Աբսուրդ է. 160.000 դրամ աննպատակ բեռը դրել եք քաղաքացու ուսերին, ո՞վ է պատասխան տալու. Տիգրան Քեհյան

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեհյանի կարծիքով՝ նախորդ տարվա վերջին Երևանի ավագանու ընդունած «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» ավագանու որոշման նախագծով նախատեսվածն այն չէր, ինչը կարող էր լինել։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Տիգրան Քեհյանն իր կարծիքն այսպես պարզաբանեց ու ներկայացրեց հստակ հիմնավորումներ.

«Կայանատեղիի թանկացումն ինքնին չի կարող նպաստել քաղաքի բեռնաթափմանը և որևէ հատվածի երթևեկության թեթևացմանը։ Ես ձեզ մոտ գալուց նկատեցի, որ ամբողջ Պուշկին փողոցը երկու կողմերից զբաղված էր «կարմիր գծերով», մեքենաները կայանած էին։ Այսինքն՝ այս որոշումն ինքնին չի կարող քաղաքը բեռնաթափել, և երթևեկությունը ծանրաբեռնված էր։ Եթե նախագծի հեղինակն ուսումնասիրեր այն երկրները, որտեղից օրինակներ էին մեջբերում, ապա կտեսնեին, որ հենց այդ երկրներում երթևեկությունը չի թեթևացել։ Լավ կլիներ, որ ուսումնասիրեին հենց այդ երկրների երթևեկության կազմակերպումը, փորձեին դա ներդնել Երևան քաղաքում, այլ ոչ թե՝ կայանատեղիների թանկացումը։ Ես ասել եմ, հիմա էլ կասեմ՝ այս ամենը մեկ նպատակ ունի՝ քաղաքային բյուջեն լրացուցիչ գումարով ավելացնել։ Ցանկացած հարցի բարձրացման բեռ, ի վերջո, մնում է քաղաքացու ուսերին»,- ասաց մեր զրուցակիցը:

Նրա դիտարկմամբ՝ որոշման նախագծում հաշվի չեն առել փոքր կենտրոնում բնակվողների իրավունքները, այստեղ է Երևանի ավագանին նախատեսել, այսպես կոչված, Ա գոտին, որտեղ կայանելու համար սահմանվել է տարեկան 160 հազար դրամ վարձավճար։ Սա անհեթեթ է, ոտնահարվել է այդ մարդկանց սահմանադրական իրավունքը։

Կարդացեք նաև

«Ներդրվել է մի համակարգ, որը հունվարի 1-ից չի աշխատում, գործում է, բայց չի աշխատում։ Քաղաքապետարանի խոսնակն ասում է, որ կփորձեն մեղմ վարչարարություն անել, իսկ արդյո՞ք օրենք իրենց թույլ է տալիս, որ մեղմ վարչարարություն անեն։ Այսինքն՝ ընդունել են աբսուրդ որոշում, այդ ո՞ր օրենքով են մեղմ վարչարարություն անում, իրենց չարած աշխատանքի համար, իսկ ո՞վ է պատասխան տալու։ Պետք է իրենք հասկանային, եթե սրան պատրաստ չէին, չպետք է գնային նման որոշման։ Ցանկացած շտապողականություն ու չմտածված արարք բերում է խնդիրների, և, որը մենք ունենք։ Մենք ունենք այն, որ անիմաստ տեղը, աննպատակ թանկացրել ենք կայանատեղիների վճարը»,- շեշտեց Տիգրան Քեհյանը։

Նրա բնորոշմամբ՝ էականը ոչ թե ավտոկայանատեղիների թանկացումն է, այլ մոտեցումն ու գաղափարն է սխալ, որով արմատական փոփոխություն չի կատարվել, քանի որ անհեթեթ քայլի են գնացել։

«Ավելի արդար կլիներ, որ իրենք պարզ ասեին՝ ունենք բյուջեի ճեղքվածք, դրա համար էլ թանկացնում ենք կայանատեղիները։ Ինչո՞ւ ենք մենք միայն ավտոկայանատեղիները դիտարկում, այսօր պետական տուրքերի մեծ բարձրացում ենք ունեցել։ Այս ամբողջ բեռը դրվել է սպառողների՝ մեր ուսերին։ Քաղաքային իշխանությունը նստել-հաշվել է քաղաքացիների բյուջեն, տնտեսվարողների եկամուտները և որոշել մտնել այստեղ ու դառնալ բաժնետեր՝ գանձել գումարներ»,- ընդգծեց Տիգրան Քեհյանը։

 Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս