Բաքուն ձգտում է ճնշել Երևանին, սահմանամերձ շրջաններում ավելի շատ ներխուժումները՝ հողերի զավթումները, աներևակայելի չեն․ Միջազգային ճգնաժամային խումբ
Բրյուսելում տեղակայված Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group), որը զբաղվում է հակամարտությունների խնդիրներով, հունվարի 1-ին հրապարակած զեկույցում առանձնացրել է տասը հակամարտություն, որոնց պետք է ուշադրություն դարձնել 2024 թվականին։ Տասը հակամարտություններն են՝ Գազա, լայն Միջին Արևելքում պատերազմ, Սուդան, Ուկրաինա, Մյանմար, Եթովպիա, Սահել, Հայիթի, Հայաստան-Ադրբեջան, ԱՄՆ-Չինաստան։
Զեկույցի «Հայաստան և Ադրբեջան» հատվածում նշվում է, որ անցյալ տարի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կայծակնային հարձակումը դրդեց այնտեղ ապրող գրեթե բոլորին՝ ավելի քան 100.000 մարդու, փախուստի, ուստի այս տարի հարցն այն է, թե արդյո՞ք Ադրբեջանն ավելի առաջ կգնա, թե՞ 2023-ի վերջին բանակցությունները, կարծես թե, որոշակի առաջընթաց կտան, ու Ադրբեջանը և Հայաստանը վերջապես կգտնեն խաղաղության ճանապարհը: ՄՃԽ դիտարկումների համաձայն, Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի գործողությունը, կարծես թե, ավարտին է հասցնում, գոնե առայժմ, վիճելի անկլավի շուրջ տասնամյակներ տևած հակամարտությունը։
«Տարիներ շարունակ Բաքվի և Երևանի միջև բանակցությունները ոչ մի տեղ չէին հասնում: Մինչդեռ Ադրբեջանը կուտակեց ռազմական ուժ և 2020 թվականին Թուրքիայի աջակցությամբ հետ վերցրեց Լեռնային Ղարաբաղը շրջապատող շրջանները և բուն անկլավի մի մասը: 6 շաբաթ տևած դաժան մարտերից հետո Ռուսաստանը միջամտեց, և հրադադար հաստատվեց, որը վերահսկելու համար այնտեղ խաղաղապահներ ուղարկեց:
Բայց երբ Մոսկվան խճճվեց Ուկրաինայում, Բաքուն կարծես զգաց, որ կարող է ավարտին հասցնել աշխատանքը: 2022 թվականի ընթացքում նա գրավել է մի քանի ռազմավարական տարածքներ, այդ թվում՝ առաջնագծի երկայնքով։ Այնուհետև ավելի քան 9 ամիս շրջափակեց Լաչինի միջանցքը, որն ապահովում էր Լեռնային Ղարաբաղի մուտքը Հայաստան և արտաքին աշխարհ: Սեպտեմբերին նրա զորքերը ներխուժեցին անկլավ՝ մեկ օրում հետ վերցնելով այն, և էթնիկ հայերը լքեցին իրենց տները»,- գրված է զեկույցում, հավելելով, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենացավալի կռվախնձորն էր, և ոչ միակը։
Ըստ ՄՃԽ վերլուծաբանների, երկու երկրները վիճարկում են իրենց դեռևս չսահմանազատված սահմանը, որտեղ իրենց զինվորականները դիմակայում են՝ հաճախ միմյանցից ընդամենը մեկ մետր հեռավորության վրա:
«2020 թվականի պատերազմի ավարտի և Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման միջև ընկած ժամանակահատվածում սահմանային բախումներն ավելի մահացու էին, քան Ղարաբաղի հետ կապված բախումները։ Ավելի կարևոր է, որ Ադրբեջանը ցանկանում է ցամաքային միջանցք բացել դեպի Նախիջևան՝ ադրբեջանական էքսկլավ Հայաստանի հարավ-արևմուտքում, որը սահմանակից է Թուրքիային և Իրանին: Բաքուն կարծում է, որ Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված գործարքը, որը վերջ դրեց 2020 թվականի մարտերին, պարտավորեցրեց Երևանին թույլ տալ նրան անցում կատարել միջանցքով: Այդ ճանապարհը կհեշտացնի առևտուրը Թուրքիայի հետ, բայց կշրջանցի Իրանը, հետևաբար՝ կա Թեհրանի ընդդիմությունը։ Արդեն 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զորքերը մտել են Հայաստան, իսկ ոմանք մնացել են ներսում: Ադրբեջանական մի քանի նոր դիրքեր նայում են կիրճին, որով ճանապարհ է անցնում դեպի էքսկլավ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն իսկապես հնարավորություն են։ Դեկտեմբերի համաձայնագիրը, որը բանակցվել է՝ առանց երրորդ կողմերի ներկայության, հանգեցրել է ռազմագերիների փոխանակմանը, խոստացել է կարգավորել հարաբերությունները և ներառել Հայաստանի աջակցությունը 2024 թվականին կլիմայի համաշխարհային գագաթնաժողովը COP29-ին ընդունելու Ադրբեջանի հայտին: Բաքուն և Երևանն ասում են, որ կշարունակեն բանակցությունները, և ակնկալում են շուտով գործարք, թեև սահմանի և միջանցքի փշոտ հարցերը մնում են»,- Հայաստան-Ադրբեջան ներկայիս խնդիրները նման կերպ է մեկնաբանում ՄՃԽ-ն։
Հետազոտական այս կենտրոնում կարծում են, որ եթե բանակցություններն արդյունք չտան, Բաքուն կարող է կորցնել համբերությունը, ինչպես դա արեց Լեռնային Ղարաբաղի հարցում:
«Ամենայն հավանականությամբ, Բաքուն ձգտում է ճնշել Երևանին. սահմանամերձ շրջաններում ավելի շատ ներխուժումներն աներևակայելի չեն։ Հողերի զավթումը, օրինակ՝ տարանցիկ ճանապարհի բռնագրավումը, որը կկտրի Հայաստանի հարավային ծայրամասի հարյուր-հազարավոր մարդկանց երկրի մնացած հատվածից, կհանգեցնի արևմտյան պետությունների, Իրանի և Ռուսաստանի զայրույթին: Դա շատ ավելի լկտի քայլ կլինի, քան մարդկանց դուրս մղելը Լեռնային Ղարաբաղից, որն աշխարհն արդեն ճանաչեց՝ որպես տեղահանված հայերին Ադրբեջանի կողմից հասցված տրավմա: Հատկապես դժվար է պատկերացնել, որ դա տեղի կունենա մի տարում, երբ Բաքուն կարող է ընդունել կլիմայի գլոբալ գագաթնաժողովը։ Ադրբեջանցի պաշտոնյաները պնդում են, որ իրենք աչք չունեն հայկական հողի վրա և նույնիսկ Իրանի միջոցով առաջարկել են այլընտրանքային տարանցիկ ուղի:
Սակայն, որքան էլ վատ գաղափար լինի հարձակումը, մի միջավայրում, որտեղ Բաքուն, ինչպես շատ մայրաքաղաքներ, զգում են՝ ուժի կիրառման հարցում համաշխարհային սահմանափակումները թուլանում են, հայ և արևմտյան պաշտոնյաները լիովին չեն բացառում այդ հնարավորությունը»,- գրված է Միջազգային ճգնաժամային խմբի տարեսկզբի զեկույցում։
Պատրաստեց՝ Արաքս Մարտիրոսյանը