Ալիևի վերջնագրերն ունեն շատ ավելի խորը տողատակեր․ սահմանը կարող է չբացել ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան․ ռուս թուրքագետ
Իլհամ Ալիևի՝ տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցը շարունակում է լայնորեն քննարկվել հայկական մեդիափորձագիտական ու քաղաքական շրջանակներում։ Ի թիվս բազմաթիվ կարևոր և վերլուծության ենթակա շեշտադրումների՝ Ադրբեջանի ղեկավարն անդրադարձավ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» պրոյեկտին։ Նա մասնավորապես վերջնագիր ներկայացրեց հայկական կողմին՝ կտրուկ պահանջելով, որ մարդիկ և բեռներն Ադրբեջանից Ադրբեջան անցնեն առանց որևէ ստուգման, առանց խոչընդոտի։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը հենց միջանցք է պահանջում։
Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ եթե Հայաստանը չհամաձայնի, ապա հավերժ կմնա փակուղային իրավիճակում։ «Եթե իմ նշած երթուղին (այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը) չբացվի, ապա մենք մտադիր չենք որևէ այլ վայրում բացել Հայաստանի հետ սահմանը։ Այսինքն՝ այսպիսով սրանից ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»,- հավելել էր Ադրբեջանի նախագահը։
168․am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Ալիևի պահանջը, ըստ էության, մնացել է նույնը, սակայն պայմանները կարծես փոխվել են՝ հաշվի առնելով թեմայի նկատմամբ միջազգային ուշադրությունը։ Սակայն, նրա խոսքով, դրվել է այնպիսի պայման, որը բավականին ցավագին կարող է լինել Հայաստանի և ՀՀ իշխանությունների համար։ Նադեին-Ռաևսկին հիշեցրեց, որ նախկինում Ալիևը միջանցք պահանջում էր՝ կիրառելով հենց «միջանցք» տերմինաբանությունը, ինչպես նաև ուղիղ ուժի սպառնալիքով էր հանդես գալիս։
«Ներկայումս մենք տեսանք, որ կոնկրետ «Զանգեզուրի միջանցք» տերմինը չօգտագործվեց, սակայն դրանից բովանդակությունը չի փոխվել։ Սակայն սա կարևոր նրբություն է, չօգտագործվեց, քանի որ միջազգային հանրության ընկալումներում միջանցք՝ նշանակում է տարածքային ամբողջականության խաթարում, ներկայումս Ալիևը չի ասում՝ «միջանցք», սակայն խոսում է միջանցքից։ Մյուս կարևոր հանգամանքը, որ Ալիևը նշում է, այն է, որ եթե իր ցանկացած երթուղին չստանա, ապա սահման չի բացի։ Իրականում Խաղաղության համաձայնագրի արդյունքը ո՞րը պետք է լիներ, խաղաղության հաստատումը Հարավային Կովկասում, որի գլխավոր էֆեկտը Հայաստանի համար ապաշրջափակման վերացումը պետք է դառնար՝ հայ-ադրբեջանական սահմանի բացում, հայ-թուրքական սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Եվ, փաստորեն, ադրբեջանական կողմը նշում է, որ այսքան իրադարձություններից հետո Ադրբեջանը չի բացի սահման, իսկ դա նշանակում է, որ Թուրքիան ևս չի բացի սահման, նշանակում է, որ Հայաստանի ապաշրջափակում այդ իբրև թե խաղաղության գործընթացին չի հաջորդի։
Չի բացառվում նաև, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից ևս Ադրբեջանը հրաժարվի, քանի որ այս հայտարարություններից հետո հասկանալի չէ, թե ի՞նչ են ստորագրելու կողմերը, և դա ի՞նչ օգուտ է տալու Հայաստանին ընդհանրապես։
Չափազանց կարևոր հանգրվան է սա Հարավային Կովկասի համար, հնչում են առանցքային հայտարարություններ, և դրանք կարիք կա ճիշտ մեկնաբանել։ Թուրքիան, չնայած հանգամանքին, որ չի մասնակցում բանակցային գործընթացին, անուղղակիորեն ներկա է, մասնակցում է գործընթացին, փորձում է ազդել ՀՀ որոշումների վրա՝ ի օգուտ Ադրբեջանի։ Թուրքիայի կողմից մինչ այժմ սահմանի չբացումը ի՞նչ է նշանակում, Թուրքիայի հայտարարությունները, որ Թուրքիայի բոլոր քայլերը համաձայնեցված են Ադրբեջանի հետ, ի՞նչ են նշանակում, հայ-թուրքական բանակցությունները, որոնք մեկ տարի գոնե թվացյալ տեղի էին ունենում, ներկայումս կարծես փակուղում են, որովհետև Թուրքիան որևէ դրական քայլ չի անում, սահմանը չի բացվում նույնիսկ երրորդ երկրի քաղաքացիների համար, Թուրքիան սպասում է Ադրբեջանին, որն այսօր հայտարարում է, որ սահման չի բացում։ Սա նշանակում է, որ Թուրքիան ևս սահման չի բացելու»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը։
Այսպիսով, նրա խոսքով, տապալվում են ՀՀ-ից հնչող այն թեզերը, որ ՀՀ-ն խաղաղության գործընթացից կարող է օգուտներ ստանալ սահմանների բացման, ռեգիոնալ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման տեսքով։
«Ադրբեջանն օգուտներ ստանալու համար անընդհատ փոխում է բանակցությունների ընթացքը, անընդհատ նոր պահանջներ ու պայմաններ են հնչում, Հայաստանը գնում է ստանդարտ ճանապարհով՝ անընդհատ ակնկալելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան դրական քայլեր են անելու, բայց նրանք դա չեն անելու, նրանք ուժի լեզվով են խոսելու, իսկ ՀՀ-ին հարկավոր են անվտանգության երաշխիքներ։ Եվ ստացվում է, որ Ռուսաստանը հեռացել է, քանի որ քննադատվում է, Արևմուտքը պետք է իր երաշխիքներով գա, բայց չի գալիս։
Ադրբեջանը նաև չի ցանկանում, որ խաղաղության համաձայնագիրը միջնորդ երաշխավոր ունենա, սա ևս պատահական չէ։ ԱՄՆ-ը հակված է մասնակցել, բայց ինչպես տեսնում ենք, չի ցանկանում լիովին փչացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ, որից Ադրբեջանն օգտվում է։
Ռեգիոնալ իրավիճակը չափազանց անբարենպաստ է, մինչ ընտրություններն ադրբեջանական կողմի այս տրամադրվածությունն ու հռետորաբանությունը կշարունակվի։ Եթե ի հայտ չգան հավասարակշռող հանգամանքներ, այս ամենը կշարունակվի նաև հետո՝ իր բոլոր հետևանքներով»,- ասաց նա։
Ռուս թուրքագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եթե Ադրբեջանի նկատմամբ իրական ճնշումներ լինեն, ապա Ադրբեջանը կվերադառնա բանակցային նորմալ հուն, սակայն այդ ճնշումները չկան։
«Եթե միջանցք բառը սկսել են չօգտագործել, ուրեմն նկատել են, որ դա սուր է ընկալվում, փոխել են ձևակերպումները, սա նշանակում է, որ կարող են շատ բաներ փոխվել ավելի լուրջ քայլերի դեպքում, սակայն նման քայլեր դեռ չկան»,- ասաց ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին Ռաևսկին։