Պատերազմն անխուսափելի է լինելու. Ալիևին տված խոստումների ժամկետները լրացել են, դրա համար նա ակտիվացել է. Միջազգայնագետ
Մինչ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր, Ադրբեջանը տարածքային նոր պահանջներ է դնում Հայաստանի առջև, իսկ միջազգային տարբեր փորձագետներ ու դիվանագետներ էլ կանխատեսում են Հայաստանի դեմ նոր պատերազմ։
Տարվա սկզբին ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալը հարցազրույց էր տվել և ասել, որ տարին մարտահրավերներով լի է լինելու Հայաստանի համար։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանն ասաց, որ իսկապես Հայաստանը կանգնած է մեծ մարտահրավերների և Ադրբեջանի կողմից նոր պատերազմի առջև, հետևաբար՝ Վաալի ձևակերպումը սխալ չէ։ Քաղաքագիտական մեծ գիտելիքներ ունենալ պետք չէ, որպեսզի հասկանալ, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ խաղաղություն և խաղաղության պայմանագրի ստորագրում առհասարակ, քանի որ այդ երկիրն ամենօրյա ռեժիմով հայտարարում է, որ «Հայաստանն իր պատմական հայրենիքն է»։
«Նման պետության հետ առհասարակ պետք էլ չէ բանակցությունների մեջ մտնել։ Ինչպես ասել է Իսրայելի առաջին վարչապետ Գոլդա Մեերը՝ հնարավոր չէ պայմանավորվել մի կողմի հետ, ով եկել է քեզ սպանելու։ Հիմա նույնն Ադրբեջանի հետ է կապված, ի սկզբանե սա ծուղակ էր, և ես չգիտեմ, թե ում հորդորով էր, թեպետ կռահում եմ, Հայաստանը մտավ այս գործընթացի մեջ, հրաժարվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի արձանագրություններից, որը մեզ համար ավելի շահեկան իրավիճակ էր ապահովում, քան այս վիճակն է։ ՀՀ ղեկավարը տրվեց Արևմուտքից եկող խոստումներին, Արցախը հայտարարեց Ադրբեջանի մաս՝ հույս ունենալով, որ Արցախը կտա ու հանգիստ կապրի։ Հիմա ակնհայտ է, որ այս քաղաքականությունը ձախողվել է և ոչ մի պայմանագիր չի ստորագրվի։ Նաև ակնհայտ է, որ եղել են բանավոր ինչ-ինչ պայմանավորվածություններ ինչ-որ ժամկետների հետ կապված՝ խաղաղության դիմաց, այդ ժամկետները լրացել են, դրա համար Ալիևն ակտիվացել է»,- նշեց Գրիգոր Բալասանյանը։
Միջազգայնագետի խոսքով՝ այսօր Ալիևը Նիկոլ Փաշինյանից ըստ էության պահանջում է այն, ինչ իրեն խոստացել է միջազգային գործընկերների մասնակցությամբ։ Հետևաբար, հիմա եկել է «քարերը հավաքելու ժամանակը», դրա համար Ալիևն ավելի է կոշտացնում իր բառապաշարը՝ լարվածության մակարդակը բարձրացնելով և ճնշումների միջոցով փորձում Հայաստանին ստիպել գնալ զիջումների։
Հարցին՝ ովքե՞ր են Հայաստանի դաշնակիցները՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիային դիմակայելու դեպքում, Գրիգոր Բալասանյանը պատասխանեց, որ մշտապես ասել է՝ Արևմուտքից երբեք չպետք է ակնկալել աջակցություն, քանի որ Արևմուտքն ամեն ինչ անում է իր աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու համար։
«Հիմա էլ Ալիևի ու Թուրքիայի կողմից շատ զարմանալիորեն ու հանկարծակի առաջ բերվեց «Զանգեզուրի միջանցքի» թեման, սա համապատասխանում է Արևմուտքի շահերին։ Նրան ձեռնտու է բախում հրահրել Իրանի հետ և Իրանին ներքաշել պատերազմի մեջ, քանի որ Իրանի հետ կապված ունեն իրենց հաշիվները, որը չի համապատասխանում մեր ազգային ու պետական շահերին։
