«Արցախահայերի մասսայական վերադարձ դեպի Արցախ չի լինելու, քանի դեռ Արցախը բռնակցված է Ադրբեջանին». Հովիկ Ավանեսով
Ալիևը շարունակում է տարբեր առիթներով արցախահայերի Արցախ վերադառնալու համար առաջ քաշել անտրամաբանական նախապայմաններ։ Ըստ նրա, «եթե արցախահայերը վերադառնան Արցախ, ապա ադրբեջանցիներն էլ պետք է վերադառնան Հայաստան»։ Ալիևի այս հայտարարությանն արդեն հայաստանյան ու արցախյան փորձագիտական շրջանակներից հակադարձումներ եղել են, սակայն պաշտոնական մակարդակով ՀՀ իշխանությունները դեռ չեն արձագանքել։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, պատմաբան Հովիկ Ավանեսովն ասաց, որ արցախահայերի՝ Արցախ վերադառնալն ու ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալը համադրելի չեն։
«Ի տարբերություն ադրբեջանցիների, արցախահայերը բռնի տեղահանվել են իրենց բնօրրանից, ընդ որում, ենթարկվել են էթնիկ զտման ու ցեղասպանական գործողությունների։ Սա ոչ միայն հայկական տեսակետ է, ինչպես պնդում էԱդրբեջանը, այլև միջազգային։ Վերջերս տեսանք «Human Rights watch»-ի հրապարակած հայտարարությունը՝ այն հատուկ զեկույց է, որտեղ հստակորեն նշվում է, որ այն, ինչ Արցախում տեղի է ունեցել, դա պարունակում է էթնիկ զտման տարրեր։ Իսկ դրանից առաջ երկու զեկույց հրապարակել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Երկու զեկույցներից մեկն Օկամպոյինն է, իսկ երկրորդը՝ Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ միասին է հրապարակել։ Այդ զեկույցներում հստակորեն ներկայացված է Արցախում տեղի ունեցածը՝ որպես ցեղասպանական գործողություն, ինչպես Արցախի շրջափակումը, այնպես էլ՝ արցախահայերի բռնի տեղահանությունը։
Միջազգային իրավունքի համաձայն՝ արցախահայերի վերադարձը հայրենի բնօրրան պետք է տեղի ունենա առանց որևէ նախապայմանների Ադրբեջանի կողմից»,- նշեց Հովիկ Ավանեսովը։
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Արցախի անկախությունը հռչակվել է միջազգային իրավական նորմերի համաձայն և Խորհրդային Միության փլուզումից հետո Արցախը, ինչպես մյուս միութենական հանրապետությունները, իրենց անկախությունը հռչակել են միջազգային իրավական սկզբունքներին համապատասխան։ Ավելին՝ իրավական տեսանկյունից Արցախի անկախության հռչակագիրը և անկախության հետ կապված իրավական ամբողջ թղթապանակն ավելի լեգիտիմ է, քան Ադրբեջանինը։ Հետևաբար՝ այս տեսանկյունից խոսել նախապայմանների լեզվով՝ առնվազն անընդունելի է։
«Արցախահայերի Արցախ վերադառնալու առաջին նախապայմանն առնվազն պետք է լինի այն դեպքում, երբ վերականգնվի Արցախի ստատուս-քվոն այն պայմաններով, ինչպես եղել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առաջ։ Այլ պարագայում արցախահայերի վերադարձն իր մեջ պարունակելու է շատ մեծ վտանգներ։ Ցանկացած պարագայում, երբ խոսվի արցախահայերի վերադարձի մասին, պետք է հստակորեն նշվի, որ ամբողջ ղեկավարման, անվտանգային համակարգը պետք է վերահսկելի լինի արցախահայերի կողմից։ Այլ պարագայում նույնիսկ միջազգային որևէ խաղաղապահ ուժ չի կարողանալու ապահովել արցախահայերի անվտանգությունը։ Միջազգային խաղաղապահ ոժերի ներկայությունն Արցախում պետք է լինի զուգահեռաբար՝ արցախահայերի անվտանգությունն ապահովող հայկական ուժերի առկայության պարագայում»,- հավելեց Հ. Ավանեսովը։
Հովիկ Ավանեսովը ցավով արձանագրեց՝ ՀՀ իշխանությունն Արցախի նախկին ստատուս-քվոն վերականգնելու համար ոչինչ չի անում, և քանի դեռ Հայաստանում չկա հայկական օրակարգով առաջնորդվող իշխանություն, բնականաբար, այդ հարցը քննարկվելու է զուտ այլ ձևաչափերով՝ այն կառույցներում, որոնք որոշակի առումով զբաղվում են նման հարցերով։
«Քանի դեռ չունենք հայկական օրակարգով առաջնորդվող իշխանություն, այդ հարցը պետք է քննարկվի մասնագիտական տարբեր շրջանակների կողմից և բարձրաձայնվի առայժմ նրանց մակարդակով, մշտապես պետք է առաջ տարվի այս թեզը։
Հստակ պետք է բոլորը հասկանան, քանի դեռ Արցախն օկուպացված ու բռնակցված է Ադրբեջանին,արցախահայերի մասսայական վերադարձ դեպի Արցախ չի լինելու, քանի որ այդ պարագայում Ադրբեջանը չի թույլատրելու, որպեսզի հայկական կողմից անվտանգային որևէ մեխանիզմով ապահովվի արցախահայերի անվտանգությունը։ Հուսամ, ՀՀ իշխանությունը լավ է գիտակցում, թե ինչ է նշանակելու ադրբեջանցիների վերադարձ Հայաստան, որովհետև Ադրբեջանը Հայաստան կբերի այն մարդկանց, որոնք անգամ խորհրդային տարիներին Հայաստանում չեն էլ բնակվել։ Այսինքն՝ բերելու են այն անձանց, որոնք նախկինում դատապարտվել են ծանր հանցագործությունների համար, մի խոսքով՝ հանցագործ տարրեր, որոնք մեծ սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար»,- շեշտեց Հովիկ Ավանեսովը։
Միաժամանակ նա ասաց, որ իրավաբանների մակարդակով պետք է նախ հայտնեն ճշմարտությունը, որ Հայաստանից հեռացած ադրբեջանցիների և իրենց բնօրրանիցբռնի տեղահանված արցախահայերի միջև չպետք է ընդհանրություն դրվի, քանի որ ադրբեջանցիներին որևէ մեկը բռնի չի տեղահանել Հայաստանից, նրանք հեռացել են իրենց կամքով՝ իրենց գույքը վաճառելով՝ ի տարբերություն արցախահայերի։
«Ադրբեջանն իր այս քաղաքականությունն առաջ է տանում «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրն իրականացնելու համար, որին ՀՀ իշխանության կողմից չկա որևէ հակադարձում։ Ադրբեջանն իր այդ ծրագիրը ներկայացրել է, նախ պետք է ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, և նրանց անվտանգությունը պետք է ապահովեն այն երկրի անվտագային ուժերը, որին Ադրբեջանը վստահում է։ Մեզ հայտնի է, որ խոսքը Թուրքիայի մասին է։ Այս ամենը բավականին մեծ սպառնալիք է և որևէ պարագայում տուրք տալը նման քաղաքականությանը և մտածելը, որ դրանով խաղաղություն կհաստատվի՝ առնվազն միամտություն է։ Մեկընդմիշտ պետք է հասկանալ, որ Ադրբեջանը չունի խաղաղության օրակարգ»,- եզրափակեց Հովիկ Ավանեսովը։