Խաղաղության պայմանագիրը ոչնչով չի տարբերվի նոյեմբերի 9-ի թղթից, նույնն է. Հարցում

Մեր հայրենակիցները չեն կիսում Ադրբեջանի պաշտոնյաների  և Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տեսակետը, որ երկու երկրները կարող են, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր» կնքել՝ առանց սահմանազատման ու սահմանագծման գործընթացն ավարտին հասցնելու,  քանի որ այդ գործընթացը կարող է տարիներ տևել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Reuters-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ադրբեջանը մեծ խոչընդոտներ չի տեսնում հարևան Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար և կարծում է, որ սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին:

Ադրբեջանցի քաղաքական գործչի այս հայտարարությանը ՀՀ իշխանությունները, ըստ էության, չեն հակադրվել:

168.am-ը փորձեց մեր հանրության ներկայացուցիչներից պարզել նրանց կարծիքը խաղաղության պայմանագրի և այդ գործընթացի մասին:  Հարցման մասնակիցները համոզմունք հայտնեցին, որ այդ ձևով պայմանագիրը կնքելու պարագայում որևէ հարց այդպես էլ վերջնական լուծում չի ստանա:

Կարդացեք նաև

««Խաղաղության պայմանագիր»-ն առանց սահմանները ֆիքսելու կնքել՝ նշանակում է սառեցնել խնդիրները, հետաձգել մի ուրիշ պահի, տեղ ենք թողնում, որ իրենք էլի ինչ-որ պրետենզիաներ ներկայացնեն: Իսկ մեր նպատակն այն է, որ հարցը վերջնական լուծվի, համաձայնության պայմանագիր կնքվի, ապրենք, առաջ գնանք, տեսնենք՝ ինչ է լինում հետո»,- ասաց մեր զրուցակիցը:

Իսկ հնարավոր պայմանագրի փաստաթուղթը, ըստ մեկ այլ քաղաքացու, պարզապես թուղթ է, որը ստորագրելուց հետո որևէ երաշխիք չի ստեղծվում:

«Այդ թուղթը որպես ի՞նչ ստորագրեն: Ուզո՞ւմ եք, մի հատ թուղթ տվեք՝ ես էլ ստորագրեմ: Այդ նույն նոյեմբերի 9-ի պայմանագիրը, որ կնքեցին, ո՞ր կետն են իրականացրել, որ սա անեն: Արարատի մարզում չկարողացան մի հատ գործարան կառուցել: Այսինքն, ստորագրելս ո՞րն է: Բա բարձրացրի՞ք այդ հարցը, որ «ես իմ սեփական տան մեջ իրավունք չունե՞մ կահույքը տեղավորել»: Հարևանս պետք է գա, ասի՝ գիտե՞ս ինչ կա, իմ պատի մոտ չդնես ապրանքդ: Ի՞նչ թուղթ, մոռացեք»,- ասաց քաղաքացին:

Մեկ այլ քաղաքացու համոզմամբ էլ՝ թուրք-ադրբեջանական կողմն անընդհատ ձգձգում է բանակցությունները՝ նորանոր տարածքներ ճանկելու համար:

«Իրենց երազանքն այդ է, որ «Զանգեզուրի միջանցք»-ն իրենց իշխանության ներքո անցնի: Իրենց ուզածով լինի, բայց դա անհնար է, այդպիսի բան չի կարող լինել: Որևէ մեկս չենք ընդունելու, ոչ էլ կթողնենք»,- ասաց մեր հարցման մասնակիցը:

Իսկ խաղաղություն, ըստ նրա, այդ երկրների իշխանությունները չեն ցանկանում որևէ փաստաթուղթ կնքել Հայաստանի հետ: Միևնույն ժամանակ հավելեց, թե որոշողները «մեծ երկրների մեծ ղեկավարներն են», թեև  ինքն էլ ուզում է խաղաղություն, բայց արժանապատիվ խաղաղություն:

Հետաքրքրվեցինք՝ իսկ Արցախը կորցնելուց հետո ինչպե՞ս է պատկերացնում այդ խաղաղությունը, արդյո՞ք այն իրական կլինի.

«Եթե հայ ժողովուրդը վերադառնա Արցախ, և հզոր պետությունների կողմից տրվեն անվտանգության երաշխիքները, կարծում եմ՝ այդ դեպքում գուցե հնարավոր կլինի»,- եզրափակեց մեր հայրենակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս