Արշավ ենք կազմակերպելու ԵՄ ինստիտուտների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, ցանկանում ենք, որ քրիստոնեական վայրերը պահպանվեն ԼՂ-ում․ Հունաստանի ԱԳ նախարարը՝ Երևանում

«Հունաստանը շատ բան կարող է անել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համար»,- այս մասին այսօր Երևանում ասաց նախօրեին պաշտոնական այցով ՀՀ ժամանած Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններում Հունաստանի հնարավոր դերակատարությանը։

Գերապետրիտիսն ասաց, որ Հունաստանը միշտ պատրաստակամ կլինի սատարել ՀՀ կառավարությանն ու ժողովրդին։ Նա հիշեցրեց, որ արդեն իսկ խնդրել են, որպեսզի ՀՀ ԱԳ նախարարը մասնակցի ԵՄ ԱԳՆ-ների խորհրդին անցյալ սեպտեմբերին, Հունաստանը շարունակաբար հանդես կգա նման հանդիպումների նախաձեռնություններով այն երկրների դեպքում, որոնք կիսում են ԵՄ արժեքները։

«Կարծում եմ՝ հույժ կարևոր է, որպեսզի շարունակաբար շեշտադրենք Հայաստանի մասին եվրոպական տեսակետ, ինչո՞ւ, սա անում ենք ոչ միայն հանուն Հայաստանի ապագայի, այլև նպաստելու հայ ժողովրդի բարեկեցությանը, սա նաև կարևոր է Եվրոպայի համար։ Կարծում ենք, որ Հայաստանը Եվրոպայի կարևոր մասն է, պատմական կապեր կան»,- ասաց Հունաստանի ԱԳ նախարարը՝ հավաստելով, որ շարունակաբար կաշխատեն այս ուղղությամբ։

«Ես առաջարկում եմ պահը բաց չթողնել և ոչ միայն ՀՀ-ում ԵՄ առաքելության մասին խոսել, այլև այլ գործիքների կիրառման մասին մտածել, որ պետք է Հայաստանի համար գործարկվեն։ Օրինակ՝ Հունաստանը շուտով սատարելու է մի ծրագիր, որը ֆինանսավորելու է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց և նրանց կարիքները։ Ինչպես գիտեք, սուր են հատկապես կեցության հարցերում կարիքները, ուստիև աշխատելու ենք այս կարիքների ուղղությամբ։ Հույժ կարևոր է մեզ համար մշակութային վայրերի պահպանումը։

Մենք արշավ ենք կազմակերպելու ոչ միայն ԵՄ ինստիտուտների հետ համատեղ, այլև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, ցանկանում ենք, որ քրիստոնեական վայրերը պահպանվեն ԼՂ-ում և ուզում ենք ՅՈւնԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը տեղում լինի՝ բացահայտելու համար այն վայրագ վնասները, որ այս վայրերը կրել են ու կարող են կրել։ Հունաստանը միշտ պատրաստ է հուսալի դաշնակից լինել»,- ասաց Գերապետրիտիսը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս