2024 թվականին Իրանի մասնակցությամբ Հարավային Կովկասում կարևոր զարգացումներ են սպասվում․ իրանցի վերլուծաբան

Իրանցի քաղաքագետ Ալի Սալամին գտնում է, որ 2024 թվականին Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական գործընթացները զարգանալու են մեկ ուղղությամբ և տալու են մեկ հարցի պատասխան։

168am-ի հետ զրույցում նա նշեց, որ, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի պարզ կդառնա, թե արդյո՞ք ռեգիոնալ երկրներին հաջողվում է ռեգիոնը զերծ պահել արտաքին լուրջ միջամտությունից ու ազդեցությունից, թե՞ ոչ։

«Անցնող տարին հայ-իրանական հարաբերությունների համար ավարտվում է Փաշինյան-Ռաիսի հեռախոսազրույցով, որի առանցքում հենց այս հարցն էր, քանի որ Արևմուտքը Հարավային Կովկաս է փորձում ներթափանցել հենց Հայաստանի միջոցով։ Ինչո՞ւ է կարևորվում Հայաստանը և ոչ Վրաստանը, քանի որ Հայաստանը հետսովետական գոտում Ռուսաստանի վստահելի դաշնակիցներից ու հենակետերից է եղել տասնամյակներ շարունակ, ու դա վերջին տարիներին սկսել է փոփոխություններ կրել՝ փոխելով Հարավային Կովկասի ողջ պատկերը։ Այս գործընթացն անհանգստություն է առաջացնում Իրանի մոտ, որն էլ իր հերթին է ավելի ակտիվ, փորձելով իր շահերն իրացնելու հնարավորություններ գտնել։

2023 թվականին հայ-իրանական բարձրաստիճան քաղաքական շփումները բավականին ինտենսիվ են եղել՝ պայմանավորված հենց այս հանգամանքով, Իրանի բոլոր հայտարարություններում Հայաստանի հետ կապված եղել է երկու շեշտադրում՝ Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինչպես իր տարածքային ամբողջականությանը, և Իրանը դեմ է երրորդ երկրների ներկայությանը Հարավային Կովկասում, ինչպես նաև այս ռեգիոնի աշխարհաքաղաքականության փոփոխությանը։

Սակայն դա արդեն տեղի է ունեցել մասամբ, և Իրանն այս հարցով բավարարվել է հայտարարություններով՝ հաշվի առնելով հարաբերությունների այն բարդ իրավիճակը, որը կա Ադրբեջանի ու Հայաստանի միջև։

Կարծում եմ՝ եթե ռեգիոնում հնարավոր լիներ մեղմել սուր անկյունները, Արևմուտքի ազդեցությունը չէր լինի այնպիսին, ինչպիսին ներկայումս է, ուստի ռեգիոնալ երկրները, կարծում եմ, բավականին ուշացել ու թերացել են»,- նման տեսակետ հայտնեց իրանցի վերլուծաբանը։

Սակայն, ըստ նրա, որքան էլ ուշացած է «3+3»-ի ուղղությամբ դիվանագիտական աշխատանքը, այնուամենայնիվ, այս տարի Իրանը, Ռուսաստանը ու Թուրքիան էլ ավելի ակտիվ առաջ կմղեն «3+3» պրոյեկտը։

«Իրանն ու Ռուսաստանը հարաբերությունների նոր, մեծ համաձայնագիր են մշակում, սա էական իրադարձություն է, հուսանք, որ այն կվերջնականացվի հաջորդ տարի՝ դառնալով էական ռեգիոնալ իրադարձություն։ Կարևոր է նաև Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ է ստեղծում Իրանի ու ԵԱՏՄ երկրների միջև, խորացնելով, առաջին հերթին՝ քաղաքական կապերը, դա վերաբերում է Հայաստանին և Ռուսաստանին։ Ուստի 2024-ին Հարավային Կովկասում Իրանի մասնակցությամբ սպասվում են մի շարք էական զարգացումներ»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս