«Թող մի գիտնականի անուն նշի, սա հերթական մանիպուլյացիան է, որևէ մեկն իրեն չի դիմել. սրանով նա ասում է՝ 29.800 քկմ տարածքով ամեն ինչից պրծնենք, այդ թվում՝ Արցախից». Ամատունի Վիրաբյանը՝ Փաշինյանին
Գավառում տեղի ունեցած ՔՊ նախաձեռնող նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ԿԳՄՍ նախարարությանը դիմել են մի խումբ մանկավարժներ, գիտնականներ՝ առաջարկելով «Հայոց պատմություն» առարկան դարձնել «Հայաստանի պատմություն»։
«Վերջերս իմացա, որ մի խումբ մանկավարժներ կամ գիտնականներ դիմել են ԿԳՄՍՆ՝ առաջարկելով «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»։ Անկեղծ ասած, այս առաջարկն ուղղակի ցնցեց ինձ: Ես ինքս ինձ մեղադրեցի, որ ես այս նրբությունը չեմ նկատել, որովհետև թվում է, թե սա ի՞նչ բանավեճ է՝ «Հայ ժողովրդի պատմությո՞ւն», թե՞ «Հայաստանի պատմություն», իսկ այդտեղ խորքային, բովանդակային շատ լուրջ տարբերություն կա, որովհետև հայ ժողովրդի պատմությունը ենթադրում է պետականության բացակայության բացակայության՝ պետականության դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը ենթադրում է պետության պատմություն, պետականության բացակայության դրվագներով: Այս կարգի հարցեր կան, որոնք շատ կարևոր են, որպեսզի մենք մեր աշխատանքի մեջ ճիշտ դիրքավորման համար»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
168.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը խոսելով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության մասին՝ նկատեց՝ մի քանի անգամ կարդացել է նրա ասածները, սակայն ոչինչ չի հասկացել, թե ինչ է նա ուզում ասել։
«Մի բան հասկացա, որ այնպես է անում, որ 29.800 քկմ տարածքով ամեն ինչից պրծնենք՝ Արարատ, Կարս, Անի, Կարին, Տղմուտ գետ, ամեն ինչ մոռանանք, այդ թվում՝ Արցախի Հանրապետությունը։ Ես չգիտեմ՝ այդ ո՞ր գիտնականն է նման առաջարկ արել, խնդրում եմ՝ թող մի գիտնականի անուն գոնե ասի։ Կարծում եմ՝ սա հերթական մանիպուլյացիան է, որևէ մեկն իրեն չի դիմել, ուղղակի ինքն իր հերթական օրակարգն է հրապարակ շպրտում»,- նշեց Ամատունի Վիրաբյանը։
Ըստ պատմաբանի, մի քանի անգամ լսել ու կարդացել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որտեղ նա որևէ գիտնականի կամ մանկավարժի անուն չի նշել, որպեսզի հանրության համար էլ պարզ լինի, ո՞վ է այդ գիտնականը, որ նման առաջարկով է հանդես եկել։
«Նիկոլ Փաշինյանի ասածներից ես ոչինչ չհասկացա, ես բոլոր պատմաբաններին պիտի հարցնեմ՝ իրենք որևէ բան հասկացե՞լ են, ինչո՞վ կարող են այդ ամենը բացատրել։
Իմ բացատրությունն այն է, որ պետք է մոռանանք Արցախը, ՀՀ սահմաններից արևելեք և հյուսիս-արևելք ինչ գտնվել է, կամ Արաքս գետից Արևմուտք ինչ է եղել։ Սա պետք է չէ երեխաներին, նրանք չպետք է իմանան։ Ամեն ինչ կփոխեն, դասագրքերն էլ՝ հետը, և վերջ»,- շեշտեց Ամատունի Վիրաբյանը։
Եզրափակելով խոսքը՝ պատմաբանը կրկին ասաց՝ այս ամենը Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական օրակարգ ստեղծելն է։