Եթե կախիչն ու բասկետբոլի վահանակը պաշտոնանկության առիթ էին` ինչո՞ւ Պաշտպանության նախարարը կամ ԳՇ պետը չհեռացվեցին, երբ 15 զինծառայող ողջակիզվեց. Սուրեն Սուրենյանց
2024 թվականը Հայաստանում մեկնարկեց պաշտոնանկումներով ու նոր նշանակումներով: Մասնավորապես, դեռևս օրեր առաջ ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն ազատվեց աշխատանքից, ում փոխարինելու եկավ Մխիթար Հայրապետյանը:
Կառավարության որոշմամբ՝ պաշտոններից ազատվեցին նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ու Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ օրերս Փաշինյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահի ու Լոռվա մարզպետի ուղեկցությամբ Լոռու մարզում ծանոթացել էր կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Այցի ընթացքում նա եղել էր մարզի տարածքում կառուցվող մոդուլային դպրոցներում, բոլորում էլ բազմաթիվ խնդիրներ էր արձանագրել՝ հայտարարելով, որ չի հանդուրժելու այդ իրավիճակը:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ մեր երկրում գործող համակարգի գործունեության մեջ կան բազմաթիվ բացեր:
Ըստ որում, այս դեպքում ամենաէականը ոչ այնքան կադրային խնդիրներն են, որքան մատնանշված պաշտոնանկումներին նախորդած՝ Փաշինյանի դժգոհ հայտարարությունների ենթատեքստը, այն է՝ կառավարման արդյունավետ համակարգի բացակայությունը:
«Անկախ նրանից, թե նրա խոսքն ինչպես կփաթեթավորվի, նա արձանագրում էր անում, որ 6 տարում իրեն չի հաջողվել ստեղծել համակարգ, որն արդյունավետ կկառավարի: Իր խոսքը բավականին խոսուն է, ասում էր՝ «եթե 3 անգամ մի տեղ չեմ գնում, ինչ-որ աշխատանք չի արվում»: Դուք չեք գտնի մի արդյունավետ կառավարվող երկիր, որտեղ ղեկավարը զբաղվում է նման հարցերով: Բոլոր տեղերում ստեղծվում են արդյունավետ կառավարման համակարգեր, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր գործը՝ նույնիսկ ղեկավարի ֆունկցիոնալ բացակայության պայմաններում»,- ասաց քաղաքագետը:
Որպես հավելում, այդուհանդերձ, Սուրենյանցն արձանագրեց, որ Հայաստանում վարվող «կադրային քաղաքականությունը նույնպես խայտառակ վիճակում է»: Հանրությունն այդպես էլ չի իմանում ո՛չ պաշտոնանկումների, ո՛չ նշանակումների պատճառն ու հիմքը:
«ԲՏԱ նախարարը պաշտոնանկ եղավ, նրա փոխարեն նշանակվեց Մխիթար Հայրապետյանը: Մենք չգիտենք, թե ինչ չափանիշներից ելնելով է այդ մարդը նշանակվել: Կամ՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունում նշանակվում է Երևանի նախկին քաղաքապետը: Այս ամենը ենթադրում է, որ իշխանությունը ֆունկցիոնալ ճգնաժամի մեջ է: Այսինքն, և՛ արդյունավետ կառավարման համակարգ չի կարողացել ստեղծել, և՛ կադրային բազա՝ սպասարկելու համար այն օրակարգը, որը հռչակվել է»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ «այս քաոտիկ» ազատումներն ու նշանակումները որևէ հարց չեն լուծի, եթե չի ձևավորվելու կառավարման այդ արդյունավետ համակարգը: Իսկ դրա համար, ըստ նրա, պետք է իրականացնել ֆունկցիոնալ դերաբաշխվածություն, բացառել կամ առնվազն կառավարել հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ու համալրումն իրականացնել կոմպետենտ կադրերով:
«Այսինքն, պետք է փոխել ամբողջ իշխանության քաղաքականությունն ու ներմուծել մերիտոկրատիկ մոտեցում: Պետք է նշանակվեն ոչ թե ընտանիքին կամ կուսակցությանը մոտ կանգնած մարդիկ, որոնք, ըստ էության, չեն տիրապետում իրավիճակին, այլ ոլորտի պրոֆեսիոնալները: Եկեք համաձայնենք, որ շատ տխուր պատկեր է, երբ երկրի առաջին դեմքը, բավական չէ, գնում է շինհրապարակ կամ շինօբյեկտ, որն արդեն պետք է շահագործման հանձնվի, պարզվում է, որ բազմաթիվ խոտաններով է դա իրականացվել, ինչի մասին ինքն անձամբ էլ խոստովանեց, որ դա առաջին դեպքը չէ»,- հիշեցրեց Սուրեն Սուրենյանցը:
