2024թ. բեկումնային է Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև Հարավային Կովկասի համար․ Գոգոլաշվիլի
«Ակնկալվում է, որ 2024 թվականը Հարավային Կովկասի համար վճռորոշ տարի է լինելու»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց վրացի եվրոպագետ, ռեգիոնալ հարցերով վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին։
Նա վստահեցնում է, որ Հարավային Կովկասում գլխավոր զարգացումները Հայաստանի ու Ադրբեջանի շուրջ են տեղի ունենալու, որոնք պատրաստվում են Խաղաղության համաձայնագիր ստորագրել։
Նրա խոսքով, ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում սա կարևոր իրադարձություն է թե Արևմուտքի, թե Ռուսաստանի և ռեգիոնալ այլ երկրների համար, այդ թվում՝ Վրաստանի, որն իր հերթին՝ փորձում է գործընթացին ինչ-որ կերպ մասնակցել։
«Սակայն Ուկրաինայում շարունակվող պատերազմից, Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում զարգացումներից ու Պուտինի դիրքերից շատ բան է կախված նաև Հարավային Կովկասում։ Եթե Խաղաղության համաձայնագրի ստորագրումն առաջիկա երկու ամիսների ընթացքում տեղի չունենա, ապա չի բացառվում նաև, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակ փոխվի և գործընթացը երկարաձգվի։
Ըստ իս՝ սա բեկումնային փուլ է երկու երկրների համար։ Եթե չստորագրեն, և աշխարհաքաղաքական իրավիճակ փոխվի, դա կարող է շատ խաղաքարտեր խառնել, քանի որ նույնիսկ առանց փոփոխությունների՝ Արևմուտքին դժվար են տրվում Հարավային Կովկասում ազդեցությունը խորացնելու փորձերը, որոնց վերջնանպատակը ՀՀ-Ադրբեջան Խաղաղության համաձայնագրի գլխավոր միջնորդը լինելն ու համաձայնագրի երաշխավորը դառնալն է։
Այս հարցում Երևանն իրեն գործընկեր է տեսնում Արևմուտքին, իսկ Բաքուն՝ ոչ։ Եվ եթե նույնիսկ համաձայնագիրը վերջնականապես համաձայնեցվի, դժվար է պատկերացնել, թե ով է լինելու միջնորդը և երաշխավորը։
Կարող ենք ենթադրել, որ Բաքուն կցանկանա, որպեսզի երաշխավորներ և միջնորդներ չլինեն, իսկ Երևանը՝ ընդհակառակը։ Եվ եթե չլինեն միջնորդներ, այս համաձայնագիրը կողմերին ոչինչ չի տալու, և խաղաղության մասին խոսել չի հաջողվելու։
Թե որ երկիրն այս հարցում կզիջի՝ արդեն ցույց կտա ժամանակը։ Սակայն, բացի Խաղաղության համաձայնագրի բովանդակությունից, կարևոր հարց է նաև միջնորդի հարցը։
Ավելորդ է նշել, թե այս հարցից որքան բան է կախված հարավկովկասյան ռեգիոնում»,- նման կարծիք հայտնեց Կախա Գոգոլաշվիլին։
Նա նշեց, որ 2023թ. ընթացքում Արևմուտքը չափազանց ինտենսիվ ու արդյունավետ աշխատանք է տարել Հարավային Կովկասում, եղել է արագ արձագանքող, ներգրավված, նախաձեռնող, ինչը հանգեցրեց նրան, որ Արևմուտքի ազդեցությունն էականորեն ավելացել է։
«Սա բերել է նաև նրան, որ ռեգիոնում ավելացել է դիմադրությունը, ինչը ևս սպասելի էր՝ հաշվի առնելով Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններն Արևմուտքի, ինչպես նաև՝ ավանդական կապը Հարավային Կովկասի հետ։
Այս տարի շարունակվեց Վրաստանի ներքաշումը 3+2 ձևաչափ, ինչպես նաև Արևմուտքի կողմից փորձերը, որպեսզի Վրաստանը միանա հակառուսական պատժամիջոցների և մի շարք այլ քայլերի, Վրաստանը կարողացավ մի փոքր հեռադիր պահվածք դրսևորել, իհարկե, դաստապարտելով ՌԴ քաղաքականությունը։ Կարող ենք ասել, որ որոշ էպիզոդներով աշխարհաքաղաքական մրցակցության թիրախ էր նաև Վրաստանը։ Մեր նման երկրների համար բարդ է նման փուլերում պահպանել այդ դիրքորոշումները՝ ելնելով սեփական շահերից, քանի որ դրանք յուրաքանչյուր անգամ մեծ ընդվզում են առաջացնում։
Վրաստանը ԵՄ-ի հետ բազմաթիվ խնդիրներ ունեցավ, թեև Վրաստանը չի փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը, ավելին՝ է՛լ ավելի հավատարիմ է իր եվրաատլանտյան ընտրությանը։ Հուսանք, որ 2024թ. ավելի թեթև կլինի այդ մասով և աշխարհաքաղաքական բևեռացումը մի փոքր կթուլանա»,- նկատեց նա։