացրել այն փաստը, որը վերանոշյալ քարտեզում ներկայիս Թուրքիայի հարավային ու հարավարևելյան շրջաններ ներառվել են «Քուրդիստանի» մեջ։
Թուրքիայի օդային ուժերը 2 օր է, ինչ ինտենսիվ հրթիռակոծություննների տակ են պահում պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ու Սիրիայի քրդական ուժերի հենակետերը։ Թուրքիայի պաշտպանության նախարարության վերջին տվյալներով՝ հրթիռակոծման հետևանքով սպանվել է 29 քուրդ զինյալ։
Թուրքական լրատվական կայքերում տեսանյութեր են հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են Թուրքիայի հարվածային ԱԹՍ-ները ոչնչացնում քրդական թիրախները։ Որոշ ռուսական թելեգրամյան ալիքներ էլ տեսանյութեր են հրապարակել, որտեղ թուրքական ուժերը ոչնչացրել էին Սիրիայի հյուսիսում գտնվող ֆրանսիական ցեմենտի գործարան։
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հունվարի 12-ին էր սոցիալական ցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել, որ Իրաքի հյուսիսում իրականացվող «Մագիլ-Կողպեք» ռազմագործողության ընթացքում սպանվել է 9 թուրք զինվորական։ Թուրքիայի զինված ուժերի գործողությունները սկսվել են հենց այդ դեպքից հետո։