Բելգորոդի շրջանում պայթյուններ են տեղի ունեցել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը Բելգորոդի մարզի երկնքում ոչնչացրել են 12 հրթիռ։ Գերատեսչությունը նշում է, որ հարձակումն իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերը՝ արձակելով մարտավարական հրթիռային համալիրի 6 «Տոչկա-Ու» և համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 6 «Օլխա» հրթիռ։
Միևնույն ժամանակ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ հունվարի 3-ի առավոտյան Բելգորոդ քաղաքում արձանագրվել է 2 գնդակոծություն։
«Բելգորոդում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Առավոտից երկու գնդակոծություն է տեղի ունեցել։ Աշխատել են ՀՕՊ համակարգերը», – նշել է Գլադկովը։
Նահանգապետը Telegram-ի իր ալիքում նաև հայտնել է, որ դեկտեմբերի 30-ին ուկրաինական հարձակման հետևանքով վիրավորվածներից 70-ը դեռ մնում են հիվանդանոցներում։
ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 30-ին Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել էին Բելգորոդի կենտրոնը՝ օգտագործելով կասետային զինամթերքով երկու հրթիռ և չեխական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգի արկեր։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 25 մարդ, այդ թվում՝ 5 երեխա, ավելի քան 100 մարդ վիրավորվել է։ Վնասվել են տասնյակ բնակելի շենքեր և քաղաքացիական օբյեկտներ։
Իր հերթին «Ուկրաինսկայա պռավդա» պարբերականը հաղորդում է, որ հունվարի 2-ին ռուսական կողմը «Շահիդ» անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև թևավոր և գերձայնային հրթիռներով հարվածել է Ուկրաինայի խոշոր քաղաքներին, հիմնական թիրախում է եղել Կիևը։ Ռուսական հարվածների հետևանքով 5 մարդ է զոհվել, շուրջ 130 մարդ՝ վիրավորվել։