Ձեզ համար զարմանալի չէ՞, որ հանկարծ սկսեցին խոսել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վերականգնումից։ Սա խոսում է այն մասին, որ ՀՀ կառավարող ուժը, ովքեր ամենօրյա ռեժիմով այդ գործընթացի մեջ են, տարբեր տեղերից արդեն ստացել են ազդակներ, նաև նախազգուշացումներ, որ Ալիևը գնում է ռազմական բախման։
Սրանով էր պայմանավորված Իրանի արտգործնախարարի հանկարծակի այցը Հայաստանը, որտեղ հայտարարեց, որ Իրանի համար ՀՀ տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ» է։
Դրանով է նաև պայմանավորված Հունաստանի արտգործնախարարի այցը Հայաստան։ Չնայած հնչող տարօրինակ հայտարարություններին, որ Հունաստանը կարող է միջնորդ լինել և նպաստել Երևանի, Անկարայի և Բաքվի միջև հարաբերություների կարգավորմանը, ամեն դեպքում այստեղ չմոռանանք, որ Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության լուրջ փորձ ունենք։ Սա խոսում է այն մասին, և բոլորին ակնհայտ է, որ կողմերը պատրաստվում են պատերազմի։ Հայկական կողմի համար այնքան էլ հանկարծակի չի եղել Ալիևի հայտարարությունը, դրա համար ՀՀ ԱԳՆ-ն որևէ հակադարձում չի անում Ալիևի բարբաջանքներին»,- շեշտեց նա։
Գրիգոր Բալասանյանի դիտարկմամբ՝ Ալիևի այս հայտարարություններից հետո Հայաստանում պետք է շտապ հրավիրվեր ԱԺ արտահերթ նիստ, և առնվազն ԱԳ նախարարն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը, ովքեր համակարգում են Միացյալ Նահանգների հետ հարաբերություններն ու բանակցությունները, պետք է հրավիրվեն ԱԺ ու տան բացատրություններ, թեկուզ փակ ձևաչափով։
Նաև Պաշտպանության նախարարը պետք է նախաձեռնի ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդների հավաք, որտեղ պետք է ներկայացնի իրերի իրական վիճակը, հատկապես, երբ Ալիևը հայտարարում է, որ դուրս չեն գալու ՀՀ սուվերեն տարածքից։
«Այստեղ Հայաստանը պետք է հայտարարի, որ իրեն իրավունք է վերապահում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և ՄԱԿ կանոնադրության համապատասխան՝ ռազմական կամ հակաահաբեկչական գործողություններ սկսել Ադրբեջանի խմբավորումներից երկրի տարածքը մաքրելու համար։ Այսինքն՝ ասում են՝ ամեն ինչ խաղաղ է, բայց վերջում մենք ստանալու ենք ավելի վատ պատերազմ, սա ևս պետք է հաշվի առնել։ Հայաստանը պետք է կարողանա միջազգային գործընկերների միջոցով խուսափել այդ բախումից, արժանապատիվ դուրս գալ ու վերականգնել տարածքային ամբողջականությունը։ Բնական է, որ Հայաստանում ոչ մի նորմալ մարդ պատերազմ չի ուզում, բայց երբ անհնար է և այլ ելք չկա, կարծում եմ՝ պատերազմն անխուսափելի է լինելու»,- ընդգծեց միջազգայնագետը։
Ինչ վերաբերում է կարծիքներին, որ Սյունիքում Իրանն ու ՌԴ-ն ունեն հյուպատոսություններ, և Ադրբեջանը «միջանցք» ստանալու համար չի հարձակվի Սյունիքի վրա, Գրիգոր Բալասանյանը նկատեց՝ հույսը պետք է ոչ թե հյուպատոսությունների վրա դնել, այլ հայոց բանակի, աշխարհազորայինի։
«Ուզում եմ հարցնել, թե որտե՞ղ է կորել Երկրապահը և այս խառնակ իրավիճակում ո՞ր անկյուններում է սպասում ու ինչի՞ է սպասում։ Այժմ պետք է սահմանամերձ շրջաններում քայլեր ձեռնարկեին, թող անեն, բայց ոչ բացահայտ, բայց մենք վստահ լինենք, որ քայլեր ձեռնարկում են։
Վստահեցնում եմ, եթե մեկ-երկու լոկալ բախման ժամանակ ադրբեջանցիները տեսնեն հայկական կողմից ուժ, Ալիևը այլևս լկտի պահվածք չի դրսևորի, ինչն էլ կարող է ադրբեջանական զորքի մեջ լուրջ բարոյալքման պատճառ լինել»,- եզրափակեց Գրիգոր Բալասանյանը։