Փաշինյանը վախեցա՞վ Մոսկվայի պատժիչ գործողություններից

Շուրջ կես տարվա բոյկոտից հետո Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի վերջին մեկնեց Սանկտ Պետերբուրգ՝ երկօրյա աշխատանքային այցի ընթացքում մասնակցեց՝ ինչպես ԵԱՏՄ խորհրդի պաշտոնական նիստին, այնպես էլ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հետ ոչ պաշտոնական հանդիպումներին։

Կարևորելով, որ 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մարմիններում նախագահությունը, Փաշինյանը նիստի շրջանակներում հնչեցրած ելույթում շեշտել էր.

«ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ։ Մենք շարունակում ենք այն այդպես ընկալել և հենց այս համատեքստում զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը։ ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ: Առևտրի և ինտեգրման հիմնարար ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն՝ քաղաքական նկատառումներից ելնելով, դա միանշանակ կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կոռոզիայի», -իր տեսակետը հիմնավորել է Փաշինյանը։

168.am հետ զրույցում «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը, խոսելով Փաշինյանի հնչեցրած այս շեշտադրումների մասին, նախ անդրադարձավ Սանկտ Պետերբուրգ մեկնելու՝ Փաշինյանի դրդապատճառներին։

«Փաշինյանը հասկացավ՝ այս անգամ Սանկտ Պետերբուրգ չմեկնելը Մոսկվան կհամարի բացահայտ մարտահրավեր, ինչին կհետևեն ռուսական կողմի պատժիչ գործողությունները, որովհետև Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից էլ ավելի է մեծանում։ Ինչ վերաբերում է Փաշինյանի ելույթի ուղերձներին՝ ապա դրանք ևս մեկ անգամ փաստում են՝ Հայաստանի իշխանությունը փորձում է տնտեսական կախվածությունը Ռուսաստանից պահել, իսկ անվտանգային առումով՝ այլ բան անել, ինչին ի պատասխան՝ Մոսկվան հասկացնում է՝ սխալվում են»,- մանրամասնեց Խալաթյանը։

Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգ մեկնելուց մեկ օր առաջ հրապարակվեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի՝ Վրաստանի հեռուստատեսությանը տված հարցազրույցը, որտեղ անդրադառնալով մեր երկրին՝ ասել էր, թե Հայաստանը շատ հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը և իրեն հեռու պահել Մոսկվայի հետ հարաբերություններում: Հայկ Խալաթյանի գնահատմամբ՝ այս հանգամանքն ապացուցում է, որ Հայաստանի իշխանությունը գնում է այդ ճանապարհով, պարզապես մտածում են, որ Մոսկվայի հետ կտրուկ քայլերը կարող են հանգեցնել պատասխան կոշտ քայլերի՝ տնտեսական ոլորտում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս