«Տքնաջան աշխատանք է պետք. ֆիքսվել հայտարարությունների կամ ժամանակագրությունների վրա՝ իրական օրակարգից շեղում է». Հակոբ Հակոբյան
Վերջին շրջանում հնչում են տարբեր կարծիքներ, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, ինչպես նախորդ տարվա սեպտեմբերի 20-ին ստորագրեց, այսպես կոչված, Արցախի Հանրապետության լուծարման վերաբերյալ փաստաթուղթը և դրա մասին հայտարարեց, այնպես էլ հիմա պետք է հրապարակավ հայտարարի, որ Արցախի Հանրապետությունը չի լուծարվում։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր և համանախագահ Հակոբ Հակոբյանն անդրադառնալով այս թեմային՝ ասաց՝ ինչպես անիմաստ է միայն ասել, թե Արցախի Հանրապետությունը չի լուծարվում և վերջ, այնպես էլ անիմաստ է խոսել միայն այս հայտարարության մասին ու ոչինչ չանել։
«Արցախի Հանրապետության կամ Արցախի հայկականության պահպանման համար, այս ամբողջ իրադարձություններից հետո պետք է օր ու գիշեր տքնաջան աշխատել։ Արցախից արցախահայության բռնի տեղահանման, նրանց ցեղասպանելու ու իրենց բնօրրան վերադառնալու հարցերն ակտիվորեն պետք է բարձրաձայնվի միջազգային հարթակներից։
Կրկնում եմ՝ առավոտից երեկո պետք է աշխատել և ուղղակի ֆիքսվել այդ հայտարարությունների կամ ժամանակագրությունների վրա, կարծում եմ՝ իրական օրակարգից շեղում է»,- նշեց Հակոբ Հակոբյանը։
Ինչ վերաբերում է հայտարարություններին, որ Արցախի նախագահը պետք է հրապարակային հայտարարի, որ Արցախը չի լուծարվում, Հակոբ Հակոբյանի մեկնաբանությամբ՝ սա Արցախի նախագահին և նախագահականին վերաբերող հարց է։ Նաև միջազգային իրավունքի և իրավաբանության հարց է, որոնք պետք է այս մասին քննարկումներ իրականացնեն և որոշեն անելիքները, թե ինչ է պետք անել այդ հարցի շուրջ։
«Կարևորն այն է, որպեսզի մենք կարողանանք պահպանել Արցախի սուվերենությունը, արցախահայության իրավունքները, աշխարհին ցույց տալ, որ Ադրբեջանի նման պետությունը 21-րդ դարում ցեղասպանության փորձ է արել Արցախում՝ հայ ժողովրդի նկատմամբ։ Մենք շատ անելիքներ ու լուրջ քննարկումների գործընթաց ունենք, պետք է այս ուղղությամբ մտածենք»,- շեշտեց Հակոբ Հակոբյանը։
Միաժամանակ Հակոբ Հակոբյանը նկատեց՝ թեև արցախահայության համար սպասելի էր, որ Նիկոլ Փաշինյանը կամ ՀՀ այլ պաշտոնյաներ իրենց ուղերձներում չեն հիշատակելու Արցախի ու արցախահայության մասին, բայց ցավալի էր, որ կոնկրետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում որևէ հիշատակում չարեց հայ զինվորի մասին։
«Մենք նաև չլսեցինք հայ զինվորի, սահմանը պահող զինվորի մասին մեկ խոսք։ Անկեղծ, նրա ուղերձը նման էր այն քաղաքականությանը, որն արդեն քանի տարի շարունակ վարում է այս քաղաքական ուժը։ Այսինքն՝ այնպես անել, որպեսզի թշնամին չզայրանա, թշնամու ասածներն անել, որպեսզի կարողանա հասնել հաջողության՝ «խաղաղության պայմանագրին»։ Այս ամենը սպասելի էր։ Մի իշխանություն, որը կատարում է թշնամու բոլոր պահանջները, ինչ է թե՝ հասնեն ինչ-որ պայմանագրի, այդ իշխանությունից ինչ-որ բան չպետք է սպասել, առավել ևս՝ Արցախի վերաբերյալ որևէ խոսք ասելուն»,- եզրափակեց Հակոբ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Ադրբեջանն ավելի քան 9 ամիս Արցախը պահելով շրջափակման մեջ, սեպտեմբերի 19-ին սկսեց պատերազմական գործողություն, որի թիրախում խաղաղ բնակիչներն էին։ Պատերազմի արդյունքում զոհվեցին տասնյակ երեխաներ, հարյուրից ավելի քաղաքացիական անձինք, եղան նաև գերեվարվածներ։ Նախօրեին ՀՀ ՔԿ-ի հրապարակած տվյալներով էլ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՊԲ-ն տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են։ Զոհերի թվում կա 5 անչափահաս։
Անցյալ տարի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ցեղասպանության ու էթնիկ զտման վտանգի տակ, հաշված օրերի ընթացքում արցախահայերը բռնի տեղահանվեցին իրենց բնօրրանից։ Արցախի «լուծարման» վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու մասին հաղորդագրություն տարածվեց, թե իբր Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որը, սակայն, մինչև օրս չի հրապարակվել և որևէ մեկը չի տեսել։