Նա անդրադարձավ նաև դպրոցների իրավիճակով պայմանավորված պաշտոնանկումներին՝ արձանագրելով, որ մեր երկրում գործում են երկակի ստանդարտներ:
«Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն ու Լոռվա մարզպետն ազատվեցին, որովհետև այդ դպրոցներում այդ վիճակն էր, չէ՞: Եթե կախիչը, բասկետբոլի վահանակը, սպորտդպրոցի ո՛չ պատշաճ վիճակն առիթ է, որ մարդիկ ազատվեն, շատ լավ: Բա այդ դեպքում ինչո՞ւ Պաշտպանության նախարարը կամ ԳՇ պետը պաշտոնանկ չարվեցին, երբ անցած տարի հենց այս օրերին 15 զինծառայող ողջակիզվեց»,- հարցադրում հնչեցրեց Սուրենյանցը՝ հավելելով, որ տեղի ունեցողը շատ վատ բեմականացված PR-ի է նման:
Ճշտող հարցին, թե արդյո՞ք սա կապված է նաև առաջիկայում հնարավոր արտահերթ ընտրությունների հետ՝ Սուրենյանցը տեսակետ հայտնեց, որ թեև Փաշինյանն ընտրությունների անցկացման ցանկություն ունի՝ Արցախի կործանումը «լեգիտիմացնելու» համար, բայց դա իրականացնելու համար նրան պետք են արտաքին աշխարհից ստացված երաշխիքներ:
«Իրեն, օրինակ, երաշխիք է պետք առ այն, որ Ալիևը կգնա փաստաթղթի ստորագրման: Այսօր աշխարհաքաղաքական որևէ կենտրոն Փաշինյանին նման երաշխիք չի կարողանում տալ»,- ասաց Սուրենյանցը՝ համոզմունք հայտնելով, որ արտաքին քաղաքական հարթակում ձախողումը Փաշինյանը փորձում է «փակել» ներքին հարթակով: Նպատակ ունի ստեղծելու «ուժեղ ղեկավար»-ի կերպար:
«Ուժեղ ղեկավարի հատկանիշները, սակայն, արդյունավետ համակարգ ստեղծելն է, ոչ թե լուզեր ու ձախողված պաշտոնյաների հաշվին ինքնահաստատվելը: Ինքն է մեղավոր, որ իրեն խաբում ու այդ շինարարությունն անորակ են անում: Ինքն է մեղավոր, որ մինչև ինքը չի միջամտում գործին, իր ստորադասներն արդյունավետ աշխատանք չեն կատարում, ինչը նաև ինքն էր խոստովանում: Դա խոսում է իշխանության ֆունկցիոնալ չգոյության մասին: Ինքը շատ լուրջ հետևություններ անելու անհրաժեշտության առջև է կանգնած. կա՛մ պետք է փոխի իշխանության գործունեության փիլիսոփայությունը, կա՛մ պետք է երկրում իսկապես արմատական փոփոխություններ լինեն: Առաջին տարբերակի իրականացմանն ինքը չի հավատում, որովհետև, օրինակ, Ռոբերտ Խաչատրյանին փոխարինելու է եկել Մխիթար Հայրապետյանը, ով հայտնի է Փաշինյանի ընտանիքին իր հավատարմությամբ ծառայելով:
Նրա մասնագիտական ոչ մի հատկանիշի մասին որևէ մեկս որևէ բան չգիտենք, չնայած նախարար է՛լ է եղել, պատգամավոր է՛լ: Իսկ նախարար եղած ժամանակ Սփյուռքի հետ գործակցությունը տեսականորեն որևէ աճ էլ չի գրանցել, ընդհակառակը, հենց այդ փուլում ՀՀ- Սփյուռք հարաբերությունների ճգնաժամն ավելի խորացավ: Կամ՝ ինքն ի՞նչ պետք է անի ԲՏԱ ոլորտում: Դա այն քիչ նախարարություններից մեկն է, որ որոշակի մասնագիտական ունակություններ է պահանջում՝ ոլորտի զարգացման համար նորարարական լուծումներ առաջարկելու առումով»,- ասաց Սուրենյանցը:
Անդրադառնալով Փաշինյանի գործելաոճին՝ քաղաքագետը նկատեց, որ այդտեղ բավականին ակնհայտ է հատկապես որոշ քաղաքական գործիչների նմանվելու ձգտումը:
«Փաշինյանին խորհուրդ կտայի հնարավորինս քիչ կապկել, նմանակել, օրինակ՝ Պուտինին կամ Լուկաշենկոյին: Նրանք ավտորիտար ղեկավարներ են: Երբ իրենք գնում ու իրենց ստորադասներին այդ կարգի դիտողություններ կամ նկատողություններ են անում, դա սովորական երևույթ է իրենց համակարգի համար: Ինքը մի կողմից՝ խոսում է ինչ-որ արևմտյան արժեքների, դեմոկրատիայի ու այլ բաների մասին, մյուս կողմից՝ PR նպատակներով ստորադասին նվաստացնում է: Դա պետք չէ անել, պետք է պարզապես ձևավորել աշխատող համակարգ»,- եզրափակեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
Նազելի Ստեփանյան