Քնելու կամ չքնելու խնդիրը մտել է այստեղ. Քոչարյանը՝ բանակում տեղի ունեցող սպանությունների մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ պետք է ունենալ կրթված զինվոր ու հրամանատար։
«Տեսեք, սպայակազմից մենք երկու սպա կորցրեցինք, հիմա ես չեմ ուզում նախաքննական բաների մեջ մտնեմ, բայց ցավալի է, որ զինվորը սպանել է սպայի։ Սա ինչ է նշանակում՝ բանակում կարևոր սկզբունք է խախտվել՝ եղբայրության ու հրամանատարության։ Այսինքն՝ այն բարքերը, որոնք թվում էր, թե մենք հաղթահարել ենք, քնելու կամ չքնելու խնդիրը, այդ երևույթները մտել են այստեղ։ Երբ ասում էինք, որ բանակից պետք է հեռու մնան խաղային, հեռախոսային բաները, որոնք ընտանիքներ են կործանում։
Խաղադրույք իրականացնող ընկերություններին ուղղակի խնդրում եմ՝ դադարեցրեք ձեր գործունեությունը, որովհետև այդ շահույթն արժենում է մարդկային կյանքեր, ընտանիքի, սպայակազմի կորուստներ։ Այսօր մեր բանակը ոչ միայն որակյալ սպայական կազմի կարիք է զգում, այլև ծառայակցի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Ըստ իշխանական պատգամավորի, պետք է ակտիվ աշխատեն, որպեսզի նման դեպքեր չլինեն, իսկ եթե ձախողեն, ապա ժողովուրդն ընտրության միջոցով իրենց պետք է փոխի։
Հիշեցնենք՝ հունվարի 9-ին ՊՆ N զորամասում տարբեր ժամերի գրանցվել էր երկու զինծառայողների մահվան դեպք։ Ինչպես տեղեկացրել էր Պաշտպանության նախարարությունը, հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Նույն օրը N մարտական դիրքում ժամը 06:20-ի սահմաններում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում