«Սա ողբերգություն է իշխանության, ոչ թե եկեղեցու համար. իշխանությունը չի գիտակցում, որ ողբերգության մեջ է, ինչպես չի գիտակցում հայրենիքի կորուստը». Շիրակի թեմի առաջնորդ

Այս տարի Ամանորին Հանրային հեռուստաընկերության եթերում չհեռարձակվեց արդեն ավանդույթ դարձած՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի Ամանորի ուղերձը։

Մայր աթոռը պարզաբանում էր տարածել Վեհափառի ամանորյա ուղերձի` Հանրային հեռուստաընկերությամբ չհեռարձակվելու փաստի առիթով։

«Ցավոք, Ամանորի այս երեկո ստիպված պիտի լինենք անդրադառնալ տհաճ մի միջադեպի։

Անկախության պատմության ողջ ընթացքում, դեռևս Վազգեն Ա Հայրապետի ժամանակաշրջանից, ավանդաբար Հանրային հեռուստաընկերության եթերով Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ուղերձից անմիջապես առաջ հեռարձակվում էր Ազգիս Վեհափառ Հայրապետի ուղերձը։

Կարդացեք նաև

Այս տարի Հանրային հեռուստաընկերությունը, վերջին պահին, առանց որևէ պատճառաբանության տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր։ Փոխարենն առաջարկվեց Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից պատշաճ չնկատվեց և մերժվեց։

Մնացած բոլոր մեղադրանքներն ու վերագրումները հերյուրանք են, իսկ նման որոշման պատճառների վերաբերյալ հարկ է դիմել Հանրային հեռուստաընկերությանը»,- նշված էր Մայր աթոռի տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ 168.am-ին տեղեկություններ էին հասել, որ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է, ինչպես սովորաբար ամեն տարի, գիշերը հեռարձակել Վեհափառի Ամանորի ուղերձը, և անգամ իրենց հեռուստատեսային ցանցի մեջ այն նախատեսված չէր։ Երբ Վեհափառի ուղերձն արդեն պատրաստ է եղել, Հանրայինը Մայր Աթոռին տեղեկացրել էր, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, որ Վեհափառ հայրապետի խոսքը կարող են եթեր հեռարձակել միայն երեկոյան լուրերի թողարկման ընթացքում, այսինքն՝ լղոզել ու կորցնել Լուրերի թողարկման մեջ, ինչից, բնականաբար, Հայ Առաքելական սուրբ եկեղեցին հրաժարվել է։

Ինչո՞ւ է իշխանությունը վախենում Առաքելական եկեղեցուց: 2018-ի իշխանափոխությունից հետո նախ մեծ արշավ սկսեցին կաթողիկոսի և եկեղեցու դեմ, այնուհետև հանրակրթական դպրոցներից հանեցին «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, այսօր էլ արդեն փորձում են կաթողիկոսի Ամանորի ուղերձի ժամը փոխել։

168.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն անդրադառնալով վերը նշված հարցերին, նկատեց՝ իշխանությունը երևի վախենում է եկեղեցուց, ու պետք է վախենա իր խորքի մեջ, քանի որ ինքն անցողիկ է, իսկ եկեղեցին՝ մնայուն։

«Միշտ էլ անցողիկը մնայունից պիտի վախենա, խրոնիկ վախ պետք է ունենա, այդպես է»,- նշեց սրբազանը։

Նա հիշեցրեց, որ կաթողիկոսի Ամանորի ուղերձը եթեր չի հեռարձակվել Խորհրդային Միության տարիներին և դրանից առաջ, երբ չկար հեռուստացույց։

«Հայաստանի անկախության տարիներին Վեհափառի ուղերձը միշտ էլ եթերում հեռարձակվել է։ Հիմա իրենք չեն ասում, որ հրաժարվել են եթեր հեռարձակել, պարզապես ժամն են փոխել՝ տվել են երկրորդական ժամ։ Սա է խնդիրը։

Սա եղել է լավ ավանդություն, երևի ամենավերևի կանգնած այդ մարդը խանդով է վերաբերվել, որ իրենից առաջ պետք է Վեհափառը խոսի, և փորձել է Վեհափառի խոսքն ուղղել դեպի լուրեր, բնականաբար, Մայր աթոռը դրանից հրաժարվել է»,- հավելեց Շիրակի թեմի առաջնորդը։

Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գնահատմամբ՝ այս ամենը ժամանակավոր է՝ կապված օրվա իշխանությունների հետ, որի հեռանալուց հետո կվերականգնվի նախկին ավանդույթը։

«Այնպես որ, եղածը մի մեծ ողբերգություն չէ։ Սա ողբերգություն է իշխանության, ոչ թե եկեղեցու համար, բայց իշխանությունը չի գիտակցում, որ ինքը ողբերգության մեջ է, ինչպես չի գիտակցում հայրենիքի կորուստը։ Մի իշխանություն, որը չի գիտակցել հայրենիքի կորուստն իբրև ողբերգություն, կաթողիկոսի ուղերձի չհեռարձակումը որպես ողբերգություն կընդունի՞»,- եզրափակեց Շիրակի թեմի առաջնորդը։

Հիշեցնենք, որ տեղի ունեցածից օրեր անց հայտարարություն էր տարածել նաև Հանրային հեռարձակողի խորհուրդը, նշելով, որ Հանրային հեռուստաընկերությունը չի հրաժարվել հեռարձակել կաթողիկոսի ուղերձը։

«Ցավոք, դեկտեմբերի 31-ին Մայր Աթոռի անունից Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Հանրային հեռարձակողի խորհրդին տեղեկացրել է, որ անհամաձայնություն են հայտնում ուղերձների համար նախատեսված ժամի վերաբերյալ և պահանջում են չհեռարձակել և ընդհանրապես չօգտագործել Կաթողիկոսի ուղերձի տեսագրությունը, որի հեղինակային իրավունքները պատկանում են Մայր Աթոռին։

Քանի որ պահանջը միայն Հանրային հեռուստաընկերությանն էր առնչվում, Խորհրդին ենթակա «Շողակաթ» հեռուստաալիքը և Հանրային ռադիոն ուղերձը հեռարձակել են, իսկ Հանրային հեռուստաընկերության եթերի վերաբերյալ բանավոր դիմումը բավարարվել է։ Ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ Հայաստանում չկա օրենսդրական կարգավորում, և հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները, ինչն էլ տեղի է ունեցել։ Հաշվի առնելով հանրային լայն արձագանքը՝ առաջարկում ենք խնդիրը կարգավորել օրենսդրական դաշտում։

Ափսոսում ենք այս միջադեպի համար և հույս ունենք, որ այն որևէ կերպ չի անդրադառնա Հանրայինի և Մայր Աթոռի համագործակցության վրա»,- նշված էր հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս