Հայաստանը՝ երկու փուչիկների վրա 

Տնտեսությունների վիճակի, հեռանկարների գնահատման համար տնտեսագետներն օգտագործում են «տնտեսական աճի որակ» հասկացությունը։ Դրանով ցույց է տրվում տնտեսական աճի, տնտեսական ակտիվության կառուցվածքը՝ այն իմաստով, թե ինչ տեսակարար կշիռ ունեն դրանցում գիտելիքի, նոր տեխնոլոգիաների, աշխատանքի արտադրողականության բարձրացման վրա հիմնված ոլորտներն ու ճյուղերը, որքանով է տնտեսությունն իրական նոր արժեք ստեղծում, և հակառակը՝ ինչ տեսակարար կշիռ ունեն ավելի մակերեսային, հիմնարար բնույթ չունեցող ոլորտներն ու ճյուղերը։

Այդ առումով Հայաստանի տնտեսությունը, օրինակ, չնայած արձանագրվող տպավորիչ ցուցանիշներին, մեղմ ասած, անորակ է, քանի որ տնտեսական աճի կառուցվածքում չափազանց մեծ է հանքարդյունաբերության, ծառայությունների ոլորտի, այդ թվում՝ զվարճանքի, շահումով խաղերի, զբոսաշրջության և իրական արժեք չստեղծող այլ ճյուղերի տեսակարար կշիռը։

Հետաքրքիր զուգադիպությամբ, գրեթե նույնպիսի՝ բովանդակային առումով անորակ կամ ցածորակ կառուցվածք ունի նաև Հայաստանի քաղաքական համակարգը։ Ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ քաղաքական դաշտում ցուցանիշների առումով ամեն ինչ տպավորիչ է՝ տասնյակ կուսակցություններ, բազմաթիվ քաղաքական շարժումներ, քաղաքացիական միավորումներ ու նախաձեռնություններ, և այդպես շարունակ։ Քաղաքական դաշտի արտաքին, մակերեսային դիտարկումը ևս տպավորիչ է՝ բուռն բանավեճեր Ազգային ժողովում, քաղաքական ակտիվ քննարկումներ  խորհրդարանից դուրս, հանրահավաքներ, բողոքի ակցիաներ, ասուլիսներ ու հարցազրույցներ․․․ Բայց ինչպես տնտեսական դաշտում, այնպես էլ քաղաքական համակարգում նոր արժեք, նոր ավելացված արժեք, որպես այդպիսին, չի ստեղծվում։

Երկու համակարգերում էլ գործում է առավելապես իներցիոն սկզբունքը, և ամենակարևորը՝ և՛ տնտեսական, և՛ քաղաքական համակարգերը գտնվում են արտաքին գործոնների չափից ու թույլատրելիից ավելի ազդեցության ներքո։

Կարդացեք նաև

Հայաստանի տնտեսության մեջ վերջին տարիներին արձանագրվող բարձր ցուցանիշները պայմանավորված են առավելապես արտաքին գործոններով՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված փախստականներ՝ իրենց հետ բերած ֆինանսական հոսքերով, պատժամիջոցների պատճառով Հայաստանի միջոցով դեպի Ռուսաստան կատարվող վերարտահանումներ, ռուս զբոսաշրջիկների աճ՝ պայմանավորված արևմտյան երկրների կողմից ռուսների համար ստեղծված մուտքի արգելքներով, և այլն։ Բոլոր թվարկված և այլ գործոններ ապահովում են փողի ֆիզիկական առկայություն, մեծ շրջանառություն և դրա արդյունքում՝ գեներացվող աճ, որի հիմքում իրական, նոր ավելացված արժեք չկա։

Որոշակի առանձնահատկություններով, բայց մոտավորապես նույն սկզբունքով գործում է նաև քաղաքական համակարգը։ Դրա հիմնական դերակատարները՝ ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմության հիմնական մասը, իրենց գործունեությունը կառուցում են արտաքին աշխարհից՝ Արևմուտքից կամ Ռուսաստանից ներմուծվող ազդակներով, աջակցություններով կամ մերժումներով, և դրանց հիման վրա գեներացնում են իրենց քաղաքական օրակարգը։ Երկու դեպքում էլ զարգացումների հիմքում ընկած են մեծ մասամբ արհեստական և ամենակարևորը՝ արտաքին գործոնները, որոնք, որպես այդպիսին, ձևավորում են «փուչիկի էֆեկտ»։

Քաղաքական և տնտեսական համակարգերի այս ինդենտիկությունը զուգադիպություն է միայն առաջին հայացքից։ Իրականում դրանք իրար հետ կապված են դիալեկտիկական կապով  և պայմանավորում են մեկը մյուսին։

Այն առանձնահատկությամբ, որ իրական, որակական փոփոխություններ կարող են լինել միայն քաղաքական համակարգի հիմնարար վերափոխման դեպքում, ինչը կարող է հանգեցնել նաև տնտեսական համարժեք փոփոխությունների։ Հակառակ դեպքում հասարակությունը մի օր կարող է արթնանալ կամ տնտեսական, կամ քաղաքական, կամ երկու համակարգերի՝ միաժամանակյա պայթյունից, որովհետև բոլոր փուչիկները պայթելու հատկություն ունեն։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս