«Այդ 33.000 դրամն ինձ համար շատ խնդիրներ էր լուծում. դրանից էլ զրկվեցի». արցախցի

Ադրբեջանական ցեղասպանական գործությունների հետևանքով հայրենիքից ու ապրուստից զրկված արցախցիները ՀՀ-ում նույնպես մինչև օրս սոցիալական մեծ խնդիրների առջև են կանգնած:

Հադրութցի Հերմինե Սարգսյանի ընտանիքը երկու անգամ է տեղահանվել Արցախից: Դեռևս 2020 թվականին Հադրութից դուրս գալիս, ասում է, միայն հագի գիշերանոցով է լքել տունը՝ կյանքը փրկելու համար: Եկել են Հայաստանի Հանրապետություն: Ավելի ուշ վերադարձել է Արցախ, սակայն բարդ հղիության պատճառով նորից եկել է ՀՀ, որտեղ էլ որոշ ժամանակ անց երեխա է ունեցել: Այդ ընթացքում նրա ամուսինը գտնվել է Արցախում, մասնակցել Արցախի պաշտպանությանն ու ավելի ուշ հայտնվել գրեթե 10-ամսյա շրջափակման մեջ:

Այդ ամբողջ ընթացքում Հերմինեն կտրված է եղել Արցախից ու ամուսնուց: Վերջին իրադարձություններից հետո արդեն, ամեն ինչից զրկվելով, ամուսինը բռնի տեղահանվել է, իսկ իրենք հայտնվել են անելանելի իրավիճակում:

«Մենք արդեն 4-րդ ամիսն է, ինչ չենք ստանում իմ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար հասանելիք 33.000 դրամը: Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ դա մեր առաջնային կարիքները հոգալու միջոց էր: Գումարը ստանում էի, դրանով կարողանում էի 4 և մինչև 2 տարեկան երեխաներիս մինիմալ ծախսերը հոգալ: Երեխայիս համար առաջնային կարևորության ապրանքներ էինք ձեռք բերում: Հիմա դրանից էլ ենք զրկված: Չհաշված, որ մի շարք այլ գումարներ ևս չեն տալիս, օրինակ, բնակվարձը»,- հայտնեց արցախցի Հերմինե Սարգսյանը՝ հավելելով, որ իրեն ավելի վաղ ասել էին, որ պետք է իրենց բնակության տեղամասում հաշվառվի, որպեսզի կարողանա ստանալ գումարը:

Կարդացեք նաև

Գնացել է ու Նոր Հաճընի անձնագրային բաժնում անձը հաստատող փաստաթղթի նոր հայտ է ներկայացրել՝ բոլոր խնդիրներից խուսափելու համար: Խնդիրները, սակայն, ոչ միայն չեն լուծվել, այլև ավելացել են:

«Ինձ հետո ասացին, որ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխաների խնամքի նպաստ չի նախատեսվում տրամադրել Արցախից բռնի տեղահանվածներին: Այսինքն, ստացվում է, որ ինձ պես շատ մայրեր ու իրենց երեխաները դո՞ւրս են մնում այդ ծրագրից»,- վրդովմունք հայտնեց երկու երեխաների մայրը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների բաժնի պետ Տաթևիկ Միքայելյանը, անդրադառնելով խնդրին, 168.am-ին հայտնեց, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների համար գործում են ոչ թե Արցախի, այլ ՀՀ օրենքները:

«Մեր օրենսդրությամբ չեն կարող Արցախից տեղափոխվածների համար որոշակի առավելություններ սահմանվել նրանից, ինչ գործում է ՀՀ քաղաքացիների համար: Այսինքն, օրենսդրությամբ մենք առնվազն բերեցինք, հավասարեցրինք ու սահմանեցինք նույն պայմանները: Այդ պայմանների համաձայն, մինչև 2022 թվականը ծնված երեխաների խնամքի կապակցությամբ ծնողին խնամքի նպաստ է նշանակվում, եթե ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում, կամ, եթե ծնողն ունի ՀՀ գյուղական բնակավայրում առնվազն մեկ տարվա հաշվառում: Մեկ տարվա հաշվառումն Արցախի մեր հայրենակիցների դեպքում բացառում ենք: Այստեղ մնում է արձակուրդում գտնվելու պայմանը: Եթե անձը չի գտնվում մինչև 2023 թվականը ծնված երեխայի խնամքի արձակուրդում, նրան խնամքի նպաստ նշանակվել չի կարող: 2023 թվականից հետո ծնված երեխաների դեպքում կրկին մեր քաղաքացիների համար հավասարեցված նույն պայմաններով, ԼՂ-ից տեղահանված անձանց, անկախ խնամքի արձակուրդում գտնվելու պայմանից, կնշանակվի խնամքի նպաստ, եթե ՀՀ-ում ունի հաշվառում»,- մանրամասնեց Տաթևիկ Միքայելյանը:

Արցախից բռնի տեղահանված Լիաննա Պետրոսյանն էլ մեզ հայտնեց, որ սոցիալական աջակցությունից զրկված են ո՛չ միայն նորածինների մայրերը, այլև հաշմանդամություն ունեցող անձանց մինչև 18 տարեկան երեխաները:

«Արդեն վաղուց առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև շատանում են: Իրազեկվածության խնդիր կա: Այնտեղ նպաստ ստացողն իրազեկված չէ, որ զրկված է նպաստից: Ընդհանուր հայտարարվում է՝ նպաստների տրամադրման համար դիմումներն ընդունվում են, ընդունման համար պարտադիր է հաշվառումը: Հիմա շատ մարդիկ գնացել ու անցել են հաշվառման այդ փուլերը, բայց պարզվում է, որ իրենց, փաստորեն, չի հասնում նպաստ: Արցախում, անկախ նրանից՝ աշխատո՞ղ ծնող է, թե՞ չաշխատող, խնամքի արձակուրդո՞ւմ է գտնվում, թե՞ ոչ՝ բոլորը հավասարապես նույն նպաստը ստանում էին մինչև 2 տարեկան երեխայի համար»,- ասաց մեր զրուցակիցը:

Այդուհանդերձ, Սարգսյանների 6 հոգուց կազմված ընտանիքը նաև ֆինանսական շատ մեծ խնդիրներ ունի: Հերմինեի ամուսինն աշխատանքի համար վարձատրվում է ընդամենը 80.000 դրամով: Դա անգամ իրենց բնակարանի վարձավճարին չի բավականացնում: Ասում են՝ միայն տան վարձն է 100.000 դրամ: Սնունդն էլ չգիտեն՝ ինչպես հայթայթել՝ երեխաների գոյությունը պահպանելու համար:

«Հարցն այն է, թե մենք ինչով պետք է ապրենք: Ո՛չ կողմնակի գումար ենք ստանում, ո՛չ օգնություն է տրվում: Մի անտանելի իրավիճակում ենք հայտնվել: Մինչև ե՞րբ է մեր վիճակն այսպես լինելու: Ում դիմում ենք գումարի հարցով, ասում են՝ գնացեք, սպասեք: Ինչի այսքան սպասե՞լ կլինի, ոչ մի գումար չեն տրամադրում: Անգամ ամուսինս մինչև հիմա 100.000 դրամը չի ստացել: Գրում է՝ «մշակման փուլում» է: Մեզ էլ որևէ գումար չի փոխանցվել: Հիմա ես կարո՞ղ եմ տանտիրոջն ասել՝ 4 ամիս սպասի, մինչև ամեն ինչ կարգավորվի, որ կարողանամ գումարը տալ, կսպասի՞, իհարկե չէ: Վերջը կարո՞ղ է երեխաներիս հետ դրսում հայտնվենք»,- վրդովմունք հայտնեց Հերմինեն:

Իսկ արցախցի Լիանա Պետրոսյանը մեզ տեղեկացրեց, որ 100.000 դրամները չտրամադրելու դեպքերի վերաբերյալ համացանցում իր հրապարակած հարցման ներքո մոտ 2000 արցախցի է արձագանքել՝ հայտնելով, որ մինչև օրս չի ստացել այդ գումարը:

Այս հարցով ևս կապ հաստատեցինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը խոստացավ, որ այդ գումարի հետ կապված բոլոր խնդիրներն օրերի ընթացքում լուծվելու են:

«Մի քանի խնդրահարույց հարցեր կային, որոնք, ըստ ամենայնի, կլուծվեն արդեն առաջիկա օրերին: Խոսքը վերաբերում է, օրինակ՝ ցուցակներին, միգրացիայի տեղեկատվություններին, հաշվեհամար չունենալուն ու այլ կարգի հարցերի: Իսկ որ ասվում է՝ մշակման փուլում է, նշանակում է, որ այդ գործընթացների ուղղությամբ աշխատանքը շարունակվում է: 100.000 դրամները ստանալուց հետո կկարողանան օգտվել նաև աջակցության մյուս գումարներից»,- մանրամասնեց նախարարության ներկայացուցիչը:

Այսպիսի խնդիրներ ունեցող արցախցի ընտանիքներին վարչությունից խորհուրդ տվեցին նման դեպքերում դիմել տարածքային սոցծառայություն՝ ընտանեկան նպաստից կամ աջակցության այլ ծրագրերից օգտվելու համար:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս