«Այս նախագիծը ներկայացնելն Ալիևի խելքի բանը չէ, նա ուղղակի այդ ամենը լավ կատարող է». Մարիամ Ավագյան
Դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի Մեջլիսը հայտարարություն է ընդունել «արևմտյան ադրբեջանցիների», այսպես կոչված, «իրենց պատմական հայրենիք վերադարձի» վերաբերյալ։
Այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի 23 պատգամավորների պատրաստած հայտարարության տեքստն ընթերցել է «Արևմտյան Ադրբեջան» կոչվող համայնքի վարչության նախագահ, Միլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին։
Հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանցիներն իբրև թե դարեր շարունակ ապրել են ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում։
Հայտարարության մեջ ներկայացվել են նույնիսկ կեղծ պատմական փաստաթղթեր ու քարտեզներ, որոնք իբրև թե վկայում են, որ ՀՀ-ում բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներ են եղել, իսկ տեղանուններն իբրև թե ադրբեջանական են։ Հայտարարության հեղինակների կարծիքով՝ ներկայիս Հայաստանի տարածք արևմտյան ադրբեջանցիների վերադառնալու իրավունքի ճանաչումն Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ձևավորման գործիք կարող է դառնալ։
Այս ամենին ի պատասխան՝ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը, ինչո՞ւ պետական մակարդակով Ադրբեջանի կողմի այս կեղծիքին չի տրվում պատասխան, սա ի՞նչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։
168.am-ի հետ զրույցում «Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը խոսելով այս հարցերի շուրջ, նկատեց՝ ով աշխատում է, նա էլ առաջ է գնում։
«Այս պրոյեկտը՝ «Արևմտյան Ադրբեջանը», Հայաստանի պետականությունն ավերելու նախագծի նոր ձևն է, նոր մոդիֆիկացիան։ Առնվազն այն պահից, երբ իշխանության է եկել Ալիև կրտսերը, դա դրվել է շրջանառության մեջ։
Մի պահ վերադառնանք 1915-1923 թվականները, երբ Հայոց ցեղասպանության մեջ նաև հայկական պետականության վերացման հարցը կար դրված։ Արևմտյան Հայաստանում պետականություն ստեղծելու հնարավորություն չկար, Արևելյան Հայաստանում 1918 թվականին թուրքական կանոնավոր բանակը հասավ Գանձակ ու ստեղծեց Ադրբեջան դեմոկրատական կոչվող հանրապետությունը՝ Գյանջա մայրաքաղաքով։ Այնուհետև հասավ դեպի Բաքու, որտեղ ոչնչացրեց հայկական քաղաքական միտքը, արդյունաբերական ու մշակութային միտքը։ Այդ ժամանակ 30 հազար հայ սպանելուց հետո, Բաքուն հայտարարեցին նորահռչակ, այսպես կոչված, Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք։ Իսկ արդեն 1920 թվականին հարձակվեցին հայկական պետականության վրա և բոլշևիկների հետ Հայաստանի վզին փաթաթեցին խորհրդայնացման ընթացքը, խորհրդայանացումն էլ անմիջապես ծառայեց հայկական պետականության վերացմանը։ Եղավ 1921 թվականի պայմանագիրը, դրան հետևեց Մեծ Ղարաբաղի 17.000 քկմ տարածք պոկելու ընթացքը, որին էլ հաջորդեց Կարսի պայմանագիրը»,- նշեց Մարիամ Ավագյանը։
Ըստ նրա, հայկական պետականության վերացումը եղել է թուրքական և ռուսական կայսրության անմիջապես թիրախում, և այս ամենին անմիջապես գալիս է փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը։
«Իհարկե, Հեյդար Ալիևը խոշոր դեմագոգ ու հայատյաց անձ էր, Իլհամը՝ նույնպես, հետևաբար՝ կարծում եմ, որ այս նախագիծը ներկայացնելն Ալիևի խելքի բանը չէ, նա ուղղակի այդ ամենը լավ կատարող է։ Վստահ եմ՝ այստեղ իսրայելյան, թուրքական ու կրեմլյան ջանքեր են ներդրված։ «Արևմտյան Ադրբեջանը» լավ մշակված ու շատ լավ մատուցվող նախագիծ է, որը մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար՝ հիմա էլ հորինված «փախստականների» անվան տակ։
Հիմա հայկական կողմին պահանջ են ներկայացնում, որ պետք է այդ «փախստականները» վերադառնան՝ 300 հազարին մոտ թիվ են նշում Ադրբեջանից։ Ադրբեջանը չունի փախստական ո՛չ ՀՀ-ից, ո՛չ 7 շրջաններից, ո՛չ էլ ԼՂԻՄ-ից: Արդեն 35 տարի է, մենք գոնե մեկ անգամ իրավական հողի վրա չխոսեցինք հայ փախստականների մասին, հիմա էլ շարունակում ենք չխոսել, ու վերջ։ Պետք է Խորհրդային Ադրբեջանում հայերի հետ տեղի ունեցած ցեղասպանությունը ճանաչի ՀՀ խորհրդարանը, բայց այսօր խորհրդարանում ո՛չ իշխող ուժը, ո՛չ ընդդիմությունը նման կամք չի ցուցաբերում։
Ժամանակին իմ ընկերներից մեկը՝ մտավորականության հսկաներից մեկը, ասաց, որ պատմության դասագրքերը պինդ պահեմ, ասաց՝ «պլանկան» երբ փոխեն, հայոց պատմության դասագրքերն աղավաղվելու են, այսօր դա մենք տեսնում ենք։
Սումգայիթի ջարդերն աղաղակող ոճրագործություն է մարդկության դեմ, դրա մասին ո՞վ է խոսում՝ ոչ մեկը։ Մեր խոսքը Ժնև ու Բրյուսել չի հասցվում, մենք որևէ ձևով չենք հակադարձում։ Եթե կա ներքին դավադիր ծրագիր, որ Հայաստանի պետականությունը պետք է ոչնչացվի «Արևմտյան Ադրբեջան» դավադիր ծրագրով, ուրեմն՝ ձեռքները ծալած թող նստեն»,- եզրափակեց Մարիամ Ավագյանը։