«Ռուսների արած միակ դրական բանն այն է, որ հայերի ելքը Ղարաբաղից խաղաղ է եղել». Թոմ դը Վաալ

Ռուսների արած միակ դրական բանն այն է, որ հայերի ելքը Ղարաբաղից խաղաղ է եղել: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ռուսները իրենց լռությամբ փաստացի անցան Ադրբեջանի կողմը ու նույնիսկ ինչ-որ չափով օգնում էին Ադրբեջանին՝ ԼՂ-ն հայաթափելու գործում, օրինակ, երբ ադրբեջանցիները վերջին անգամ հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի վրա՝ ստիպելով նրա հայ բնակչությանը հեռանալ, գյուղերից հաղորդումներ էին լինում, որ սկզբում ռուսները գալիս էին ու փորձում համոզել հայերին վայր դնել զենքերը և պարզապես փախչել դեպի Հայաստան։

«Ակնհայտ է, որ մենք շատ տեղեկություններ չունենք։ Սա, անշուշտ, մի մասն է բարձր մակարդակի զրույցների՝ նախագահներ Ալիևի և Պուտինի միջև, ովքեր, իհարկե, միմյանց շատ լավ ճանաչում են արդեն 20 տարի: Կարծում եմ՝ մենք նույնը քննարկել ենք նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված իրադարձությունների համատեքստում։ Արդյո՞ք Ռուսաստանը թույլ էր տալիս, որ դա տեղի ունենա, թե՞ Ռուսաստանը չափազանց թույլ էր:

Ենթադրում եմ, որ դա երկուսի համադրությունն է: Ռուսաստանը շատ ավելի թույլ է, Ադրբեջանը օգտագործում էր դա։ Բայց, վստահաբար, կարծում եմ, որ Ռուսաստանը հաստատ կարող էր կանխատեսել այդ ծավալի օպերացիան, այդ մասշտաբի գործողությունը, նրանք կարող էին տեսնել դրան նախորդող ռազմական նախապատրաստությունը։ Նրանք ունեին իրենց տեղեկությունը, ունեին իրենց աղբյուրները, և ոչինչ չձեռնարկեցին՝ դա կանխելու համար։ Այնպես որ, ինչ-որ առումով ես սա դիտարկում եմ որպես Մոսկվայի կողմից ոչինչ չանելու միտումնավոր որոշում:

Կարծում եմ, որ ռուսների արած միակ դրական բանն այն է, որ հայերի ելքը Ղարաբաղից խաղաղ է եղել։ Իհարկե, կան մարդիկ, որ զոհվել են ճանապարհին, սակայն ադրբեջանական կողմից բռնություն չի եղել։ Նրանք նպաստեցին նրան, որ Ղարաբաղից հայերի զանգվածային ելքը լինի խաղաղ։ Բայց դրանից զատ, այո՛, թույլ տվեցին, որ դա տեղի ունենա։ Իսկ Բաքվի և Մոսկվայի միջև, անշուշտ, շատ կապեր կան»,-ասել է Վաալը:

Անդրադառնալով նրան, որ Հայաստանը սկսել է քայլեր ձեռնարկել ՌԴ-ից կախվածությունից դուրս գալու համար՝ ձգտելով դիվերսիֆիկացնել իր արտաքին հարաբերությունները, պաշտպանության և անվտանգության ոլորտում իր քաղաքականությունը, փորձագետն ասել է. «Սկսենք նրանից, որ, իհարկե, Հայաստանը միշտ էլ փորձել է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը։ Այդպես է եղել և 90-ականներին Տեր-Պետրոսյանի օրոք, դա անվանում էին կոմպլեմենտար քաղաքականություն, երբ կային կապեր Եվրոպայի, ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի հետ։ Ռուսաստանը պետք է լիներ բազմաթիվ գործընկերներից միայն մեկը:

Ռազմական և տնտեսական կախվածությունը Մոսկվայից շատ ուժեղացավ, հատկապես Ռոբերտ Քոչարյանի օրոք, երբ բոլոր տնտեսական ակտիվները փոխանցվեցին Ռուսաստանի վերահսկողությանը, երբ եղավ Գյումրիի ռազմաբազայի ընդլայնումը և այլն։ Այսպիսով, դա էր իրականությունը, և այդ կախվածությունը դեռ շարունակվում է: Նայեք թվերին. Հայաստանի գազի 80 տոկոսից ավելին դեռ գալիս է Ռուսաստանից՝ Վրաստանի տարածքով, ցորենի 90 տոկոսը գալիս է Ռուսաստանից։ Ակնհայտորեն Ռուսաստանի հետ առևտուրը շարունակում է կարևոր մնալ ու այդ առևտուրը կատարվում է Վրաստանի տարածքի միջոցով։ Երբ Ռուսաստանը փակում է Լարսի անցակետը, դա ազդում է Հայաստանի տնտեսության վրա։

Ազդեցության բոլոր լծակները դեռ կան, սակայն, վստահաբար, այժմ ջանքեր են գործադրվում հեռանալ դրանից: Կարծում եմ՝ ոմանք կասեն, որ դա այնքան էլ հմտորեն չի արվում, որ գուցե խելացի կլիներ ավելի շատ հեռանալ ռուսական կախվածությունից և ավելի քիչ խոսել դրա մասին։ Բայց Նիկոլ Փաշինյանի այս իշխանությունը, կարծես թե, ավելի շատ է խոսում ու քիչ անում, որը գուցե ռազմավարական առումով այդքան էլ խելացի չէ, բայց հաստատ այդ փոփոխությունն այժմ ընթացքի մեջ է»:

Տեսանյութեր

Լրահոս